Ագարակաձորում ներդրվել է արտաքին լուսավորության համակարգ

Ագարակաձորում ներդրվել է արտաքին լուսավորության համակարգ
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող` Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, շարունակում է գյուղերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։



Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում ծրագրի առաջին փուլով տեղակայվել է 51 LED լուսարձակ՝ լուսավորելով 1785 մ երկարությամբ տարածք: Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն եւ գյուղապետարան տանող ճանապարհները։



Սահմանապահ եւ հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այսկերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:



Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը եւ գյուղի բնակիչները:



«Համայնքների զարգացումը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ մեզ համար: Տարիների մեր գործակցության շրջանակում այդ ուղղությունը եղել ու մնում է թիրախավորված: Այս ծրագրերի հիմքում ոչ թե կարճաժամկետ աջակցությունն է, այլ գյուղն ու հողի մշակին երկրում ամուր պահելը: Իրականացված աշխատանքի ծավալն ու ներդրված գումարի չափը կարեւոր բաղադրիչներ են, սակայն կա ավելի կարեւոր նպատակ. լավ արարքներն ընդօրինակվելու սովորություն կարող են դառնալ: Գուցե դրա համար ժամանակ ու կամք է հարկավոր, բայց վստահ եմ, որ վաղվա սերունդը գնալու է այդ ճանապարհով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:



Գյուղի փողոցները ամռանը կլուսավորվեն 21:00-02:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-01:00-ն: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: