Կունենանք նաեւ ամառային օպերային թատրոն

Կունենանք նաեւ ամառային օպերային թատրոն

Կինոբեմադրիչ Ռուբեն Քոչարը, ով վերջին 2 տարում աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բեմադրիչ, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ օպերային թատրոնին կից ստեղծել ամառային բացօթյա օպերային թատրոն, որը կգործի ապրիլի վերջերից մինչեւ հոկտեմբերի կեսերը. «Շատ օրիգինալ տեղ է, եւ մարդու մտքով չի անցնի, որ այդտեղ կարելի է թատրոն սարքել։ Այդ գաղափարն ու նախագիծը, որ ձեռքով նկարել էի, ցույց տվեցի Արմեն Ամիրյանին, ու ինքն այնքան ոգեւորվեց, որ ասաց՝ շուտ արեք, մյուս շաբաթ գալիս եմ ներկայացման։ Բայց, իհարկե, մեր երկրում ամեն ինչ այդքան արագ չի լինում, ժամանակ է պետք։ Իսկ ոգեւորությունը շատ մեծ է, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ է շատ հավանել գաղափարը, ասաց՝ գտնված ծրագիր է։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, ես էլ իմ ամբողջ էներգիան, միտքը դրել եմ դրա վրա, որ ստեղծենք ամառային օպերային թատրոն»։



Ինչպես նշեց Ռուբեն Քոչարը, ամառային թատրոնը շատ մեծ չի լինելու, բեմահարթակն էլ փոքր է լինելու, ուստի բացօթյա թատրոնի համար հատուկ ներկայացումներ են բեմադրվելու՝ նկատի ունենալով դրա չափերը, ինչպես նաեւ՝ տարածքը. «Նստատեղերը կլինեն 250-300, ոչ ավելին, բայց ինչն է կարեւոր․ քանի որ բաց է, փողոցով անցնող մարդիկ դա տեսնելու են»։ Այն հարցին, որ դրսի աղմուկը չի՞ խանգարի թե՛ օպերային եւ թե՛ հանդիսատեսին, Քոչարն ասաց, որ դա հաշվի են առել։ «Կանգնած նայողների թիվը շատ ավելին կլինի, ու այդ հնարավորությունը նաեւ կա, որ կանգնած նայեն»,- ասաց նա ու ընդգծեց, որ բացօթյա օպերային թատրոնը կգրավի ոչ միայն տուրիստների ուշադրությունը, այլ նաեւ մեր համաքաղաքացիների։



Թե կոնկրետ որ մասում է լինելու, Քոչարը փակագծերը չբացեց, միայն նշեց, որ Օպերայի տարածքում է. «Կարծում եմ՝ հատկապես ամառային շրջանում բացօթյա թատրոնի ամեն օրը կլինի մի շոու, այն էլ՝ հիմա, երբ ունենք որակով ու տարբեր լուսային հեռարձակներ՝ շենքի վրա պրոյեկցիաներ անելու համար, համապատասխան գունեղ զգեստներ։ Կարծում եմ՝ դրանից ավելի մեծ պրոպագանդա օպերային մշակույթի համար դժվար գտնվի։ Ամեն դեպքում, ով լսել է՝ հիացմունքով է արտահայտվել»։



Քանի որ երկկողմ ցանկությունն արդեն կա, ի՞նչ է հարկավոր ծրագիրը կյանքի կոչելու համար։ «Մնում են ֆինանսական եւ ինժեներական հարցերը, որպեսզի կառուցվի այդ կառույցը։ Դա իրենից մեծ բան չի ներկայացնում, շատ պարզ կառույց է լինելու, որը, կարելի է ասել՝ բնականից ինչ-որ չափով արդեն գոյություն ունի»,- ասաց նա ու հավելեց, որ եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի անպայման ամառային օպերային թատրոնն իրականություն կդառնա։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ