Ինչ ֆիլմեր կցուցադրվեն «Ոսկե ծիրան» փառատոնում

Ինչ ֆիլմեր կցուցադրվեն «Ոսկե ծիրան» փառատոնում

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Արդեն 14-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի ստացել է մոտ 1100 հայտ՝ 96 երկրից, իսկ մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: 



Փառատոնը կբացվի ռեժիսոր Համո Բեկնազարյանի 1927թ․ նկարահանած «Խասփուշ» ֆիլմով։ Պարսկաստանում խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Այս տարի լրանում է ֆիլմի 90-ամյակը: Այն կցուցադրվի Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Փառատոնի փակման ֆիլմը լինելու է ռեժիսոր Ջո Բեռլինգերի 2017թ․ նկարահանած «Բնաջնջման մտադրություն»՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում։ Ռեժիսորը ֆիլմում հանդիպում է պատմաբանների եւ գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:



Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս արտամրցութային ծրագրերում ներառված են Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը: Արտամրցութային ծրագրերում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի ավելի քան 70 ֆիլմ: Երեւանյան պրեմիերաների շրջանակում նախատեսված են ռեժիսորներ Կիմ Կի-դուկի «Ուռկանը», Լավ Դիասի «Հեռացած կինը», Թոմ Ֆասարթի «Ընտանեկան պատմությունը», Յուջին Քորի «Հավանայի ուրվական քաղաքը», Հոն Սան-սուի «Հաջորդ օրը», Իլդիկո Էնյեդիի «Մարմնի եւ հոգու մասին», Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմերի պրեմիերաները։



Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին, ով նաեւ այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է: Հադսոնից կցուցադրվեն «Հրե անվակառքեր», «Հեղափոխություն», «Ալտամիրա» ֆիլմերը։ Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի մեծ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:



«Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվի նաեւ Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությունով հարգանքի տուրք կմատուցվի նրա հիշատակին: Ինչպես նաեւ Ֆրունզե Դովլաթյանի 90-րդ, Յուրի Երզնկյանի 95-րդ եւ Սերգեյ Իսրայելյանի 80-րդ հոբելյանների կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին կենսագրական ֆիլմեր: Ընդհանուր առմամբ, Հայաստանի մասին պատմող հայ եւ օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագրում այս տարի ներառված է 36 ֆիլմ:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ