«Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» բիզնես շահը վեր դասեց Հայոց ցեղասպանության թանգարան ունենալուց

«Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» բիզնես շահը վեր դասեց Հայոց ցեղասպանության թանգարան ունենալուց

Շաբաթներ առաջ Washington business journal-ը գրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարանին պատկանող Վաշինգտոնի Ազգային բանկի նախկին շենքը, որն ընդամենը մի քանի փողոց հեռու է գտնվում Սպիտակ տնից, «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» վաճառել է 57 միլիոն դոլարով։ Շինությունը եւ երեք հարակից հողակտորները «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» վաճառել է Lincoln Property Co ընկերությանը։ Ինչպես գրում է պարբերականը, շենքը վերածվելու է հյուրանոցի, որի շինարարության մեջ Cara Investment GmbH ընկերությունը ներդնելու է 48 միլիոն դոլար: Շինվերականգնողական աշխատանքները ղեկավարելու է ճարտարապետ Շալոմ Բարոնեսը: Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Ռուբեն Ադալյանը հայտարարել է, որ այլեւս այդ շենքում չի գործելու թանգարան, երկարատեւ դատական քաշքշուկներից հետո այժմ այլ շինություն են փնտրում:



Գաֆեսճյանի եվ Հովնանյանի հակասությունը ձախողեց ամեն ինչ



Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու նախաձեռնությունը երկար նախապատմություն ունի. շուրջ մեկ տասնամյակ առաջ Ջերարդ Գաֆեսճյանը եւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը, ի դեմս Հրայր Հովնանյանի, որոշում են ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություն` Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր: Նրանք նաեւ համաձայնության են գալիս՝ գնել մի պատմական շենք թանգարանի համար` Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: Սակայն տարիների ընթացքում կողմերը չեն կարողանում համաձայնության գալ որոշակի հարցերի շուրջ: Գործը դանդաղում է, լարվածությունը՝ աճում: Պառակտումը հանգեցնում է խճճված դատավարության, որը տեւում է շուրջ 7 տարի։



Ի վերջո, 2014-ին ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի կողմից «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» վերադարձվում են այն շենքերը, որոնք նախատեսված էին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր կառուցելու համար: Հետաքրքիր է նաեւ, որ իրենց կայացրած որոշման վերջին էջում վերաքննիչ դատարանի ամերիկացի դատավորները հիասթափություն էին արտահայտել անիմաստ դատավարությունների շարքի համար, մասնավորապես գրելով. «Ավելի քան յոթ տարիների ընթացքում իրավաբանական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո կողմերի հսկայածավալ աշխատանքը՝ իրենց երազած թանգարանն իրագործելու համար, թվում է, թե ապարդյուն էր, ինչը շատ ցավալի է»:



Ինչպես այդ օրերին գրել էր «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, երկու հայտնի հայկական կազմակերպությունները բազմամիլիոն դոլարներ վատնեցին միմյանց դեմ դատական քաշքշուկներում, փոխանակ իրենց վեճը լուծեին դատարանից դուրս եւ կառուցեին Ցեղասպանության թանգարան, որը նախատեսված էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ:



Չնայած Ջերարդ Ջաֆեսճյանը բազմիցս հայտարարել էր, որ իր «ջերմ փափագն է» ԱՄՆ մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր կառուցելը, բայց, ինչպես տեսանք, նրա մահից անմիջապես հետո «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» շրջանցեց Գաֆեսճյանի նվիրական երազանքը՝ բիզնես շահը վեր դնելով ամեն ինչից։



Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Ռուբեն Ադալյանին հարցում ուղարկեցինք՝ խնդրելով ներկայացնել այդ վաճառքին նախորդած դեպքերն ու իրադարձությունները․ «Գաֆեսճյան հիմնադրամը» հիմնավորե՞լ է, թե ինչու որոշեց վաճառել շենքը, ինչպես նաեւ խնդրին վերաբերող այլ հարցեր, բայց 6 օր առաջ արված մեր հարցումը դեռ մնում է անպատասխան։



Սա իսկապես ամոթալի գործարք էր



Այն, որ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանին պատկանող շենքի վաճառքը Հայաստանի կողմից ոչ միայն պաշտոնական որեւէ արձագանքի չարժանացավ, այլեւ կարծես այդ փաստն ընդհանրապես անտեսվեց, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով, արտաքուստ պարզ երեւացող այս գործարքն իրականում խորը ճգնաժամային երեւույթների ցուցիչ է։ Իսկ այս տարվա ապրիլի 22-ին, երբ այդ գործարքը տեղի ունեցավ, ինքն ԱՄՆ-ում էր եւ անդրադարձել է այդ հարցին. «Ամենացավալին այն էր, որ դա տեղի ունեցավ այս տարի, իսկ դա նշանակում է, որ գործարքն իրականացնողները հաշվարկել էին դա՝ մի փոքր սպասել 100-րդ տարելիցից հետո, որպեսզի մեծ աղմուկ չլինի։ Դա ակնհայտ էր ինձ համար։ Գտնվելով այնտեղ՝ ես համայնքին էլ ուղղեցի շատ ծանր մեղադրանք՝ ասելով, որ դուք չեք արձագանքում եւ գտնում եք, որ սա ուղղակի բիզնես գործարք է, որտեղ շահույթ է արձանագրվում։ Սա իսկապես ամոթալի գործարք է»։



Նա նշում է, որ վերջին տասը տարիներին մասնակցել է այդ հարցով քննարկումներին, նույնիսկ իր կողմից առանձին հայեցակարգ է ներկայացրել այդ թանգարանը կազմակերպելու համար, փորձ է եղել անգամ Հայաստանի իշխանությունների ներգրավումն այդ երկու կողմերի կոնֆլիկտի մեջ, ինքն էլ երկու անգամ մեկնել է Վաշինգտոն, բայց դադարեցրել է մասնակցությունը՝ չցանկանալով մասնակցել կողմերից որեւէ մեկի գործարքին։ Դեմոյանն ասում է, որ երբ դատավարությունը շահել է Գաֆեսճյան ընտանիքը, ինքը փորձել է բանավոր ճշտել, թե արդյոք ցանկանո՞ւմ են թանգարան ստեղծել։ Նույն բանավոր տարբերակով իրեն փոխանցել են, որ Գաֆեսճյան ընտանիքը չի հրաժարվում թանգարան կառուցելու մտքից, բայց այս տարվա գարնանն արդեն տեղի ունեցավ այս գործարքը.



«Այդ շղարշի տակ իրականացվեց այդ գործարքը։ Մենք կորցրինք շատ լավ հնարավորություն՝ հենց Վաշինգտոնի կենտրոնում ոչ միայն Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալ, այլ նաեւ այդ թանգարանը վերածել մարդասիրական գործողությունները ներկայացնող թանգարանի։ Դա նաեւ իմ հայեցակարգի առանցքն էր, բայց տեղի ունեցավ այս ամոթալի գործարքը։ Ինձ համար զարմանալի է, որ Ամերիկայի մակարդակով որեւէ միահամուռ արձագանք կամ գնահատական չտրվեց դրան։ Բիզնես կանոնի հոգեբանությունն այնպես է, որ դա իրենց անձնական գործն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի միջամտել։ Բայց այս դեպքում դա անձնական չէր, իսկ ամենացավալին այն էր, որ 2 հիմնադիր ընտանիքներն սկսեցին միմյանց դեմ դատավարություն եւ այդ տարիների ընթացքում այնքան գումար ծախսեցին միմյանց դեմ դատաքննությունների ժամանակ, որ հավասարազոր էր մեր՝ Ծիծեռնակաբերդի թանգարանի 10 տարվա բյուջեին։ Սա աներեւակայելի է։ Այս վտանգավոր երեւույթը թերեւս ցուցիչն է այն բանի, որ տակավին Սփյուռքի ներսում դեռ չկա միասնություն, եւ սա լակմուսի թղթի նման ցույց տվեց դա»,- ասում է Դեմոյանն ու ընդգծում, որ մյուս կարեւոր ու վտանգավոր ցուցիչն այն է, որ դեռեւս չի կայացել Սփյուռք-Հայաստան երկխոսությունը, եւ կա փոխադարձ անվստահություն։ Այդ անվստահությունը դրսեւորվում է բոլոր ասպարեզներում, եւ սա նույնպես լրջագույն խնդիր է։ «Ցավոք սրտի, մի բան էլ վստահաբար կարող եմ ասել՝ աշնանը կլինի հերթական Հայաստան-Սփյուռք համաժողովը, կլինեն հերթական ճառախոսությունները, բայց որեւէ ֆունդամենտալ, հիմնային, ռազմավարական ծրագրեր, քայլերի հաջորդականություն չեն մշակվի, ինչպես դա եղել է վերջին 15 եւ ավելի տարիների ընթացքում»։



Դեմոյանը որքանով տեղյակ է՝ ՀՀ իշխանությունների կողմից փորձեր արվել են, որպեսզի 2 կողմերի միջեւ ընթացող վեճը դադարի, եւ թանգարանը կառուցելու ուղղությամբ աշխատանք իրականացվի։ Նույնիսկ առաջարկվել է կտրուկ քայլ, որպեսզի այդ շենքը ժամանակավորապես հանձնվի Հայաստանին, եւ հայկական կողմն իրագործի դա ու հանձնի իրենց։ Բայց այդ առաջարկին ոչ մի կողմն էլ ընդառաջ չի գնացել. «Հասկանալի է, որ այստեղ ավելի տիրապետող է եղել շահ արձանագրելը գործարքի արդյունքում, քան գաղափարախոսությունը՝ ստեղծել Ցեղասպանության թանգարան»։ Թեեւ մի քանի տարի առաջ գործարկվել է թանգարանի կայքը, բայց հասկանալի է, որ դա այն աշխատող տարբերակը չէ, ինչպես որ կլիներ թանգարանը։



Թուրքական գործոնը բացառված է



Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, այստեղ կա 2 մոտեցում. նախ՝ թանգարանի տարածքը «Գաֆեսճյան հիմնադրամի» անձնական գույքն էր, եւ որեւէ կերպ դա ՀՀ-ին չէր կարող առնչվել այն առումով, որ գույքի սեփականատերն էլ որեւէ առումով չի առնչվում ՀՀ-ին։ Ըստ այդմ, որեւէ մեկը չէր կարող նրանց պարտադրել, որ չվաճառեին շենքը։ Սա հարցի իրավական կողմն է, բայց բարոյական առումով, իհարկե, ունեինք բացառիկ հնարավորություն ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում ունենալու լավագույնս ներկայացված Հայոց ցեղասպանության թանգարան, որը կարող էր տարեկան միլիոնավոր այցելուներ ունենալ։ Ըստ նրա, թեեւ դա չիրականացավ, բայց չի նշանակում, որ Վաշինգտոնում չենք ունենալու Ցեղասպանության թանգարան, որովհետեւ գաղափարը վաղուց կա, եւ բացառված չէ, որ մոտ ժամանակներս նոր շենքի փնտրտուքները վերսկսվեն։ Քաղաքագետը չի կարծում, որ Գաֆեսճյաններն ամբողջությամբ հրաժարվեն թանգարան կառուցելու մտքից, գուցե ինչ-որ չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերեն այլ շենք ձեռք բերելու հարցում. «Բայց, իհարկե, դա բացառիկ հնարավորություն էր՝ ունենալ թանգարան ֆանտաստիկ մի վայրում՝ Սպիտակ տնից ընդամենը 3 րոպե քայլելով հայտնվել Հայոց ցեղասպանության թանգարանում»։



Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Գաֆեսճյան ընտանիքն իրեն այդքան չէր իդենտիֆիկացնում հայ ժողովրդի հետ, որքան Ջերարդ Ջաֆեսճյանը։ Դա էր պատճառը, որ նրա ընտանիքի անդամները Գաֆեսճյանի մահից հետո որոշեցին գույքը վաճառել, հատկապես որ երկար ու թանկ դատական պրոցեսների միջով անցան։ Նա նկատում է, որ թե մեր պետությունը, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն անելիք չունեին, քանի որ գույքը որեւէ կերպ չէր առնչվում Հայաստանի հետ, եւ այդ առումով մեր անելիքները շատ սահմանափակ էին։



Բացի այն, որ սա բիզնես գործարք էր Գաֆեսճյան ընտանիքի համար, հնարավոր համարո՞ւմ է, որ այստեղ գուցե իր դերն է խաղացել նաեւ թուրքական համայնքի գործոնը։ «Թուրք-ադրբեջանական լոբբինգը Վաշինգտոնում բավականին ակտիվ է, եւ նրանք մշտապես փորձել են պայքարել ու դեմն առնել բոլոր այն նախաձեռնությունների, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Բայց ես, անկեղծ ասած, ուսումնասիրություններ եմ արել եւ ոչ մի հետք չեմ գտել, որ դրա գնորդները կարող էին լինել թուրքերը։ Այնպես որ, չեմ կարծում, որ այս հարցում լուրջ ազդեցություն են ունեցել»։



 Սոնա ԱԴԱՄՅԱՆ