Օպերայում թեեւ չունեն ապացույցներ, բայց գիտեն, թե ովքեր տապալեցին «Գայանե» բալետը

Օպերայում թեեւ չունեն ապացույցներ, բայց գիտեն, թե ովքեր տապալեցին «Գայանե» բալետը

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչու տապալեց հունիսի 8-ին նախատեսված «Գայանե» բալետը։ Թեեւ կատարվածը դատապարտեցին բոլորը՝ նախարարից մինչեւ թատրոնի կոլեկտիվ, բայց դրանից ներկայացման ձախողման պատճառներն ու պատասխանատուներն ի հայտ չեկան։ Ու մինչ այս օրերին նվագախմբի երաժիշտները բացատրագրեր էին գրում, թե ներկայացման օրը որտեղ եւ ինչով են զբաղված եղել, լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին հերթական նամակն ստացվեց, որտեղ հստակ տրվում էին անուններ, թե ով եւ ինչու կազմաքանդեց ստեղծագործական պրոցեսը։



«Այդ օրը նվագախմբի ողջ կազմն ուղիղ ժամը 19:00-ին ներկա է եղել, բացի նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանից եւ նվագախմբի մի քանի անդամներից, ովքեր միտումնավոր չեն ներկայացել` ներկայացումը տապալելու նպատակով: Բանն այն է, որ վերջերս աշխատանքից ազատված Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը` Հրաչ Գրիգորյանը, ով հայտնի է նաեւ «Կլուբնիկ» մականունով, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Գայանե Աբրահամյանի հետ, եւ վերջինս նման խայտառակ ձեւով որոշել է բոյկոտ կազմակերպել՝ ի պաշտպանություն իր ընկերոջ: Նման բան նույն այդ կինն արել է նաեւ նախկինում եւ կարողացել է հասնել նրան, որ աշխատանքից ազատված իր ընկերներին ետ վերադարձնի»,- գրված էր լրատվամիջոցներին հասցեագրված նամակում:



Ինչպես պարզեցինք, թատրոնի կրճատված փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի թե կինը, թե որդին աշխատում են թատրոնի նվագախմբում։ Ի դեպ, որդին՝ Շմավոն Գրիգորյանը, օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրենն է։ Իսկ այդ օրը ներկայացման դիրիժորն է եղել Աթանես Առաքելյանը, ով Հրաչ Գրիգորյանի քենակալն է։ Այլ կերպ ասած՝ ընտանեկան կապերը խորը արմատներ են ձգել օպերային թատրոնում։



Գլխավոր կոնցերտմայստերը վստահ է՝ սա պատվեր է իր դեմ



Նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը շատ վրդովված էր, նա այդ նամակը եւ բոլոր այս խոսակցությունները համարեց ինչ-որ մեկի պատվերը, ապա հավելեց, որ բոլոր մեղավորներին թողել եւ իր անունն են անընդհատ շահարկում. «Ես բացարձակապես կապ չունեմ սրա հետ, բայց իմ անունն է շահարկվում, ես 30 տարի աշխատում եմ այդ հիմնարկությունում եւ բավականին վաստակ ունեմ, ո՞նց կարելի է...»։



Թե ինչու են հենց իր անունը տալիս, եւ ով է դա անում, Աբրահամյանն ասում է. «Ամեն ինչը կապում են Դուրգարյանի հետ, այն, ինչ որ եղել է մի տարի առաջ, երբ ամբողջ նվագախմբով խնդրել ենք մեր դիրիժորին..., բայց հիմա որոշ մարդիկ, ովքեր որ բուն կազմակերպիչներն են, որպեսզի ընդհատակում մնան, չգիտես ինչու, նման բան են անում... սա նվագախմբի հետ բացարձակապես կապ չունի, իսկապես թյուրիմացություն է, եւ տգեղ բան է եղել։ Թող նվագախմբից մեկն ասի, որ ես անձամբ մոտեցել եմ նրան ու ասել եմ, որ չմտնի...»։ Երբ նվագախումբը ցաքուցրիվ ներսուդուրս է արել, ինքը որտե՞ղ է եղել։ «Ես եկել եմ գործի...»,- ասաց Աբրահամյանը, ով անընդհատ կրկնում էր, որ սա պատվեր է իր դեմ։



Գայանե Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե «Գայանե» բալետի տապալումն ո՞ւմ պատվերն էր։ «Չէ, դե հիմա «Գայանե» բալետի տապալումն այնպես եղավ, որ ստացվեց այդ թյուրիմացությունը, ոչ մի պլանավորված բան չկար, քաոսային էր այդ պահը, ասացին՝ բալետը պետք է իջնի՝ հայտարարություն անեն, այդքան բան է եղել, ընդ որում՝ երբ ես եկա, նվագախումբն արդեն դրսում էր»։ Ինչ վերաբերում է իր եւ Հրաչ Գրիգորյանի ընկերությանը, նշեց, որ բոլորն էլ իր մտերիմ ընկերներն են. «Իհարկե, Հրաչը, Կարեն Դուրգարյանը, Գեղամ Գրիգորյանը, Կամո Հովհաննիսյանը, իհարկե, բոլոր դիրիժորները, նվագախմբի անդամները, նրանք բոլորն իմ ընկերներն են»։ Գայանե Աբրահամյանը վստահ է, որ ի վերջո պարզվելու է, թե ով է եղել կազմակերպիչը։



Ոչ ոք չի ուզում անուն տալ



Գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը մեզ հետ զրույցում ասում է, որ բացատրագրերը ոչ մի արդյունք չեն տվել, ոչ ոք չի ուզում ոչ մեկի անունը տալ, ինչը դժվարացնում է գործը. «Բնական է, մենք գիտենք կազմակերպիչներին, բայց առանց ապացույցի չես կարող որեւէ բան ասել ու ապացուցել դա»։ Որտեղի՞ց գիտեն կազմակերպիչներին, եթե ապացույցներ չկան։ «Դա շատ բացահայտ է, բայց մենք էլ հո ոստիկան չե՞նք, որ ուրիշ գործողություններ անենք, հիմա մոլորված՝ չենք հասկանում ինչ պետք է անենք, ամեն դեպքում, այնպես պետք է անենք, որ օրենքի խախտում չարվի, բայց անպատիժ թողնել նման խայտառակությունը, անհնարին է»,- ասաց նա ու նշեց, որ հիմա իր հերթական հանդիպումն է նվագախմբի երաժիշտների հետ, որոնց հետ առանձին հանդիպում է եւ զրուցում։



Ինչպես ընդգծում է Շահինյանը, նվագախմբի 99 տոկոսը ոչ թե չի ցանկացել նվագել, այլ չի էլ հասկացել, թե ինչ է տեղի ունենում. «Այնպես են մոլորեցրել, որ՝ մի վայրկյան համբերեք, հայտարարություն կա անելու, սկզբից խաբել-ասել են՝ բալետը չի ուզում պարել, բայց պարզվում է՝ նման բան չկա։ Կազմակերպիչներն ուզեցել են ավելի խոշոր բան կազմակերպել, որ երգչախումբը, բալետը հավաքվի փողոցում, բայց բոլոր այդ ցեխերը հրաժարվել են նման բանից, ոչ ոք չի ուզում անուն տալ, որը դժվարացնում է գործը»։



Մեր դիտարկմանը, թե եւ մամուլում, եւ թատրոնում արդեն շատ անուններ են շրջանառվում՝ Հրաչ Գրիգորյան, Գայանե Աբրահամյան, Շահինյանը պատասխանում է, որ շատ անուններ կարող են շրջանառվել, բայց դա իրենց ոչ մի բանով չի օգնում, առանց փաստերի չեն կարող մեղադրանք ներկայացնել որեւէ մեկի դեմ։ Ինչ վերաբերում է տեսախցիկների ձայնագրություններին, ապա դրանում, իհարկե, մարդիկ երեւում են, բայց խոսակցությունն է կարեւոր, թե ով ինչ է խոսում. «Բոլոր այդ մարդկանց ես ասում եմ՝ ձեզ ո՞վ ասաց, որ բալետը չի պարում, ձեզ ո՞վ ասաց՝ դուրս եկեք փողոց, չեն ասում․ սա է դժվարացնում, թե չէ նրանցից շատերը դուրս են եկել փողոց, որ հասկանան, թե իրենց կոլեգաներն ինչու չեն գալիս։ Ամբողջ թատրոնն անուններ է տալիս, բայց փաստացին է պետք, որ ասեն՝ ով ասաց, որ չեն նվագում։ Միայն այդ ձեւով կարող ենք պատժել»։



Կարեն Շահինյանն ինքն էլ այդ օրը պետք է նվագեր նվագախմբում եւ իր տեղում նստած՝ չէր հասկանում, թե ինչ է կատարվում. «Երբ ինձ առաջին լուրը տվեցին, որ բալետը չի ուզում պարել, ես բարձրացա բեմ, բայց տեսնեմ՝ բալետը կանգնած սպասում է ու ինձ է հարցնում՝ ինչո՞ւ չենք սկսում»։ Ամեն դեպքում, ըստ նրա, մի լավ բան կա այդտեղ, օպերային թատրոնի 90 տոկոսից ավելին շատ ծանր է տանում այդ օրվա կատարվածը, վրդովված են բոլորը։



Նա ընդգծում է, որ լուծարվել են պաշտոններ, եւ լուծարված 3 փոխտնօրենների փոխարեն ոչ ոք չի գալու, այլ կերպ ասած՝ կրճատումները կապ չունեին անձերի հետ, դա ընդամենը հաստիքային փոփոխություն էր. «Բայց, իհարկե, կրճատվողների մեջ կային մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վնասկար գործողությամբ են զբաղվել թատրոնում, սա է խնդիրը»։



Հարցին, թե զրուցե՞լ է այն մարդկանց հետ, որոնց վրա կասկածում է, Շահինյանը նշեց, որ այդ մարդիկ դեռ խուսափում են թատրոն գալ, բայց առաջիկայում նվագախմբի փորձեր են, եւ սպասում են տեսնեն՝ կգա՞ն, թե՞ դարձյալ կխուսափեն։



Թե ինչ են պատրաստվում անել առաջիկայում՝ նախարարից, Օրբելյանից կա՞ն որոշակի ցուցումներ, պատասխանեց. «Նախ պետք է արդյունքները հասկանանք, նախարարը ձեզ նման զանգահարում եւ ասում է՝ ո՞ւր հասաք, պետք է մեղավորները պատժվեն, ամեն օր կոնտրոլի տակ է պահում, հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչ պետք է անենք, բայց վստահ եղեք, որ այդպես չի անցնելու-գնա, իրավաբաններն օգնում են մեզ, անպայման կպատժենք մեղավորներին, որովհետեւ հոգու խորքում հասկանալով, թե ովքեր են կազմակերպիչները, նաեւ պետք է կարողանանք դրա ճանապարհը գտնել»։



Հորդորում է այլ տեղ փնտրել կազմակերպիչներին



«Գայանե» բալետի դիրիժոր Աթանես Առաքելյանը ներկայացման օրը՝ հունիսի 8-ին, նստած սպասել է 2-րդ զանգին, հետո հանկարծ լսել է հայտարարությունը, որ ներկայացում չի լինելու. «Բոլորը եկել էին նվագելու տրամադրությամբ, մարդիկ նստած պարապում էին, հետո ներկայացումը մի քիչ ուշանում էր այն առումով, որ ուշացողներ կային, խցանումներ եւ այլն...»։ Թե ովքեր էին ուշացողները՝ ինքը չգիտի, ասում է՝ ուշացողներ միշտ են լինում, եւ ճիշտ ժամանակին ներկայացումը երբեք չի սկսվում։



Դիրիժորը չի կարող ասել, թե ով խաթարեց ստեղծագործական պրոցեսը, չգիտի, թե ում նախաձեռնությունը դա կարող էր լինել, ամեն դեպքում, իր կողմից ոչ մի նախանշան չի նկատվել, որ կարող է նման բան լինել։ «Ես սովորություն չունեմ նման հարցն ասեկոսեներով եզրակացություն անել, իսկ բացատրագրեր բոլորից են պահանջել, այդ թվում՝ ինձնից»,- ասում է նա ու նշում, որ երեկ փորձի են եղել, եւ որեւէ խոսակցություն այս թեմայով չի եղել նվագախմբում։ Բայց փաստ է, որ բոլորի վրա շատ բացասական ազդեցություն է թողել կատարվածը, որովհետեւ հանդիսատեսի հանդեպ նման վերաբերմունք չի կարելի դրսեւորել, ինքն էլ վրդովված է այդ հարցում։



Ինչ վերաբերում է թատրոնում եւ մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե կազմակերպիչները Հրաչ Գրիգորյանի ընկերական եւ ընտանեկան շրջապատն է, ապա կարծում է, որ այլ տեղ պետք է փնտրել կազմակերպիչներին. «Գայանե Աբրահամյանն այնպիսի կազմակերպված եւ ուղիղ ասող մարդ է, որ եթե բան ունենա ասելու, կկանգնի կասի»։ Թե ինչու է մշտապես ճշտապահ կոնցերտմայստերն այդ օրն ուշացել ներկայացումից, չի կարող ասել, ինքն իր սենյակում է եղել։ Անդրադառնալով իր եւ Գրիգորյանի բարեկամական կապերին, Առաքելյանը նշեց, որ երաժշտական հիմարկներում շատ մարդիկ կան, ովքեր տարիներ շարունակ ընտանիքներով աշխատում են, եւ այդտեղ որեւէ խնդիր չի տեսնում։



Հրաչ Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, ինչպես տեղեկացանք, նախօրեին մահացել է նրա մայրը, եւ երեկ հուղարկավորությունն էր։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ