Կառավարության ծրագրում մշակույթը ներկայացված է որպես թանգարանային նմուշ

Կառավարության ծրագրում մշակույթը ներկայացված է որպես թանգարանային նմուշ

ՀՀ կառավարության ծրագրում առաջիկա 5 տարիների համար մշակույթի ոլորտում մի քանի կետերով ներկայացված են այն հիմնական ուղենիշները, որոնց ուղղությամբ պետք է զարգանա մեր երկրի մշակութային կյանքը 2017-2022թթ․։ Մասնավորապես, կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու մինչեւ 2017 թվականի ավարտը «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակելուն։ Ինչպես նաեւ մինչեւ 2018 թվականի ավարտը մշակել «Հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու եւ պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները հաստատելու մասին» իրավական ակտի նախագիծը։



Տնտեսական աճի խթանման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2018 թվականների ընթացքում ներդնել միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ։ 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել գրավաճառ ցանցը՝ գրախանութների եւ գրավաճառ կետերի ստեղծման համար նպաստավոր պայմանների ապահովմամբ, այդ թվում նաեւ՝ մինչեւ 2017 թվականի ավարտը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տարածքում աջակցել նոր գրախանութի ստեղծմանը, մեկնարկել նաեւ շարժական գրախանութների՝ «գրաբուսների» գործարկումը մարզերում։ 



Մինչեւ 2020 թվականի ավարտն ստեղծել 6 պատմամշակութային արգելոց-թանգարան։ Ինչպես նաեւ մշակել յուրաքանչյուր թանգարանի ուղղվածությանը համապատասխան հուշանվերային նոր արտադրանքներ։ Մինչեւ 2021 թվականի ավարտն առնվազն 300 հուշարձանային համալիրում մշակել եւ տեղադրել միասնական նմուշի (եռալեզու) տեղեկատվական վահանակ-ցուցանակներ։ Ապահովել մշակութային ժառանգության մատչելիությունը՝ դրանց թվայնացման միջոցով։ Իրականացնել մանուկների եւ պատանիների համար գիտաճանաչողական ծրագրեր։ 2018 թվականին ՀՀ մարզերում մեկնարկել համայնքային կինոթատրոնների հանրապետական կինոցանցի ստեղծման ծրագիրը: Մինչեւ 2017 թվականի ավարտն ստեղծել «Ֆիլմ հանձնակատարի» ինստիտուտը։



Հայկական մշակույթը ներկայացնել օտարերկրյա պետություններում՝ յուրաքանչյուր տարի առնվազն 5 երկրում։ 2018 թվականից սկսած՝ մեկնարկել պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստիարակչական ուղղվածություն ունեցող գիտահանրամատչելի եւ ճանաչողական հեռուստահաղորդումների ստեղծման աշխատանքները։



Երաժիշտ, երգահան Վահան Արծրունու դիտարկմամբ, առաջին տպավորությամբ այս առաջարկությունները, որոշումները հիմնականում վերաբերում են պատմամշակութային արժեքներին, որոնց հանդեպ, անշուշտ, պետությունը պարտավոր է հոգածություն ունենալ եւ ծրագրեր մշակել այդ ուղղությամբ. «Այստեղ, իհարկե, ոչ մի վատ բան չկա, եւ ողջունելի է դա, բայց այն, որ արդի արվեստի զարգացման մասին որեւէ ամբողջական տպավորություն չի ստեղծում այս փաստաթուղթը, սա էլ միանշանակ է։ Այսինքն՝ դիտարկել հայկական արվեստը որպես թանգարանային նմուշ, դա լրիվ հասկանալի է եւ ընդունելի, եթե հաշվի առնենք նախորդ հայտարարությունները մշակույթը, մշակութային տարածքները կապիտալիզացնելու մասին։ Այնպես որ, այդ առումով պետք է հասկանանք, որ հստակ քաղաքականություն է դրսեւորում այս կառավարությունը, որն ունի հստակ տեսլական, եւ որը համակցված է տուրիզմի մասին իրենց պատկերացումների հետ»։



Արծրունին նկատում է, որ միակ օրենսդրական փաստաթուղթը, որ համակարգում է ոլորտը, դա 2002-ին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքն է, որը բավականին հստակ ներկայացնում է կառավարության, պետության պարտականությունները ստեղծագործողի առաջ. «Սա միակ փաստաթուղթն է, որն ինձ համար հիմք է հանդիսանում եւ որը շրջանցվում է ամեն տարի։ Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարությունը նման օրենք չի ընդունել։ Անկեղծ ասած, արվեստագետներն էլ տեղյակ չեն, որ նման օրենք գոյություն ունի, որն առաջին հերթին պաշտպանում է ազատ դաշտի ստեղծագործողին։ Այսինքն՝ մինչեւ ես չտեսնեմ որեւէ տեսլական, որոշում կամ նախագիծ, որը համապատասխանի մեր երկրում ընդունված մշակույթի մասին միակ օրենքին, ինձ չի համոզի, որ այդ խոսակցությունը լուրջ է»։



Անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրում տեղ գտած կետերին, երաժիշտը նկատում է, որ ներկայացված կետերի մասով կարելի էր ընդամենը ներքին կարգադրություն ուղարկել բոլոր այդ հաստատություններին. «Այսինքն՝ դա պետական մակարդակի եւ ծրագրային հայտարարության նյութ չէ, բայց, չգիտես ինչու, այդ ներքին կարգադրանքի կետերը դառնում են երկրի մշակութային քաղաքականության ուղենիշներ, ինչը ծիծաղելի է»։



Գրականագետ Դավիթ Գասպարյանը հրաշալի է համարում կառավարության ծրագրում տեղ գտած գրավաճառ ցանցն ընդլայնելու գաղափարը։ Նա հիշում է․ եթե խորհրդային տարիներին Երեւանում կար 75 գրախանութ, ապա հիմա դրանց թիվը 5-ից չի անցնում։



Գասպարյանն ընդգծում է՝ ցանկացած դեպքում գրքի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի, ավելին՝ պետք է գիրքը հարկումից ազատել. «Չի կարելի ավելացված արժեքի հարկը դնել գրքի վրա, հատկապես ուսումնական, գիտական գրքերի վրա, այն դեպքում, երբ գրքի ինքնարժեքը տպաքանակների նվազեցման պատճառով շատ է բարձրացել։ Եթե առաջ 5 հազար էր տպագրվում, հիմա ամենաշատը՝ 300-500 օրինակ։ Ինքնարժեքը բարձրանում է, դրա վրա ավելանում է ավելացված արժեքի հարկը, որից հետո էլ ավելի է թանկանում գիրքը։ Մենք ամեն ինչ պետք է անենք գրքի գինն էժանացնելու եւ ժողովրդին հասցնելու համար։ Գրքից հեռացած ժողովուրդն արդեն վաղվա ժողովուրդ չէ»։ Ինչ վերաբերում է հարցին, որ առաջիկա 5 տարիներին նախատեսված է մեկ գրախանութ բացել, ըստ Գասպարյանի, դա քիչ է, քաղաքի բոլոր թաղամասերում առնվազն մեկ գրախանութ պետք է բացել, ինչպես նաեւ գրադարաններն ակտիվացնել. «Ինչ լույս է տեսնում, գրադարանները պարտավոր են գնել, իսկ եթե գրադարանն այսօր գիրք՝ հիշողություն չգնեց, ապա վաղն արդեն հիշողությունդ թերի կլինի։ Այս հարցում առավել հոգատարություն եմ ակնկալում»։



Թե ինչ առաջնահերթություններ պետք է դնի իր առաջ կառավարությունը՝ ի դեմս մշակույթի նախարարության, պետք է առաջ քաշի իրատեսակա՞ն ծրագրեր, թե՞ նաեւ իր առաջ նպատակ դնի լուծել ոլորտում առկա խնդիրների մաքսիմումը, որպեսզի կարողանա իրականացնել գոնե նվազագույնը, Գասպարյանն ասաց. «Անհրաժեշտ է հստակեցնել ուղղությունները, թե ինչ հիմնական ուղղություններով պետք է մշակույթի նախարարությունն իր գործունեությունը ծավալի»։ Գրականագետն առաջարկում է, որ Հ1-ով գոնե շաբաթը մեկ լինի «Մշակութային ժամ» հաղորդում, որտեղ կանդրադառնան լեզվի, գրագիտության հարցերին, նոր տպագրված գրքերին, կհիշվեն մշակութային մարդկանց հոբելյանները. «Եվ դա տան ոչ թե պատահական մեկի ձեռքը, որ փչացնի, այլ մի լուրջ մարդ վարի, որ ճիշտ ընթացք ունենա»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ