Խորհրդարան չանցնելու պատճառները՝ երիտասարդների աչքերով

Խորհրդարան չանցնելու պատճառները՝ երիտասարդների աչքերով

Անկախությունից ի վեր Հայաստանում խոսվում է քաղաքական դաշտի, նաեւ՝ իշխանության շրջանում սերնդափոխության մասին։ Բայց տարիների փորձը, այդ թվում՝ խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում սերնդափոխությունն սկսվում եւ ավարտվում է տարեցներից ոչնչով չտարբերվող մի խումբ երիտասարդների՝ կուսակցությունների շարքերում ֆիզիկապես ներգրավվելու տեսքով։ Նրանց ներկայությունը ոչնչով չի փոխում տարբեր համակարգերում տիրող ճահիճը, թարմություն չի բերում՝ ավագների գծած ուղուց ոչ մի միլիմետր չշեղվող երիտասարդները երբեմն անգամ զիջում են տարեցներին՝ կարծրացած մտածողությամբ եւ հին գործելաոճով։ Մենք որոշեցինք զրուցել վերջին ընտրություններում խորհրդարան անցնելու հարցում ձախողված քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե որոնք էին, նրանց կարծիքով, պարտության պատճառները, արդյո՞ք սերնդափոխության խնդիր կա կուսակցություններում, եւ դա՞ է խանգարում քաղաքական դաշտի կայացմանն ու հաղթանակ գրանցելուն։



Նարեկ Այվազյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ




Նարեկ Այվազյանը, որ այս կուսակցության ավագներից Մասիս Այվազյանի որդին է, բավականին ակտիվ էր քարոզարշավի ժամանակ։ Ընտրություններում չհաղթելու պատճառը, ըստ նրա, կեղծիքներն էին, ռեյտինգային ընտրական համակարգը եւ, իրենց դեպքում, նաեւ ռուսական պրոպագանդան՝ իրականացված իրենց դեմ։ «Ազատ դեմոկրատները», հիշեցնենք, ընդգծված արեւմտամետ ուժ է։ «Իհարկե, նաեւ մենք ունեցանք մեր թերությունները, բայց չեմ կարող ասել, որ հիմնական պատճառը դրանք էին»,- կարծում է երիտասարդ քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ իրենք իրականացրել են շատ սոլիդ եւ համեստ քարոզարշավ՝ օգտագործելով քարոզարշավին բնորոշ բոլոր գործիքները։ Միգուցե պետք էր ավելին անել, բայց դա արդեն կախված էր ռեսուրսներից, որոնք սահմանափակ էին։ Մեր ռեսուրսների չափով արել ենք ամեն ինչ»։ Հարցին՝ իսկ իրենց կուսակցության ներսում սերնդափոխության խնդիր տեսնո՞ւմ է։ Նարեկ Այվազյանն ասաց, որ իրենց կուսակցության հիմնական մասը երիտասարդներ են, վարչության կազմում էլ կան շատ երիտասարդներ, մոտ ապագայում էլ ավելի կթարմացվի կազմը․ «Սերդնափոխություն ասվածը, կարծում եմ, նաեւ հենց դրանով է, որ ավելի շատ ձայնի իրավունք է ունենում երիտասարդությունը»։ Իսկ չե՞ք կարծում, որ, այդուհանդերձ, այսօր երիտասարդները քաղաքականության մեջ շարունակում են ավագ սերնդի գաղափարներով, նրանց գծած քարտեզով առաջնորդվել՝ անկախ քանակից ու ակտիվությունից։ «Ցավոք սրտի, ճշմարտություն կա Ձեր հարցի մեջ։ Բայց դա հուսահատության համար չէ, այլ պետք է մտածենք, թե ինչպես պետք է երիտասարդության ազդեցությունն ավելացնել։ Ավելի ակտիվ, ավելի ընդվզող պետք է լինեն երիտասարդները, իրենց մտքերը, գաղափարներն առաջ տանեն, մենք մեր կուսակցությունում այդպես ենք անում»,- ասաց Նարեկը՝ վստահեցնելով, որ կուսակցությունում իրենք կաշկանդված չեն որոշումներ կայացնելու հարցում։



Հովսեփ Խուրշուդյան՝ «Ժառանգություն» կուսակցության շարքային անդամ



Հովսեփ Խուրշուդյանը ժամանակին կուսակցության մամուլի պատասխանատուն էր, վարչության անդամ, այսօր շարքային անդամ է եւ խնդրեց մեր հարցերի վերաբերյալ իր պատասխաններն ընդունել որպես կուսակցության շարքային անդամի անձնական տեսակետ։ Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» ընտրություններին մասնակցում էր Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ձեւավորած ՕՐՕ դաշինքում։ «Գլխավոր պատճառն այն էր, որ ընտրությունները չեն կայացել, ես չեմ համարում, որ որեւէ ընտրություն է եղել։ Եղել է իշխանությունների կողմից կազմակերպված պետական հանցագործություն, որի ժամանակ կեղծվել են ընտրությունները, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ով է հաղթել, ով է պարտվել»,-ԱԺ չանցնելու պատճառների մասին ասաց «Ժառանգության» անդամը։



Բայց այդ նույն իրավիճակում, ինչ Դուք թվարկեցիք, մյուս քաղաքական ուժերն էլ էին, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, որոնք անցան խորհրդարան։ Արդյոք խորհրդարան չանցած ուժերի կողմից չկայի՞ն սխալներ, բացթողումներ թիմային աշխատանքի եւ այլ հարցերում, որոնք էլ խանգարեցին հաղթելուն։ «Ամբողջ սխալն այն էր, որ ընդդիմությունը չհամախմբվեց հերթական անգամ եւ այլընտրանք չառաջարկեց ժողովրդին։ Եվ այդ գործում, ցավոք սրտի, որոշ ընդդիմադիր գործիչներ կամ քաղաքական ուժեր իրենց մեծ լուման ունեցան, այդ թվում՝ նրանցից մեկը, որ անցավ խորհրդարան»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ ակնարկելով «Ելք»-ին։ Ապա շեշտեց, որ իրենց նպատակը լիարժեք հաղթանակն էր, ոչ թե մի քանի տոկոսով խորհրդարան մտնելը։ Ինչ վերաբերում է սերդնափոխությանը, ապա նա կարծում է, որ դա բնականոն ընթանում է։ ««Ժառանգությունում», եթե վերցնում եք ղեկավար կազմը, մի անգամ չէ, որ երիտասարդ ղեկավարներ են եղել։ Արմեն Մարտիրոսյանը 2010-11 թվերին եղավ կուսակցության ղեկավար, մենք ունեցանք ֆրակցիայի ղեկավար ԱԺ-ում՝ Ստեփանը Սաֆարյան։ Այսինքն՝ այդ պրոցեսն ընթանում է, եւ որոշում կայացնողներն այդ թվում երիտասարդներ են։ Հիմա գուցե ժամանակն է, որ նաեւ երրորդ սերնդի երիտասարդներ գան, որոնք էսօր վարչություն մտել են արդեն։ Բայց նաեւ մի քիչ փորձ ձեռք բերելու խնդիր կա»,- ասաց «Ժառանգության» երկրորդ սերնդի ներկայացուցիչը։



Հրանտ Տեր-Աբրահամյան, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)



ՀԱԿ երիտթեւի ամենաակտիվ դեմքերից մեկը, որը վերջին շրջանում ակնհայտ պասիվացել է, չցանկացավ խոսել ՀԱԿ-ի պարտության պատճառների մասին։ Թեպետ՝ դրանք ինքը վերլուծել է։ Փոխարենը խոսեց սերնդափոխության մասին։ «Սերնդափոխությունը, իհարկե, ինքնին խնդիր է, բայց ինքնանպատակ չէ։ Հասարակության մեջ պիտի որոշակի պոտենցիալ լինի, էդ սերունդը պիտի որոշակի ներուժ կամ գաղափար կրի, որ կարողանա բնականորեն փոխարինել։ Կան, չէ՞, երիտասարդ քաղաքական գործիչներ, իրենք իրենցով նոր որակ տալիս են, չեն տալիս, չէ՞։ Նրանցից հաճախ ավելի շատ են զզվում, քան ավագ սերնդից։ Եթե ինքն արժեքների, գաղափարների կրող չէ, ուզում է՝ սերնդափոխություն լինի, ուզում է՝ չլինի, ոչ մի բան չի փոխվի»,- կարծում է ՀԱԿ անդամը։ Իսկ ավագ սերնդի որակը բավարարո՞ւմ է։ «Ավագ սերնդից բաներ կան սովորելու, բայց ես խնդիր եմ տեսնում հետեւյալում․ այդ փորձը, որ ավագ սերունդն ունի, ես չեմ տեսնում մեխանիզմ, թե ինչպես է դա ճիշտ ձեւով փոխանցվում նոր սերնդին»։ Նրա խոսքով՝ ՀԱԿ-ում միշտ էլ երեւացել են երիտասարդ դեմքեր․ «Բայց արդեն թող հասարակությունը որոշի՝ արդյոք այդ նոր դեմքերի երեւալը, երիտասարդների ակտիվ լինելը հասարակությանը շատ մեծ բան տվե՞լ է, թե՞ չէ»։



Կարեն Կարապետյան՝ ՀՀՇ



ՀԱԿ-ից ժամանակին առանձնացված եւ նախկին ՀՀՇ-ն վերածնած կուսակցության անդամներից Կարեն Կարապետյանը միակն է մեր զրուցակիցներից, որի կուսակցությունն ինչ-որ չափով ներկայացված է խորհրդարանում։ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Ծառուկյան դաշինքով» պատգամավոր դարձած միակ ՀՀՇ-ականն է։ Թեեւ դրանում բացարձակապես ՀՀՇ կուսակցության վաստակը չկա։



«Նախ՝ ՀՀՇ-ն անցավ խորհրդարան, այլ բան է, եթե ԱԺ անցնել կամ չանցնելը կապվում է ընտրություններին միայնակ մասնակցելու հետ։ Կարող եմ գնահատել, որ, այնուամենայնիվ, ՀՀՇ-ն մասնակցել է խորհրդարանական ընտրություններին եւ դուրս չի մնացել։ Ինչ վերաբերում է կուսակցության ներսում սերնդափոխությանը, ապա այն ավելի շատ ենթադրում է բնականոն ճանապարհ։ Մեր կուսակցության մեջ կան բավականին թվով երիտասարդներ, եւ կարող ենք փաստել, որ կուսակցության ներսում եւս տեղի է ունենում որոշակի սերնդափոխություն»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ինքը նախկինում եղել է ՀՀՇ շարքային անդամ, այժմ կուսակցության վարչության գործադիր քարտուղարն է՝ ըստ էության նախագահից հետո երկրորդ մարդը։ Թեեւ մենք երրորդ, չորրորդին չմտաբերեցինք։ Նա համաձայն է, որ թե՛ անձանց, թե՛ քաղաքական մտքի սերնդափոխության հետ կապված խնդիրներ ունենք այսօր Հայաստանում։ «Առհասարակ, քաղաքական դաշտում քաղաքական մտքի ծնունդը բավականին բարդ պրոցես է անցնում, շատ դեպքերում քաղաքական միտքը ոչ թե ծնվում է կուսակցությունների վարչությունների ղեկավար մարմինների քննարկման արդյունքում, այլ հաճախ հրամցվում է կուսակցությունների առաջնորդների կողմից, եւ այդ հրամցված ուղղությունները շատ հաճախ դառնում է այս կամ այն կուսակցության համար առաջնորդող ծրագիր։ Ձեր մատնանշած պրոբլեմն առհասարակ ողջ քաղաքական դաշտի պրոբլեմն է»,-կարծում է Կարեն Կարապետյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ