Շատ լավ բիզնես ծրագիր է, բայց դրանից ի՞նչ է շահելու ազգային կինոն

Շատ լավ բիզնես ծրագիր է, բայց դրանից ի՞նչ է շահելու ազգային կինոն

Մոտ տասն օր առաջ մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Կինոհարաբերությունները կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակը քննարկվել է հրավիրված կինոգործիչների հետ՝ միաժամանակ ակնկալելով օրենքի հետ կապված նրանց առաջարկությունները։ Ի դեպ, օրենքն Ազգային ժողովում պետք է ընդունվի մինչեւ տարեվերջ։



Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը նկատում է՝ նախարարությունից իրենց վստահեցրել են, որ կինոգործիչների բոլոր նկատառումները հաշվի կառնվեն ու կընդգրկվեն օրենքի մեջ։ Եվ պետք է հաշվի առնվեն, քանի որ, ըստ նրա, օրենքի նախագիծը շատ միակողմանի է արված, կիսատ է, խրթին շարադրված։ Ռուբեն Քոչարից հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ունի «միակողմանի է գրված» ասելով, ո՞ւմ շահերն են վեր դասված։ «Խոսվում էր միայն դրսից եկողների, դրսի արտադրողների հարկային արտոնությունների մասին, ով պետք է ներդրում անի ու գա այստեղ նկարահանման, բայց ընդհանրապես չի խոսվում, թե այստեղի արտադրողը, որ, ասենք, հովանավոր կամ գործընկեր է գտել, ինչ արտոնություն պետք է ունենա, քանի որ պետք է քաջալերել նաեւ ներքին ներդրողին։ Դրա համար միակողմանի էր, բայց ես հասկացա, որ կարեւորն այն է, որ «ֆիլմ հանձնաժողովի» հասկացությունն է ամրապնդվում, ու այդ օրենքն էլ կարծես հանձնաժողովի համար է գրված, բայց ազատ կինոարտադրողների կամ ուսանողների մասով խոսք չկա»։



Կինոպրոդյուսեր Նարինե Քոչարը հավելում է. «Օրինակ՝ այնտեղ մի կետ կա, ըստ որի՝ եթե ուզում ես հանրային տարածքներում նկարահանումներ անել, ապա պետք է իրավունք ստանաս նորաստեղծ ֆիլմ հանձնաժողովից, իսկ իրավունք վերցնելը նշանակում է վճարել։ Հստակեցված չէ՝ դա միայն դրսից եկողների՞ն է վերաբերում, թե՞ տեղական կինոարտադրողին նույնպես։ Ըստ իս, տեղական արտադրողի համար այն պետք է լինի անվճար, անգամ եթե իրավունքը տալիս է հանձնաժողովը։ Այլապես բարդանում է ներքին արտադրողի առանց այդ էլ ծանր ֆինանսական վիճակը»։



«Film commission»-ը (ֆիլմ հանձնաժողովը) աշխարհում տարածված հասկացություն է, որը, Նարինեի կարծիքով, դրսում ուրիշ գործառույթներ է կատարում, իսկ այստեղ իր վրա ինչ-որ չափով վերցնում է նաեւ կինոկենտրոնի ֆունկցիաները. «Film commission-ն օգնում է, հատկապես դրսի ներդրողներին, քո երկրում նկարահանումներ իրականացնել, այսինքն՝ նույն քաղաքապետարանից վերցնում է այդ տեղեկանքները, թույլտվությունները, օգնում է գտնել այս կամ այն անհրաժեշտ տեխնիկական եւ ստեղծագործական խումբը, կազմակերպչական, ադմինիստրատիվ գործ է անում։ Եթե film commission-ը լինի այնպիսին, ինչպիսին ամբողջ աշխարհում է՝ համակարգի կինոարտադրությունը, կինոնկարահանումները, հոյակապ կլինի, որը շատ անհրաժեշտ է մեր երկրին, բայց դա երկար տարիների աշխատանք է»։



Անկախ film commission-ի լինել-չլինելուց, Ռուբեն Քոչարը կարծում է, որ «Ազգային կինոկենտրոն» հասկացությունը պետք է մնա. «Չի կարելի «Ազգային կինոկենտրոն» հասկացությունը վերացնել, դա առնվազն քո երկիրը ներկայացնող ձեւակերպում է»։



Նարինե Քոչարն օրինակ է բերում հենց մեր հարեւան Վրաստանը, որն արդեն 10 տարուց ավելի բարձր մակարդակի կինոարտադրություն է իրականացնում. «Վրաստանն Ազգային կինոկենտրոնին զուգահեռ ունի ե՛ւ film commission, ե՛ւ բարձրակարգ մասնագետներ, ե՛ւ մեծ մրցակից է մեզ համար։ Ունի հարկային այդ արտոնությունը՝ հետ վերադարձնելու 20 տոկոսը եւ մինչեւ 10 տոկոսի առավելություն, եթե գովաբանում եւ քարոզում ես վրացական մշակույթը, ֆիլմում երեւում է Վրաստանի դրոշը, ներգրավված են վրացի դերասաններ, սցենարիստներ, ռեժիսորներ։ Հիմա Հայաստանն օտարերկրյա ներդրողին գրավելու համար ավելի շահավետ բան պիտի առաջարկի, որովհետեւ Վրաստանում արդեն ամեն ինչ փորձված է։ Պարզ օրինակ՝ եթե ես լինեմ ամերիկացի ներդրող եւ ոչ թե սփյուռքահայ, որ մտածեմ Հայաստանի մասին, ես կընտրեմ Վրաստանը, որտեղ ավելի էժան են ավիատոմսերը, հյուրանոցները, սնունդը, եւ կստացվի, որ ես ոչ թե 20-30 տոկոս եմ հետ ստանալու, այլ՝ 40։ Վրաստանի կողքին մենք ի՞նչ պայմաններ պետք է առաջարկենք, որ կարողանանք գրավել դրսի ներդրողներին։ Դա բավական բարդ է։ Իսկ օգուտ մեր երկրի համար, անշուշտ, կլինի․ եթե ներդրումներ լինեն, ասենք՝ տարեկան 10 մլն.-ի ներդրում Հայաստանում, դրանից շատ կօգտվեն մեր տնտեսությունը, հյուրանոցային բիզնեսը, ինչ-որ տեղ կաշխատեն նաեւ այն կինոընկերությունները, որոնք տեխնիկա կտան վարձակալության, բայց թե դա ինչպես կնպաստի ազգային կինոյի զարգացմանը, պարզ չէր, ու բոլոր կինոգործիչներին հենց այդ հարցն էր մտահոգում՝ շատ լավ բիզնես ծրագիր է, բայց դրանից ի՞նչ է շահելու ազգային կինոն»։



Թե ինչ հեռանկարներ կան օրենքում ազգային կինոն զարգացնելու ուղղությամբ, ապա, Նարինե Քոչարի կարծիքով, շատ ընդհանրական են դրանք ձեւակերպված. «Պետք է կինեմատոգրաֆը զարգանա, բայց ի՞նչ միջոցով։ Օրինակ՝ իմ առաջարկներից մեկը՝ անպայման ներգրավել հեռուստատեսությունը, որը նաեւ կարեւոր դեր պետք է ունենա։ Այսօր հեռուստատեսությունն արտադրում է իր արտադրանքը՝ հեռուստասերիալներ, ֆիլմեր, եւ մրցակցության դաշտ չի թողնում, փակում է ճանապարհը մյուս արտադրողների համար ու շահագրգռված չէ դրանք ցույց տալու մեջ։ Իսկ եթե օրենքով սահմանվի պարտադիր եթերաժամ, որտեղ պետք է ցուցադրվեն պետական աջակցությամբ ստեղծված հայկական ֆիլմեր, լուսաբանվեն հայ կինոգործիչները, հայկական կինոարտադրության ընթացքը, ապա դա բավականին կաջակցի կինոարտադրությանը եւ կնպաստի նաեւ տեղական կինովարձույթին։ Սրանք պետք է ազգային կինոյի համար լինեն հատուկ արտոնություններ։ Ուսումնասիրելով եվրոպական երկրներում գործող օրենքները՝ տեսնում ես, որ գրեթե բոլոր երկրներում կինոթատրոններում, երբ ցուցադրվում են արտասահմանյան ֆիլմեր, տոմսի վաճառքից որոշակի տոկոս, իսկ Պարսկաստանում մինչեւ 50 տոկոսն ուղղվում է պետական բյուջե, որը կարող է օգտագործվել միայն կինոարտադրության վրա, այդ գումարը չի կարող ծախսվել ճանապարհաշինության վրա, այլ միայն՝ կինոարտադրության։ Այսինքն՝ սա միայն ի օգուտ պետության է, սրանով կլցվի նաեւ պետական բյուջեն։ Այս դեպքում դու շահագրգռում ես թե՛ կինոթատրոնին, թե՛ հեռուստատեսությանը՝ վերցնել եւ ցուցադրել ազգային կինո՝ ազատվելով այդ ավելորդ տոկոս վճարելուց»։



«Հայաստանում ֆիլմ արտադրել, որը լինի ինքնաբավ, դա ուղղակի աբսուրդ է,- ասում է Ռուբեն Քոչարը։- Օրինակ՝ Ռաջ Կապուրն իր հարցազրույցներից մեկում ասում է, որ իրեն հետաքրքիր չէ աշխարհի շուկան, ու նրա կարծիքը․ «Իմ ժողովուրդը սա է ուզում, ես դա եմ անում, նա նայում է»։ Այսինքն՝ կինոթատրոններից եկող գումարն իրեն բերում է միլիոնների շահույթ միայն Հնդկաստանում։ Հիմա, եթե մենք ֆիլմ ենք անում, որ միայն Հայաստանում նայենք, դա մեզ չի բավարարի»։



Ի վերջո, Հայաստանում ապրող եւ ֆիլմեր նկարող կինոգործիչներին օրենքն ի՞նչ արտոնություններ է տալիս։ «Չկա նման արտոնություն, եւ բոլոր կինոգործիչների ընդվզումը դրանից էր բխում,- ասում է կինոպրոդյուսերը։- Օրինակ՝ իմ առաջարկում կա նաեւ մի կետ, որ գոնե վարկային արտոնություն տրվի կինոարտադրողին՝ 5-7 տոկոսի չափով։ Սա նույնպես կզարգացնի տեղական կինոարտադրությունը։ Օրենքի նախագծում բացակայում էր նաեւ ազգային կինոյի սահմանումը, ո՞րն է համարվում ազգային կինո, քանի որ բոլոր օրենքներում լինում է այդ բնորոշումը։ Գրված է պետական ֆինանսավորման մասին, բայց ի՞նչ կարգով է կատարվում, ֆինանսավորվում են ո՞ր ֆիլմերը՝ լիամետրաժները, վավերագրականները, դեբյուտը, կարճամետրաժը։ Կարծում եմ՝ դեբյուտները, օրինակ, ամբողջությամբ պետք է ֆինանսավորվեն, ոչ թե որոշակի տոկոսային հարաբերությամբ։ Գոնե պետք է ընդհանուր դրույթներ գրվեն, հպանցիկ նշվի, թե ինչ հիմունքներով է կազմվում նախագծեր ընտրող հանձնաժողովը, եթե հանձնաժողովի կազմում ես, ապա իրավունք չունես քո պրոյեկտը ներկայացնելու,- ասում է Նարինե Քոչարն ու առանձնացնում մի դրական նկատառում։- Մի շատ լավ կետ կար «Կինոյի մասին» օրենքում՝ հայոց լեզվի պահպանման հարցը, որովհետեւ ֆիլմերը, չգիտես ինչու, կինոթատրոնում ցուցադրվում են ռուսերենով, մինչդեռ ես ինչո՞ւ պետք է գնամ ու ռուսերենով նայեմ ամերիկյան ֆիլմ։ Հիմա այս օրենքում կար այդ կետը, որ ֆիլմերը պետք է ունենան պարտադիր հայերեն ենթագրեր կամ թարգմանություն»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ