Կրճատումների պահանջ չի դրվել

Կրճատումների պահանջ չի դրվել

Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գործունեության վեց ամիսների ցուցանիշներին ծանոթանալուց հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տնօրեն Կարո Վարդանյանին ասել է. «Տեսնում եմ խայտառակ պասիվություն: Ակնկալում ու պահանջում եմ ակտիվություն: Ձեր յուրաքանաչյուր վայրկյանը պետք է ծառայի թանգարանի առողջացմանը: Բացեք թանգարանի դռները, հանրահռչակեք անգնահատելի այն գանձերը, որոնք հավաքել եք 1955 թվականից ի վեր: Դուք ունեք բացառիկ նմուշներ, դրանք մատուցելու ժամանակակից միջոցներ ու հնարավորություններ գտեք»։ Այս մասին տեղեկանում ենք հենց նախարարության ֆեյսբուքյան էջից։ 



«Կարո՞ղ է Չարենցի ձեռագրերը հանենք-ծախենք, թանգարանն ի՞նչ բիզնես կարող է անել, մեր փողո՞վ պետք է բյուջեն լցնեն»,-իր մտահոգությունն էր հայտնում նախօրեին մեր խմբագրություն այցելած թանգարանի տարեց աշխատակիցներից մեկը։ Նա մտահոգված էր նաեւ աշխատակիցների մեջ շրջանառվող կրճատումների հարցով։ Թանգարանում քիչ չեն 60-ն անց տարեց աշխատակիցները, որոնք հնարավոր է կրճատման տակ ընկնեն։ Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, թանգարանում աշխատանքը շատ է. «Մենք այնքան անմշակ ձեռագրեր ունենք... եւ հետո՝ փորձի փոխանցման խնդիր կա, ավագ սերունդը պետք է երիտասարդներին»։



Տնօրեն Կարո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իրենց գործունեությունը նախարարը խայտառակ պասիվ գնահատել, որտեղ են թերացել։ «Այդ գնահատականն ավելի շատ վերաբերում էր արտաբյուջետային մեր եկամուտներին։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես ուրիշ ձեւ էի պատկերացնում իմ աշխատանքը, ամբողջ եռանդս, այս 5 տարիների ընթացքում, ինչ տնօրեն եմ, ներդրել էի մայր թանգարանը եւ մասնաճյուղերը հիմնանորոգելու, նոր ցուցադրություն բացելու, նոր արխիվներ բերելու ուղղությամբ։ Միայն այս վերջին 5 տարիներին 3 տասնյակից ավելի ամբողջական արխիվ մարդիկ ինձ վստահելով բերել են մեզ ու մեծ մասը՝ Սփյուռքից, երբ նույնիսկ խորհրդային լավագույն տարիներին այդպիսի ցուցանիշ չենք ունեցել։ Այստեղ խնդիրն այն է, որ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե այդ ամենն ինչպես պետք է վերածել դրամի... ուղիները, փառք Աստծո, նախարարը եւ նախարարության աշխատակազմն ինձ մատնանշեցին»։ Որո՞նք ենք այդ ուղիները՝ զարգացնել հուշանվերների գո՞րծը։ «Դե, կլինի հուշանվեր, գլխաշոր, տակաշոր, չգիտեմ ինչաշոր..., դրան գումարած նաեւ այն ծառայությունները, որ մենք մատուցում ենք։ Ենթադրենք՝ ուսանողները, ասպիրանտները, գիտաշխատողները, որ օգտվում են մեր ֆոնդերից, մենք պետք է այսուհետ վճար պահանջենք, որ մինչեւ հիմա իմ պատասխանատվությամբ դա անվճար էինք անում, կարծելով, որ ինչքան շատ տարածվի, հանրահռչակվի, այնքան լավ։ Որովհետեւ ուսանողը, գիտաշխատողը հենց այնպես չի ուսումնասիրում, արդյունքում մենք ունենում ենք մի հոդված կամ մենագրություն։ Դա իմ սուբյեկտիվ մոտեցումն էր, եւ անվճար էինք սպասարկում։ Հիմա որոշ սիմվոլիկ գումար՝ 50-100 դրամ կսահմանենք եւ կտեսնենք, թե ինչ արդյունք կունենա»։



Թանգարանի տնօրենը ողջամիտ մեկ այլ առաջարկ է համարում տոմսերի գների վերանայումը։ Եթե մինչեւ հիմա թանգարանի տոմսը 500 դրամ արժեր, ապա սեպտեմբերի 1-ից կդառնա 800 դրամ։ Գների բարձրացում է նախատեսված նաեւ Դսեղի Հ. Թումանյանի տուն-թանգարանի եւ Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի տոմսերի դեպքում․ եթե մինչ այս դրանք 300 դրամ արժեին, սեպտեմբերից 500 կդառնան, բայց դա չի անդրադառնա դպրոցականների եւ ուսանողների համար նախատեսված տոմսերի գնի վրա, ինչպես 300 դրամ կար, այդպես էլ կպահպանվի։



Կարո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե նախարարից եղե՞լ է հրաման, որ պետք է կրճատի թանգարանի հաստիքացուցակը։ «Նա շատ լավ գիտի մեր գիտաշխատողների, ֆոնդապահների փորձը, վաստակը, եւ կրճատման մասին խոսք էլ չկա։ Այստեղ խնդիրը համատարած է դրված բոլոր պետական հիմնարկների առաջ, այն է՝ 2018-ից ընդհանրապես պետական հիմնարկների բյուջեն, ելնելով մեր տնտեսության, պետական բյուջեի սղությունից, որոշ չափով պետք է կրճատվի, եւ ամեն տնօրեն ինքը պետք է որոշի, թե իրեն հատկացված որ տողերից տնտեսումներ անի։ Եթե մեկն ունի ցուցադրության գումարներ, այդտեղից է մի քիչ տնտեսում անում, եթե մյուսն ունի հրատարակչական գումարներ՝ այդտեղից, բայց հիմնականում դա ծանրանում է աշխատավարձերի ֆոնդերի վրա, որովհետեւ մեր նման թանգարանային բնույթի հիմնարկների բյուջեի մեծ մասը կազմում է աշխատավարձի ֆոնդը։ Ես մինչեւ հիմա ունեմ մի քանի 80 տարեկան աշխատողներ եւ ինքս էլ այնպիսի խառնվածք ունեմ, որ ամեն աշխատողի սոցիալական, ընտանեկան վիճակը գիտեմ ու դեմ եմ նրան, որ եթե մարդը կենսաթոշակային տարիքի է, պետք է նրան ճանապարհես տուն։ Առայժմ որեւէ քայլ չեմ ձեռնարկել, բայց հարկադրված կլինեմ գոնե 2-3 հոգու ուղարկել թոշակի»,- ասում է Վարդանյանն ու հավելում, որ ունի գիտաշխատողներ, որոնց տասնամյակների փորձն ինչքան էլ հարգի, պարզ է մի բան․ նրանք մինչեւ հիմա գաղափար չունեն, թե ինչ է համակարգիչը, նոր պետք է սովորեն, թե ինչպես արխիվը համակարգչով մշակեն։ Այս հանգամանքները եթե հաշվի առներ, ապա շատերը պետք է հրաժեշտ տային իրենց աշխատանքին, բայց խոսքը մի քանի հոգու մասին է՝ ընդգծում է Կարո Վարդանյանն ու նորից շեշտում, որ կրճատումների պահանջ իրենց առաջ չի դրել, խոսքը վերաբերում է բյուջետային կրճատումներին։



Թե ինչպես են իրենց թանգարանի մշակույթը, հարստությունը կապիտալիզացնելու, այլ կերպ ասած՝ բիզնես անելու ինչ ճանապարհներ են իրենց համար նախանշել, ապա դա կանեն հուշանվերային, հրատարակչական գործի միջոցով. «Այդ ասպարեզում մեր ներուժը շատ մեծ է, բայց արտաբյուջետային միջոցներ դեռ քիչ ունենք, այս տարի՝ առավել եւս, որովհետեւ Վանաձոր-Ալավերդի ճանապարհը քարուքանդ վիճակում է, եւ այս տարի, ցավոք, Դսեղ այցելու գրեթե չունեցանք, երբ հիմնական մեր արտաբյուջեն Թումանյանի տուն-թանգարանից էր ստացվում, եւ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ մեր մյուս մասնաճյուղը, որ սեպտեմբերին պետք է բացենք մեր նոր ցուցադրությունը, այսինքն՝ այս տարի մի քիչ խեղճացել էինք արտաբյուջեի մասով։ Իսկ արտաբյուջե ունենալու մեր միջոցներն այսպես ենք պատկերացնում՝ հուշանվերներ մեր գրողների, արվեստագետների մասունքներով՝ պատշաճ գրիչների վրա, շապիկներ, գրքեր, ալբոմներ, այսինքն՝ այն, ինչ թանգարանը կարող է թողարկել»։ Կարո Վարդանյանն արդեն հանձնարարականներ է ուղարկել բոլոր մասնաճյուղերին, որպեսզի հետաքրքիր առաջարկներ ներկայացնեն ու կյանքի կոչեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ