Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվը դեռ շարունակում է պայքարը

Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվը դեռ շարունակում է պայքարը
Երեւանի թիվ 17 հենաշարժական խնդիրներ ունեցող հատուկ դպրոցում աշխատում են նախկինի պես։ Այս մասին մեզ տեղեկացրեց դպրոցի հատուկ մանկավարժ Նոյեմի Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենք չեն ստացել աշխատավարձ, քանի որ կնիքը հրաժարվում են հանձնել նոր տնօրենին։



Գումար չեն փոխանցել նաեւ դպրոցի աշակերտների համար։ Նոյեմի Խաչատրյանի հավաստմամբ՝ կրթության եւ գիտության նախարարությունից ոչ ոք դպրոց չի այցելել։ Նոր տնօրեն Վերգինե Եսայանի դեմ ըմբոստությունից հետո նրանց ոչ ոք չի այցելել կրթության եւ գիտության նախարարությունից։



Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվն ընդվզել էր եւ չէր ընդունել ԿԳ նախարարի դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին, որին դպրոցի խորհրդի նիստերը տապալելու միջոցով նշանակել են դպրոցի տնօրեն։ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանն էլ մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք կարող են սառեցնել դպրոցի բանկային հաշիվները։