Ինչու չի տեղադրվում Կարեն Դեմիրճյանի արձանը

Ինչու չի տեղադրվում Կարեն Դեմիրճյանի արձանը

Պետական, քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման մասին վկայող հուշատախտակն արդեն մի քանի տարի կանգնեցված է Մաշտոցի պողոտայում, աչքի ընկնող տեղում՝ կարծես ազդարարելով, որ ազգը չի մոռացել պետական հայտնի գործչին՝ մի օր անպայման այդտեղ կանգնելու է նաեւ նրա հուշարձանը։ Դեռեւս 1999-ից ՀՀ նախագահի հրամանով Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց մայրաքաղաքի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ տեղադրել նրա հուշարձանը: Այս տարիների ընթացքում մի քանի մրցույթ հայտարարվեց, բայց հաղթող այդպես էլ չգտնվեց։ Ի վերջո, 2014-ին ընտրվեց ոչ թե մրցութային, այլ արձանը կոնկրետ անձի պատվիրելու տարբերակը, եւ նախապատվությունը տրվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանին, ով հեղինակ է մի շարք արձանների, այդ թվում՝ «Դվին» հյուրանոցի մոտ «Լեռնային պար» կոմպոզիցիոն քանդակը, Անդրեյ Սախարովի կիսանդրին՝ Սախարովի անվան հրապարակում, հայ բարերար Մանթաշյանցի արձանը՝ Աբովյան փողոցում: 



Ինքը՝ հեղինակը, սկզբում ցանկացել է հուշարձանի բացումը կատարել Կարեն Դեմիրճյանի սպանության տարելիցի օրը՝ հոկտեմբերի 27-ին։ Սակայն հետագայում շրջանառվել է այլ ամսաթիվ՝ 2016-ի ապրիլի 17-ը՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, դրանից հետո եւս մեկ անգամ հետաձգվել է տեղադրման օրը եւ, որպես վերջնաժամկետ, նշվել է արդեն 2017-ի ապրիլի 17-ը, որը համընկնում էր նաեւ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի հետ։



Բայց փաստ է, որ այս տարի էլ արձանը չտեղադրվեց։ Համաձայն շրջանառվող խոսակցությունների, արդեն պատրաստի արձանը Դեմիրճյանների ընտանիքը, նրա կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, չեն հավանել, եւ դա է պատճառը, որ այն այս տարի էլ չկանգնեցվեց։ Մինչդեռ քաղաքային բյուջեից արձանի աշխատանքների իրականացման համար մոտ 7-8 մլն. դրամ է արդեն հատկացվել։



Արձանի հեղինակ քանդակագործ Տիգրան Արզումանյանն ասում է, որ գոնե իր համար անհասկանալի պատճառներով քանդակը չի ավարտվում, եւ չգիտի էլ, թե երբ կդրվի քաղաքում։ Այն, որ Դեմիրճյանի ընտանքը չի հավանել արձանը, Արզումանյանը նշում է, որ ընտանիքի անդամները երբեք չեն ասել դրա մասին, եւ արդեն բավական ժամանակ է, որ նրանց չի հանդիպել։ «Ինձ ոչինչ չեն ասել, եւ ես ոչնչից տեղյակ չեմ, պարզապես այդ գործը ձգձգվել է, չգիտեմ, թե այդ ընտանիքն ինչ է ուզում։ Այս գործը համարյա թե վերջնական տեսքի պետք է բերվեր, ու իրենք էլ անցած տարի պետք է գային ու նայեին, բայց չեկան»,- ասում է Արզումանյանն ու նշում, որ աշխատելու ընթացքում Դեմիրճյանի հարազատները մի քանի անգամ տեսել են էսքիզները, մոդելը, նույնիսկ կավի վրա քանդակը. «Այդ գործն արդեն քարի վրա 90 տոկոսով արված է, այսինքն՝ բացի պորտրետից, ամեն ինչ արված է, բայց շարունակությունը չեմ շարունակում»։



Արզումանյանն ընդգծում է՝ 3 մրցույթ է եղել, բայց երեքն էլ արդյունք չեն տվել։ Ինքն էլ է առաջին մրցույթին մասնակցել, հետո արդեն մրցութային հանձնաժողովների մեջ է եղել։ «Ես նոր էսքիզ էի արել, քանի որ ժյուրիի կողմից առաջարկություններ էին եղել, որ կիսանդրի դրվի, բայց Դեմիրճյանի տիկինը չուզեց, որ կիսանդրի դրվի։ Մենք որոշել էինք կիսանդրի դնել, որովհետեւ որոշում կա ազգային հերոսների կիսանդրին դնել, բայց ես գտա միջին տարբերակը, որը ոչ կիսանդրի է, ոչ էլ լրիվ ֆիգուրա, ընտանիքը եկավ-նայեց, համաձայնեց, որ այդպես արվի»,- պատմում է նա։



Թե ինչու նրա գրեթե ամբողջությամբ պատրաստի քանդակը չի տեղադրվում, Արզումանյանը պատասխան չունի, նա ենթադրում է, որ շատ են չարախոսել իր եւ իր ստեղծած արձանի շուրջ, անգամ լսել է, որ ասել են, թե իբր ինքը Դեմիրճյանին չի սիրում։ Սակայն, մեր տեղեկություններով, իսկապես Դեմիրճյանների ընտանիքը չի հավանել արձանը՝ այն Կարեն Դեմիրճյանի կերպարից բավականին հեռու է, կոպիտ ու ոչ այնքան համակրելի։



Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին անցած տարի նախկին կառավարության ղեկավարներն առաջարկել են հեղինակել Կարեն Դեմիրճյանի արձանը, քանդակագործը հասցրել է մի քանի էսքիզներ անել, նա պատրաստել է գիպսե էսքիզները, եւ դրանք այժմ գտնվում են Դեմիրճանի տուն-թանգարանում։



Բայց խնդիրն այն է, որ մի կողմից կառավարության փոփոխությունը, մյուս կողմից քանդակագործի առողջական խնդիրները, որոնց պատճառով վերջին ամիսներին նա անընդհատ բուժումներ է ստանում հիվանդանոցում, գործը կիսատ է մնացել։ «Ինձ խնդրեցին, ես արեցի, դրա մասին գիտի նույնիսկ քաղաքապետը»,-ասում է նա ու նշում, որ ով պատվիրել էր, նա էլ խոստացել էր գումարը տալ. «Դա քաղաքային բյուջեից չէր արվելու, քաղաքային բյուջեից նախորդ արձանի համար էին հատկացրել, որը չի տեղադրվել»։ Ինչպես նկատում է Ֆերդինանտ Առաքելյանը, իր արած էսքիզները հավանության են արժանացել թե ընտանիքի անդամների եւ թե քաղաքապետի կողմից. «Ես լավ գիտեի Դեմիրճյանին ու հետաքրքիր ձեւով եմ նրան քանդակել»։ Ընտանիքը պատրաստի էսքիզների հետ կապված մի քանի դիտողություն է արել հեղինակին, եւ Առաքելյանն ընդունել է դրանք։ Նա պատրաստ է անգամ հիվանդ վիճակում աշխատել եւ ավարտին հասցնել Դեմիրճյանի քանդակը, որի նկատմամբ մեծ հարգանք ունի։



Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ տիկին Ռիմա Դեմիրճյանից, ում անունից, սակայն, փոխանցեցին, որ նա այդ պահին չի ուզում խոսել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ