Առանց նորմալ ֆինանսավորման որակյալ կրթություն չի կարող լինել

Առանց նորմալ ֆինանսավորման որակյալ կրթություն չի կարող լինել

Հարցազրույց ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանի հետ



- Պարոն Մելքոնյան, պետությունը որքանո՞վ կկարողանա ապահովել որակյալ կրթություն՝ 12-ամյա կրթությունն այս տարվանից դարձնելով պարտադիր։ Դրանք մեր երկրում հավասարազո՞ր են իրար։



- Կարծում եմ՝ պետք է նախապատրաստական աշխատանք կատարվեր այս ընթացքում, մյուս կողմից էլ՝ 12-ամյա պարտադիր կրթություն է կոչվում այն իմաստով, որ 12 տարի մարդը, պատանին պետք է լինեն կրթության մեջ, այսինքն՝ հանրակրթության որոշակի ծրագիր յուրացնեն։ Գիտեք, որ գոյություն ունի հանրակրթական ընդհանուր ծրագիր, հանրակրթական մասնագիտացված ծրագիր եւ հանրակրթական ծրագրի մեջ հատուկ կրթության ծրագիր, որն իրականացնում է հատուկ կրթություն։ Եթե նկատի ունենանք այդ բոլորը, մասնագիտացված ծրագրի մեջ մտնում է նաեւ արհեստագործական դպրոցը։ Հիմա ես այս օրենքը հասկացել եմ այսպես, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է 12-ամյա երաշխավորված կրթություն ունենան։ Այսինքն՝ պետությունը պետք է ֆինանսավորի կրթությունը 12 տարի։ Քանի որ իմ աշխատանքային կարիերայի ընթացքում ես եղել եմ նաեւ պրոֆտեխուսումնարանի տնօրեն, ասեմ Ձեզ, որ թանկ հաճույք է ունենալ նման պրոֆտեխուսումնարան, այսինքն՝ այդ վերջին 2 տարիները, որ նախատեսվում է լինել կրթության մեջ, դրանք միջնակարգ պրոֆտեխուսումնարանի տարրերն են, եւ երեխաները 2 փաստաթուղթ էին ստանում՝ մասնագիտական եւ հանրակրթական ատեստատ։ Հիմա ինչքանով դա կհաջողվի, պարզ է միայն այն, որ դժվար խնդիր է պետությունն իր վրա վերցնում, որովհետեւ շատ դեպքերում արհեստագործական դպրոցը ոչ արդյունավետ կլինի եւ կարող է անգամ ձեւական լինել, քանի որ դա պահանջում է տեխնիկական միջոցներ, հատկապես, եթե մեզ անհրաժեշտ են կադրեր՝ արտադրությունում աշխատելու համար։ Դա բավականին ծախսատար եւ դժվարին խնդիր է, եւ չեմ կարծում, որ միանգամից լուծելի խնդիր է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ունենք գյուղական բնակավայրեր, աշակերտների խնդիր, եւ դրանք դժվարություն կարող են առաջացնել։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր երեխայի շահերից պետք է ելնել։ Բացի դրանից, կա նաեւ աշխատանքի, այսինքն՝ սոցիալական խնդիր, մասնավորապես՝ ծնողների կողմից երեխային դպրոց ուղարկելու հարցում։



- Հաջորդ 3 տարիների ընթացքում կառավարության ծրագրով ՀՆԱ-ից կրթությանը հատկացվող ֆինանսավորումը տարեցտարի նվազեցվելու է՝ 2.34-ից հասնելով 1.85 տոկոսի։ Այսքանից հետո ինչպե՞ս կարող ենք ասել, որ պետությունը կարեւորում է կրթությունը։



- Այդ տեսակ կրճատումները ոչ մի կրթության բնագավառի համար չեն կարող ողջունելի լինել։ Ես կուզեի, որ դա բացատրվեր ու հիմնավորվեր, թե ինչու է այդպես, հասարակությունը պետք է իմանա, թե ինչու։



- Կարելի՞ է ասել, որ պետությունը կրթությունն ընկալում է ոչ թե որպես ներդրում, այլ՝ ավելորդ ծախս։



- Ոչ, ես դեմ եմ այդպիսի ընկալմանը, որովհետեւ հնարավորությունների հարց է, ուղղակի պետությունը կարող է պարզ ասել, որ իր հնարավորություններն այդքան են, իսկ թե ինչու են այդքան, դա էլ առանձին հարց է։



- Նախարարության կողմից առաջիկայում մեկնարկելու է «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը, որը պետք է մեծացնի ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ։ Այս տեսակ ծրագրերով որքանո՞վ հնարավոր կլինի վերականգնել ուսուցչի հեղինակությունը մեր հասարակության մեջ։



- Եթե արդյունավետ կազմակերպվի, հնարավոր է, եւ առաջին անգամ չէ, որ ուսուցչի դերի, հեղինակության, վարկանիշի մասին խոսվում է, դա, եթե չեմ սխալվում՝ 2009-ին, երբ դեռ Սերգո Երիցյանը նախարար էր, նախաձեռնեց օրենք ուսուցչի մասին, նույնիսկ գրվեց օրենքի նախագիծ, բայց այդ նախագիծը չանցավ։ Ուսուցչի վարկանիշի բարձրացումը շատ կարեւոր է, եւ դա, իմ կարծիքով, պետք է սկսել վաղ մասնագիտական մանկավարժական կրթությունից։ Այնտեղ առաջինը պետք է ներդրումներ կատարվեն, եւ բուհում էլ լավագույնները պետք է ընդգրկվեն ու սովորեն։ Իհարկե, միջոցները բավարար չեն, բայց, Ձեզ ասեմ՝ եղած միջոցներն էլ որ ծախսվում են ուսուցչի մասնագիտական վարկանիշի բարձրացմանը եւ ընդհանրապես, պետք է արդյունավետ ծախսվեն։ Բոլորն առաջին հերթին աշխատավարձ են ասում, որը քիչ է, բայց աշխատավարձից բացի գոյությունի ունի մասնագիտական նվիրում, մանկավարժ պետք է դառնան այն մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական նվիրում։ Ուսուցիչների վարկանիշը կախված է նաեւ ծնողների վերաբերմունքից, որովհետեւ տարիների ընթացքում, քանի որ գիտելիքի միակ աղբյուրն ուսուցիչն ու դասագիրքն էր, դա մի ուրիշ ակնածանք էր ձեւավորում։ Հիմա՝ ինֆորմացիայի այս դարում, երբ ցանկացած մարդ ստանում է ցանկացած ինֆորմացիա, ուսուցիչն իր դերով պետք է վերածվի սովորել սովորեցնողի, նաեւ ոգեւորողի։ Այսինքն՝ ուսուցչի դերը ոչ միայն հաղորդելն է, բացատրելը, պարզաբանելը, այլեւ ոգեւորելը աշակերտին, բայց ոգեւորելու համար ուսուցիչն ինքը ոգեւորված պետք է լինի։



- Շատ մասնագետների կարծիքով, կրթության ոլորտում փոփոխությունները դեկորատիվ են, ոչ խորքային եւ ուղղված չեն մարդու զարգացմանը։



- Ոչ, մեր կայքում տեղադրված է վերջին ազգային կրթական նախագիծը, որը կառավարության ծրագրի հետ կապված՝ որոշակի վերանայում պետք է անցնի։ Այնտեղ գրված է կրթության առաքելությունը, թե ինչ է սպասվում, ինչ վերջնարդյունքներ պետք է ունենանք, ուղղակի այստեղ խնդիրը նորից հանգում է 2-րդ հարցին՝ դրանց համար միջոցներ են պետք, եւ առանց նորմալ ֆինանսավորման որակյալ կրթություն չի կարող լինել։ Գիտեք, եթե մի ընտանիքում բյուջեն ավելանալու փոխարեն նվազում է, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ այդ ընտանիքի բարեկեցությունը բարձրանա, ինչքան էլ որ գումարն արդյունավետ ծախսվի։ Այնպես որ՝ դրանք իրար փոխադարձաբար կապված հարցեր են։ Հիմա, օրինակ, մասնագիտական բարձրագույն կրթության հանդեպ տեսնում եք ոնց է փոխվում վերաբերմունքը, որովհետեւ մարդիկ արդեն դիպլոմի հետեւից չեն վազում, այլ՝ աշխատատեղերի։ Այսինքն՝ մարդիկ տեսնում են, որ աշխատելու համար պետք է լավ կրթություն ստանալ եւ ոչ թե դիպլոմ ունենալ։ Ինչ վերաբերում է հանրակրթությանը, ապա մի մտահոգություն ունեմ, որ այն պետք է մնա հանրակրթություն, ոչ թե բոլորս մտածենք բուհական կրթության տեսակետից, դպրոցը բուհի համար չէ, դպրոցը կյանքի համար է աշակերտին նախապատրաստում։



- Որոշ մանկավարժների դիտարկմամբ, ժամանակին կրթական փոփոխություններից մեկը որ արվեց՝ թեստային համակարգի ներմուծումը, աշակերտների մոտ փչացրեց բանավոր խոսք կազմելու ունակությունը։



- Թեստային համակարգը նույնպես ներդրվել է վարկային ծրագրով, սկզբնական շրջանում թեստերն այնպիսին էին, որ նախատեսում էին մտքի որոշակի ընդարձակ շարադրանք, այսինքն՝ այսօրվա միայն խաչերով նշումների փոխարեն թեստերն ավելի բաց էին, կար ե՛ւ գրելու, ե՛ւ պատմողական մաս։ Բայց, բացառելով կոռուպցիայի հանգամանքը, այդ մասերը հանեցին, որովհետեւ մենք չունենք այդ տեխնիկան, որ ձեռագիր գրում է, ու միանգամից վերածվում է տպագրի։ Դրա համար, ելնելով այդ պահանջներից, կրճատեցին։ Բայց թեստն ինքնին վատ բան չէ կարճ ժամկետում գիտելիք ստուգելու համար։



- 12-ամյա կրթությունը, շատերի կարծիքով, պետք է առաջ տանել մտածելու, բանավեճի ուղղությամբ եւ չծանրաբեռնել ավելորդ առարկաներով, ծրագրերով։ Ի՞նչ կասեք այդ մասին։



- Եթե Դուք նայեք մեր մշակած նախագիծը, կտեսնեք, որ այնտեղ մտցվում են միանգամայն նոր ուսման ձեւեր, օրինակ՝ նախագծային ուսուցում, ստեղծել վաղ մասնագիտացում, բոլոր երեխաները նույն ընդունակությունը չունեն եւ ունեն տարբեր նախասիրություններ, պետք է թողնենք պարտադիրը ավագ դպրոցում։ Ճիշտ է՝ Ռուսաստանում այդ փորձն արեցին, եւ մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ այնտեղ լեզուն ու պատմությունը փորձում էին հանել։ Մեզ մոտ պետք է ստեղծվի ճկուն համակարգ, գիտեք, Հայաստանի դժվարությունն այն է, որ մեր դպրոցները շատ տարբեր են, մեծ տարբերություն կա գյուղական դպրոցների մեջ, նաեւ կոմպլեկտավորված դպրոցների մեջ։ Մենք խնդիր ունենք ամբողջ Հայաստանում հանրակրթությունը պահել-պահպանելու եւ զարգացնելու հարցում։ Պետությունն ընդունում է, որ դրա կարիքը կա, բայց, ցավոք, ինչքան հասկանում եմ կա ֆինանսական բացակայություն, որը պայմանավորված է շատ խնդիրներով։ Բոլոր դեպքերում, մարդկանց պետք է վստահել եւ բացատրել, որ եղածն իրոք խնայողաբար ծախսեն, որպեսզի մենք ձեւական կրթություն չիրականացնենք, այդ ձեւական կրթությամբ մենք իրական կրթությունն ենք կործանում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ