Միակ բանը, որ կխնդրեմ՝ Հայաստանի քաղաքացին չհիասթափվի

Միակ բանը, որ կխնդրեմ՝ Հայաստանի քաղաքացին չհիասթափվի

Այս օրերին Հայաստանում գտնվող կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ է, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի անդամներից էին նաեւ ինքը, իր ամուսին Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Էրիկ Նազարյանը, որոնք ապրիլին դիտորդական առաքելություն էին իրականացնում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հիասթափված հեռացան Հայաստանից, եւ իրենց նախաձեռնությունն ինչ-որ կերպ շարունակելո՞ւ է գործունեությունը Հայաստանում կամ Սփյուռքում։



- Գիտեք, այդ հիասթափությունն անակնկալ չէր, որովհետեւ չէինք երեւակայում, որ Հայաստանը մեր շարժումով մեկ ընտրությունից մյուսը պետք է փոխվի։ Հիասթափությունը բնական բան է հաջորդ քայլի համար, որը մեզ պետք է ստիպի շարունակել մեր գործունեությունը, բայց կարծում եմ, որ մեր այս շարժումը կամ փորձն իրականության մեջ որոշ գիտակցություն ստեղծելու առումով ազդեցություն ունեցավ։ Այն երիտասարդությունը, որ բոյկոտեց ընտրությունները, առանց քվեարկելու, կարծում եմ՝ մեծ սխալ էր նրանց հեռու մնալու այդ մոտեցումը, եւ որ բան չի փոխվում Հայաստանի մեջ։ Ես հավատում եմ, որ Հայաստանի մեջ շատ բան կփոխվի, որովհետեւ մեր երիտասարդության միտքը վառ է։



Այո, մենք ունենք նաեւ սերունդ՝ սովետական տարիների մտածելակերպով, որ հավատում են, թե միայն զորավորը կկարողանա այս երկիրն իր ձեւով պահել։ Բայց այդպես չէ, իրականության մեջ երկիր պահելն ուժի հարց չէ, այլ մտքի, մաքուր փափագի հարց է, կեղծիքները հեռու պահելու հարց է, եւ դա կարելի է անել միայն փոփոխություն բերելով։ Կարող է պատահեր, որ այդ փոփոխությունը, որը պետք է լիներ մեծ, արդյունավետ փոփոխություն չլիներ, որովհետեւ հստակ արձագանքներ չկային, թե ինչ ձեւերով կարող ենք Հայաստանը փոխել, բայց իշխանությունը փոխելն ինքնին մեծ քայլ էր։



Հիասթափությունս այն էր, որ մեր երիտասարդությունը չհավատաց դրան, բայց դրանից անկախ՝ նաեւ ուրախությունս այն էր, որ նոր մտածելակերպով նոր սերունդը, որ ուսում են ստացել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, գիտեն, որ հնարավորություններ կան միասնական, քաղաքացիական շարժումներով փոփոխություններ բերելու։ Իշխանությունը եւ կուսակցական որոշ խմբավորումներ քաղաքացիական շարժումներին դեմ կաշխատեն։ Օրինակ՝ ՀԿ-ները շատ վատ անուն ունեն, բայց բոլոր քաղաքակիրթ երկրներում ՀԿ-ներն ամենահետաքրքիր շարժումների առաջին մասնակիցներն են։ Ուրեմն մենք պետք է հավատանք ու զորացնենք դրանք, որ լինեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ գյուղերում, շրջաններում եւ իրենց ֆիզիկական ներկայությամբ շարունակեն իրենց գործունեությունը։



- Ասացիք, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը շարունակելու է իր գործունեությունը, կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ ուղղությամբ եք ծավալելու ձեր գործունեությունը եւ ինչ ծրագրեր եք մշակում։



- Գիտեք, մինչեւ հաջորդ քայլերն իրականացնելը մի քիչ ժամանակ է պետք, որովհետեւ բոլորս էլ մեծ ճանապարհ անցանք, եւ ժամանակ է պետք նաեւ անդրադարձ կատարելու համար, հասկանալու, թե ինչը ճիշտ արվեց, ինչը՝ ոչ։ Ամեն դեպքում այն, ինչ կառավարությունը խոստացավ, տեղի չունեցավ, եւ այսօր փաստով գիտենք, որ միայն տնտեսական բաղադրիչի միջոցով այս երկրում ոչ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ, եթե մարդու իրավունքների հարցը չլուծվի, ապա որեւէ ձեռնարկ, ներկայացում, որ Հայաստանը մարդասիրության վրա խարսխված երկիր է, չի համոզի։ Առաջին հերթին մենք պետք է կենտրոնանաք մեր երկրի վրա։ Այս բոլոր հարցերն ընտրություններից հետո ժամանակի կարիք ունեն, որպեսզի հասկանանք, թե որն է մեր հաջորդ քայլը։



Բայց, իմ կարծիքով, Սփյուռքի եւ մեր նախաձեռնության հաջորդ քայլը թիկունք դառնալն է մարդու իրավունքների պաշտպանության գծով հասարակական կազմակերպություններին եւ կամ մասնակից դառնալը՝ ապահովելով «Human Rights Watch»-ի ներկայությունը Երեւանում, որն արդեն տեղի ունեցավ, Տորոնտոյում մեծ գումար հավաքեցինք եւ ուղղեցինք դրան, որը ՀԿ չէ եւ օտար կառավարություններից որեւէ մեկից նյութական օժանդակություն չի ստանում, միայն անձնական օժանդակություններ են, եւ այս պարագայում միայն սփյուռքահայերի միջոցներով հնարավոր եղավ ապահովել «Human Rights Watch»-ի ներկայությունը Հայաստանում։ Եթե հիշում եք, 2016 թ․ հուլիսյան դեպքերի ժամանակ «Human Rights Watch»-ը թեեւ Վրաստանից շուտ եկավ Երեւան, բայց հասկացա, որ անհրաժեշտ է Հայաստանի մեջ ունենալ նրա ներկայացուցիչը, որ ժամանակավոր չգա ու գնա, քանի որ նման դեպքերի ժամանակ շատ կարեւոր է նրա մշտական ներկայությունը։ Այսինքն՝ մեր այդ քայլն արդեն շատ շուտ տեղի ունեցավ ընտրություններից հետո։



Հաջորդ քայլն այն է, որ սկսենք հավատալ, որ հասարակական կազմակերպությունները Հայաստանում մեր թշնամիները չեն, հակառակը՝ եթե ժողովրդի, անձերի հետ կապված խնդիրներ կան, լինի դա ԼԳԲՏ կամ կանանց իրավունքների հարցեր, կառավարությունը չէ, որ այդ հարցերով հետաքրքրվում է։ Սրանք մեր ժողովրդի քաղաքացիական մտահոգություններն են։ Կարծում եմ՝ հաջորդիվ իմ ֆեյսբուքյան էջով կսկսեմ այդ ՀԿ-ների գործունեությունները ներկայացնել՝ չմոռանալով նաեւ Ղարաբաղի մասին եւ HALO Trust-ի հետ մաքրելով Ղարաբաղի սահմանները միներից եւ ռումբերից։ Միակ բանը, որ կխնդրեմ, այն է, որ Հայաստանի քաղաքացին չհիասթափվի, չմտածի, որ Հայաստանն ապագա չունի, թողի ու դուրս գա։ Եթե Հայաստանը դատարկվի իր ժողովրդից, մենք չենք կարողանա այն պահել եւ չենք կարողանա նաեւ Գլենդելում Հայաստան ստեղծել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ