Լինելու են ընտանեկան բռնության գծով մասնագիտացած ոստիկաններ

Լինելու են ընտանեկան բռնության գծով մասնագիտացած ոստիկաններ
Ընտանեկան բռնության մասին օրենքը, որի քննարկումն ԱԺ-ում ակնկալվում է դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում, թերեւս կլինի այս տարի ԱԺ-ի դատին ներկայացված վերջին աղմկահարույց օրենքը, եթե, իհարկե, անսպասելիորեն այլ օրինագծեր մեջտեղ չբերվեն: Այս փոփոխված նախագիծը բավական հետաքրքրական դրույթներ ունի, որոնք նախատեսում են որոշակի կառույցների ձեւավորում՝ դրանց վերապահելով համապատասխան գործառույթներ: Դրանք են՝ սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը (ԼՀԳՄ-ն), ոստիկանությունը, կրթության, առողջապահության ոլորտների ԼՀԳՄ-ները, խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները` աջակցության կենտրոնները, ապաստարանները: Այսինքն՝ ընտանեկան բռնություն կոչված չարիքը կանխարգելելու համար ներդրվելու է մի ամբողջ բազմաֆունկցիոնալ ապարատ, որը ներխուժելու է բոլոր այն ընտանիքները, որտեղ, պատկերավոր ասած՝ բզզում է ընտանեկան բռնության «բզեզը»: Oրենքը նախատեսում է, որ ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում, մասնավորապես, ոստիկանությունն ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը:



Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը եւ գործունեության այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության պետը: Թե ինչ ձեւվածք եւ գունային լուծումներ է ունենալու այդ համազգեստը, որտեղ է կարվելու, ում դիզայնով՝ դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը, ըստ օրենքի, պետք է նաեւ իր համապատասխան ծառայողների համար թրեյնինգներ կազմակերպի ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովի այլ մարմինների կողմից կազմակերպվող նմանատիպ վերապատրաստումներին իր ծառայողների մասնակցությունը:



Մեր ուշադրությունը գրավեց նաեւ կրթության ոլորտի ԼՀԳՄ-ն, որը նույնպես ուշագրավ առաքելություն ունի: Այն ուսուցիչների եւ դաստիարակների հետ պարբերաբար պետք է անցկացնի ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանիքում բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ: Ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով հիշյալ մարմինը պետք է վերանայի կրթական ծրագրերը եւ բացառի ընտանիքում բռնության խրախուսման դրսեւորումները դասագրքերում եւ կրթական նյութերում, ինչպես նաեւ կրթական ծրագրերում ընդգրկի նյութեր ընտանիքում բռնության բնույթի, ընտանիքի եւ հանրության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաեւ նյութեր՝ ավանդական ընտանիքում արժեքների մասին: Թե որոնք են այդ ավանդական արժեքները՝ նույնպես վիճարկելի հարց է, սակայն ուշագրավ է այն, որ, փաստորեն, բռնության թեման առկա է կրթական ծրագրերում, այլապես դրանք վերանայելու անհրաժեշտության հարց չէր շոշափվի:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**