Հայոց լեզվի քննության համար ընտրել են ոչ հայ հեղինակի գործ

Հայոց լեզվի քննության համար ընտրել են ոչ հայ հեղինակի գործ

Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի հայոց լեզվի քննակարգի փոփոխությունը, որն այս ուսումնական տարում անցկացվում է փոխադրության ձեւաչափով, մանկավարժների շրջանում դժգոհությունների տեղիք է տվել։



Երեւանի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության հանձնախմբի մանկավարժների կարծիքով, նախ՝ ժամանակն է շատ քիչ եղել ընտրված հսկայածավալ նյութը մեկուկես ժամում փոխադրելու համար, հատկապես, որ մոտ 10-15 րոպեն մանկավարժները հատկացրել են նյութն ընթեցելու վրա, դրանից բացի, աշակերտներին շատ քիչ ժամանակ է մնացել սեւագրելու եւ մաքրագրելու համար։ Տարվա ընթացքում աշակերտները թեեւ գրել են փոխադրություններ, բայց դրանք եղել են փոխադրությունների ձեռնարկից եւ ավելի փոքրածավալ։



Հանձնախմբի մանկավարժները դժգոհ են մնացել, որ հայոց լեզվի քննության համար ընտրվել է նաեւ ոչ հայ հեղինակի գործ՝ Հեմինգուեյի պատմվածքներից մեկը. «Եթե մարդը ծանոթ չլիներ այդ գործին, դժվար կլիներ իր համար վերարտադրելը։ Եվ կարեւոր խնդիրներից մեկը. երբ մենք նյութը տվել էինք երեխաներին, ու նրանք արդեն գրել էին, եկան հատուկ ցուցումներ, օրինակ՝ ընդգծված նախադասություններ, որոնք պետք էր պարտադիր օգտագործել։ Եթե ասենք, որ դրանք ինչ-որ արժեքային համակարգ էին ստեղծում, սխալ կլինի, ուղղակի նկարագրային ինչ-որ բաներ էին, որ պետք է անպայման աշակերտը գրեր, հատկապես խոսքը վերաբերում է բարձր գնահատական ստացողներին։ Պահանջվում էր գրել նախաբան եւ վերջաբան։ Վերջաբանը դեռ հասկանալի է, նյութը կմարսեին եւ կարող էին ինչ-որ եզրակացություն, սեփական կարծիք գրել, բայց նախաբանի հարցում ի՞նչ պետք է գրվեր։ Նախաբան գրելը բավականին դժվար է, ես կասեի՝ գրեթե անհնար։ Բարդ էր նաեւ կետադրությունը, շատ էին երկխոսությունները։ Հեմինգուեյից ընտրված նյութը չի եղել փոխադրությունների ձեռնարկում եւ իր ծավալով ու բարդությամբ գերազանցել է այդտեղ զետեղված թեմաները»։



Ինչպես նշում են մանկավարժները, ստուգման չափորոշիչները նախապես այլ են եղել, փոխադրության ավարտից հետո ուղարկվել են հատուկ ցուցումներ։ Ըստ դրանց՝ առաջնահերթ պետք է գնահատվեր բովանդակային մասը, ապա լեզվական իմացությունը, եթե բովանդակային մասը, անկախ լեզվական իմացությունից, անբավարար է եղել, ապա աշխատանքը գնահատվել է անբավարար։ Այդ մոտեցումը մանկավարժներն օբյեկտիվ չեն համարում, նրանք վստահ են, որ մարդու գիտելիքը, լեզվի իմացությունն ստուգելու ամենալավ տարբերակը թելադրությունն է, ավելին՝ ցանկալի կլիներ, որ հաջորդ տարի, ելնելով այս տարվա ոչ լավ նախադեպից, փոխվեր քննատեսակը, եւ լիներ թելադրություն։



Այդ չափորոշիչների գնահատման հետեւանքով թիվ 52 դպրոցում 20 միավոր չի գրանցվել, թեեւ եղել են լավ աշխատանքներ, բայց հիմնականում գերիշխող են եղել միջին գնահատականները, արդյունքն ավելի ցածր է ստացվել, քան աշակերտների տարեկան գնահատականներն են եղել։



Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը նշում է, որ գնահատման չափորոշիչներն ուղեցույցում տեղադրված են եղել դեկտեմբերից. «Մեր կայքում տեղադրված է եղել ուղեցույցը, թե ինչպիսին պետք է լինի գնահատման սանդղակը եւ ինչպիսի թեմաներից կարող է լինել։ Այնտեղ ասված է, որ փոխադրության նյութը կարող է լինել գործող դասագրքերից կամ նախարարության կողմից երաշխավորված որեւէ ձեռնարկից։ Այս տարի ընտրվել է նյութ, որը եղել է դասագրքից, այսինքն՝ դա իրենց ծրագրային նյութերից է, եւ որեւէ կերպ անսպասելի նյութ չի եղել։ Մեր կողմից մենք հայտարարել էինք, որ նյութը կայքում կտեղադրվի ժամը 9։00-ին, իսկ լրացուցիչ ցուցումները կլինեն 12։30-ին»։ Նա համաձայն չէ, որ նյութի ծավալը մեծ է եղել, իսկ ժամանակը՝ քիչ. «Դա իրենց կարծիքն է, եւ իրենք կարող են այդ խնդիրները ներկայացնել, դա աշխատակարգով սահմանված է եւ հաստատված է նախարարության կողմից, եւ կարծում եմ՝ մեկուկես ժամը, որպեսզի մեկ էջանոց նյութ գրեն, քիչ ժամանակ չէ»։ Ինչ վերաբերում է քննակարգի փոփոխությանը՝ փոխադրությանը, ապա դա ԿԳ նախարարության կողմից ընդունված որոշում է, որը պարտավոր են իրականացնել։ Դարձյալ նախարարության որոշելիքն է՝ հաջորդ տարի կպահպանվի՞ փոխադրության տարբերակը, թե՞ ոչ։



Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը կարծում է, որ փոխադրությունը լավ ձեւ է։ Դա խոսք է, իսկ մարդը պետք է կարողանա խոսք կազմել. «Փոխադրությունն ավելի լավ է, քան չոր ու ցամաք հարցերին պատասխանելը։ Թելադրությունը 2 բան է ստուգում՝ ուղղագրություն եւ կետադրություն, իսկ փոխադրությունն ավելին է ստուգում՝ եւ ուղղագրություն, եւ կետադրություն, եւ բառօգտագործում, եւ քերականական իրողություններ»։ Նա կարծում է, որ այս խնդրի մասին պետք է խոսեն նախեւառաջ ուսուցիչները. «Ինչո՞ւ են ուսուցիչները լուռ նստում, իրենց շահն իրենք պետք է պաշտպանեն, եթե կա մասնագիտական կարծիք, թող հանդես գան ու ասեն»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ