«Հրապարակ». Ջիվանու օրը՝ առանց Ջիվանու

«Հրապարակ». Ջիվանու օրը՝ առանց Ջիվանու

Կիրակի օրը Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Ջիվանու օրը։ Ամենամյա տոնակատարությունն անցավ ամեն տարվա պես՝ միջին կալիբրի հյուրերով, տեղական երգի-պարի համույթներով։ Սակայն, ինչպես տերյանականը, Ջիվանու օրը եւս ջրի երես հանեց ջավախքցիների տարբեր թեւերի հակասությունները։ Եթե տերյանական օրվա հիմնական կազմակերպիչն ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էր՝ իր թիմով, ապա Ջիվանու օրվանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՋԱՀ-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սոս Սահակյանն է՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրը։ ՋԱՀ-ն է կառուցել Ջիվանու տուն-թանգարանը, որի բացումը եղավ 2016-ին։ Տպավորություն է, թե համաժողովրդական այս տոները մի քանի ջավախքցիներ «սեփականաշնորհել» են։ Տերյանական օրվան այս տարի ՋԱՀ-ը չմասնակցեց։ Փոխարենը Շիրակ Թորոսյանն իր կողմնակիցների խմբով ներկա էր Ջիվանու օրվան։ Բայց նրանց ներկայությունը չզգացվեց ո՛չ բեմի վրա, ո՛չ միջոցառման ընթացքում, առհասարակ։ Նրանք կանգնել էին հեռվում, ՋԱՀ-ականներից հեռու եւ հետեւում էին ելույթներին։ Ուշագրավ էր ելույթների հատվածը։ Գրեթե ոչ մի ելույթ չեղավ Ջիվանու մասին, Ջիվանուն փառաբանող։ Անգամ Ջիվանու երգերը նորմալ չհնչեցին, ավելի շատ գովերգեցին ՋԱՀ-ը՝ իր ծրագրերով։ Ելույթ ունեցողները ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու տնօրենն էին, որոնք էլ ներկայացրին իրենց ծրագրերը տուն-թանգարանի եւ այլնի մասով։ Ջիվանուն միակ հիշողը թերեւս սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն էր։ Հետո առանձին-առանձին ամեն մեկն իր խմբով գնաց տարբեր տեղեր՝ հաց ուտելու։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ