Ես կինոյի նվիրյալ եմ, իմ մտածողությունը կինեմատոգրաֆիկ է

Ես կինոյի նվիրյալ եմ, իմ մտածողությունը կինեմատոգրաֆիկ է

Հարցազրույց ռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ



- Պարոն Խաչատրյան, երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակից տեղեկացրին, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եք կինոփառատոնի տնօրենի պաշտոնից։ Դա որքանո՞վ է առնչվում այն խոսակցություններին, որ պատրաստվում եք հոկտեմբերի 7-ին առաջադրվել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։ 



- «Ոսկե ծիրանն» ստեղծվեց նրա համար, որովհետեւ Հայաստանի կինեմատոգրաֆը վտանգի տակ էր, ֆիլմեր չէին նկարահանվում, չէին ցուցադրվում, «Հայֆիլմը» քանդվել էր, վաճառվել էին բոլոր կինոթատրոնները, մինչդեռ ամենակարեւոր գործիքներից մեկը՝ աշխարհի հետ երկխոսելու համար, կինոն է։ Պետք էր ստեղծել մի միջավայր, որ նորից վերականգնվեր կինոմթնոլորտը, ցանկություն առաջանար կինո նկարելու, աշխարհից գային մարդիկ՝ ծանոթանալու Հայաստանի հետ, բերեին իրենց ֆիլմերը, վարպետության դասեր անեին, որն արվեց եւ վատ չարվեց։ 14 տարի մենք զբաղվեցինք այդ ամենով, բայց հայկական կինոն էլի դուրս էր մնացել աշխարհի քարտեզից, որովհետեւ հայկական կինոյի տեսակը չստեղծվեց։ Հայկական կինոն իմպուլսիվ հաջողություններ ունեցավ, մի քանի ֆիլմեր գնացին փառատոների, մի քանի ֆիլմեր փորձեցին ցուցադրել, նաեւ եղան սուտ ինֆորմացիաներ Կաննի փառատոնի մասնակցության մասին, որը շուկայի հետ ոչ մի կապ չունի, մարդիկ իրենց երազանքներն ուզեցին որպես իրականություն ներկայացնել, բայց այդ իրականությունը, մեծ իմաստով, չունեցանք, եւ ընդհանուր կինոմթնոլորտ չստեղծվեց, չստեղծվեցին այն ֆիլմերը, որ կխոսեին աշխարհի լեզվով՝ աշխարհի հետ։ Եվ այսօր զբաղվել միայն «Ոսկե ծիրանով», շատ մեծ շռայլություն է ինձ համար, որովհետեւ կինոյի նվիրյալ եմ, իմ ամբողջ մտածողությունը կինեմատոգրաֆիկ է, եւ կուզեմ ավելի մեծ գործ անել կինոյի համար, որն իր շուրջ կհավաքեր բոլոր լավագույն փառատոները, կինոդպրոցները, կինոարտադրությունները եւ կօգներ երիտասարդներին, ովքեր վաղուց անտերության են մատնվել։ Եվ քանի որ Կինեմատոգրաֆիստների միությունն իրավունք է տալիս եւ հնարավորություն՝ զբաղվել այդ ամենով, որոշեցի առաջադրվել։ Թեկուզ ժամանակին բավականին գործ արվել է նաեւ սոցիալական հարցերի լուծման առումով, բայց նոր փուլ է եկել, իսկ որպեսզի հայկական կինոն ունենա տեսակ, որակ, ճանաչում, ընդունվի կինոյի մասին օրենք, պաշտպանվեն կինեմատոգրաֆիստների իրավունքները, դրա համար շատերի խնդրանքով՝ կինոինստիտուտի դասախոսներ, դոկումենտալ ստուդիայի, «Հայֆիլմի» աշխատակիցներ, մարդիկ, ովքեր թոշակի են գնացել, եկան ինձ մոտ առաջարկությամբ, որ իմ թեկնածությունը դնեմ։ Սկզբում դա իմ մտքով չէր անցնում, հետո հասկացա, որ մեծ էգոիզմ է մնալ «Ոսկե ծիրանում» եւ հաճույք ստանալ փառատոնը բացել-փակելով։ Հիմա եթե մարդիկ կամենան ու ցանկանան, որ իմ հնարավորությունները ներդնեմ հայկական կինոյի մեջ կաշխատեմ, բայց պետք է ասեմ, որ ծանր աշխատանք է սպասվելու։



- Դե, ցանկացողներ կարծես թե կան, շատերն են դրա մասին բարձրաձայնել՝ թե՛ պաշտոնապես եւ թե՛ ոչ պաշտոնապես։



- Այո, կան, բայց կան նաեւ չցանկացողներ, ովքեր այդտեղ միայն պաշտոն են տեսնում։ Մինչդեռ դա մի մեծ ու ծանր աշխատանք է լինելու, եթե դրան պատրաստ են, թող փորձեն։ Ես պատրաստ եմ դրան եւ գիտեմ, թե ինչպես պետք է անեմ, ում հետ, նաեւ կապեր ունեմ աշխարհի կինոգործիչների, տարբեր կինոմիությունների հետ։ Պետք է մտածել բոլորի մասին՝ թոշակառուներից սկսած։ Ես գիտեմ, որ դա կարող եմ անել, եւ կարծում եմ՝ այլեւս պետք չէր մնալ «Ոսկե ծիրանում», կինոփառատոնը կխանգարեր ավելի գլոբալ նայել թերություններին։ «Ոսկե ծիրանն» իր գործը կատարել է եւ էլի կշարունակի, այնպես որ՝ կարող եմ արդեն հանգիստ թողնել «Ոսկե ծիրանը» վստահելի ձեռքերում եւ զբաղվել ամբողջ հայկական կինոյով, եթե, իհարկե, ցանկանան ու թույլ տան։ Ցանկացողների քանակը թվում է՝ շատ-շատ է, բայց, ինչպես ասում են՝ սատանան գիտի, թե ինչ կա մարդկանց մտքերում։ Եթե իսկապես ուզեն, որ կինոյում լավ լինի, կմիանան, ու կսկսենք փոխել կինոն, լավացնել, աշխատել։



- Եթե դառնաք միության նախագահ, ի՞նչ աշխատանքներ կտանեք, ի՞նչ փոփոխություններ կանեք՝ թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային առումով։



- Դրա մասին կարելի է խոսել ընտրությունների օրը, հետո՝ այդ ծրագրերը, որ կազմում են, բոլորն էլ լավ ծրագրեր են, բայց, դժբախտաբար, ոչ մեկը դրանք չի իրականացնում։ Այսինքն՝ հայկական կինոն ուժեղացնելու, կապն աշխարհի հետ մեծացնելու, սոցիալական ապահովագրությունը շատացնելու, բոլորին միավորելու համար պետք է խմբով աշխատենք, պետք է նաեւ կինոցուցադրություններ, կինոքննարկումներ անենք։ Այնքան շատ գործ կա անելու, որ բոլորին գործ կհասնի, եթե ցանկանան աշխատել։ Պետք է լինի կինոյին նվիրյալ մեկը, իսկ ես կարծում եմ, որ այդ նվիրյալներից մեկն եմ, եւ գիտեմ, թե կինոն ինչ օգուտ է բերելու Հայաստան երկրին, որը շատերը չեն հասկանում։ Այսօր ես կինոյի մասին օրենքի մեջ էլ եմ թերություններ տեսնում, որը ճիշտ խմբագրման կարիք ունի։ Շատ առավելություններ, որ պետք է տեղացի արտադրողներին տրվեն, տրված չեն, մասնագիտական միություններ չկան, հասարակական միությունների գնահատումը, արժեւորումը չկա, դրանց իրավունքների պաշտպանությունը չկա։ Կինոմիությունը պետք է դառնա այն ակումբը, որտեղ բոլորը սիրով կգան ու չեն ուզենա հեռանալ, որտեղից կինեմատոգրաֆիայի հոտ է գալիս, եւ մարդիկ միասին բարեկամներ կդառնան։ Ամպագոռգոռ խոսքեր չեմ ուզում ասել, բայց կարելի է շատ բաներ անել, եւ բոլորն էլ կարվի՝ դահլիճն էլ կվերանորոգվի, իսկ անհանգստությունները, որ ինչ-որ բան կփոխվի դեպի վատը, հնարավոր չէ, բայց վիճակն ավելի լավացնել՝ կարելի է։ Այնպես որ՝ ծրագրեր կազմելը ծիծաղելի բաներ են, որովհետեւ լավագույն ծրագրերը չեն իրականանում, եւ բոլորն էլ իրար շատ նման են, բոլորն էլ խոստանալու են շատ բան, բայց պետք է նայել մարդու անցյալին, թե ինչ է արել մինչեւ հիմա։



- Խոսեցիք «Կինոյի մասին» օրենքից, բացթողումները շա՞տ են։



- Բացթողումները շատ են, եւ, կարծում եմ, բավականին միամիտ էր արված, չմիացող բաներ ուզում են միացնել իրար, որը հնարավոր չէ։ Բիզնեսն ուզում են միացնել ֆիլմարվեստին կամ պետական աջակցությանը, իսկ դրանք տարբեր բաներ են։ Բիզնես ֆիլմերով պետք է զբաղվի միայն մասնավորը, պետական աջակցությունը պետք է լինի միայն արվեստի, կրթության, պրոպագանդայի եւ այլ ֆիլմերի համար։ Շատերը դա չեն ընկալում, բայց դրան պետք է հասնել, կինոյի նման զենքը կորցնելով՝ շատ բան ենք կորցնելու, որովհետեւ այնպիսի վարպետների ներկայությունը, ինչպիսին Փելեշյանն է, Փարաջանովը, Դովլաթյանը, Մալյանը, Երզնկյանը, Հովհաննիսյանը՝ մեծագույն վարպետների մի մեծ շարք, որոնք եթե ժամանակին ավելի շատ պրոպագանդվեին, հայկական կինոն բարձրագույն կինոներից մեկը կլիներ աշխարհում, որովհետեւ ունի իր տեսակը, ձեւը։ Իմ ուշադրությունն էլ կենտրոնացնելու եմ հենց հայկական կինոյի այդ տեսակի վրա, դրա զարգացման, տարածման վրա, կինոօրենքի ճիշտ ընկալման վրա, որովհետեւ շատ վտանգավոր շրջան է եկել․ բիզնես պլան խոսելով՝ կարող է ամբողջ հեղինակային կինոն, որը մեր ամենաուժեղ կողմն է, ոչնչացնեն։ Միայն ֆինանսով, բիզնես պլանով արվեստ չես ստեղծի, աշխարհին չես պատմի քո մասին։ Սա ազգային լուրջ ծրագիր է, եւ պետական աջակցությունը կինոյին չպետք է խառնել բիզնես ծրագրերի ու բիզնես ֆիլմերի հետ։ Աջակցությունը պետք է լինի ազգային կինոյի համար, ազգային պատմություններ պատմելու, վերհանելու համար։



- Խոսակցություններ կան, որ միության նախագահի պաշտոնի համար 15 հոգի ցանկանում է դիմել։ Ի՞նչ եք կարծում՝ բանկում դրված 1 մլն. դոլա՞րն է գրավում կինոգործիչներին, թե՞ այլ արտոնություններ էլ կան։



- Չեմ կարծում, թե շատ կարեւոր է այդ 1 մլն.-ն, դա երեւի ապահովագրական մի բան է, որ մարդկանց սոցիալական, առողջական խնդիրները լուծելու համար է, եւ մտածել դրա վրա, ինչ-որ բան անել՝ պետք չէ։



- Կարծես Ռուբեն Գեւորգյանցն էլ տարիներ շարունակ այդ ուղղությամբ է օգտագործել կապիտալը։



- Նա շատ լավ օգտագործել է դա, սոցիալական ուղղությունը՝ բժշկական ապահովագրությունը, թոշակները, օգնությունը, շատ կարեւոր բաներ են, որ արվել են, եւ կարելի է շատացնել, որովհետեւ կյանքը դժվարանում է։ Բայց պետք է աշխատել գտնել ուրիշ միջոցներ, աշխարհում ֆոնդերը շատ են, մենք այդ բանն արել ենք «Ոսկե ծիրանում», որն ստեղծվեց մերկ ապառաժի վրա, իսկ հիմա ապահովված է անհրաժեշտ բոլոր տեխնիկայով, ցուցադրման սարքերով, մեծ ֆիլմադարանով, մեքենաներով։ Նույնը նաեւ այս դեպքում պետք է անել՝ ֆիլմադարան ստեղծել, կինոյի գրադարան, նաեւ՝ կինոյի թանգարան, տարբեր մասնագետների համքարություններ պետք է լինեն, ամենօրյա գործընթացներ։ Կարծում եմ՝ բոլորն են հասկացել, որ դրա ժամանակը վաղուց եկել է, իսկ ցանկությունն ու աշխատասիրությունը մարդուն կհասցնեն դրան։ Եթե մենք այսօր չվերականգնենք կինոմթնոլորտը Հայաստանում, չօգնենք կինոյի զարգացմանն ու տարածմանը, մեծ մեղք գործած կլինենք։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ