Ազատ ուսուցիչները պետք է ձևավորեն ազատ տնօրեններ

Ազատ ուսուցիչները պետք է ձևավորեն ազատ տնօրեններ

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդիպել էր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարվանը եւ կրթությանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ լսելու առաջարկություններ դպրոցների տնօրեններից: 



Մինչ այդ լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օգոստոսյան խորհրդակցությունների շղթա են անցկացնում, որի ժամանակ փորձում են մի քանի ծրագրերի մասին խոսել, մեկն ուսուցիչների դերի, կարգավիճակի բարձրացմանն ուղղված խնդիրներն են, մյուսը չափորոշիչային հարցերն են՝ դասագրքեր, կրթական ծրագրեր, եւ հաջորդը՝ հանրակրթության եւ բարձրագույն կրթության կապը. «Ամենակարեւոր թեման ֆինանսավորման մեխանիզմներն են դպրոցում, դրա կատարելագործումը։ Պարզ է, որ մեկ ֆինանսական բանաձեւով Հայաստանի բոլոր դպրոցները չենք կարող ֆինանսավորել, 2 հարթություն պետք է անենք՝ մինչեւ 300 աշակերտ ունեցող եւ 300-ից բարձր։ Ինչպես նաեւ՝ որակի պահպանման հարցը փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցներում, դասագրքերի խնդիրը, մեր հմտությունների ճիշտ ներառումը, ավագ դպրոցի դերակատարումը, թե ինչպես պետք է շարունակել»։



Անդրադառնալով այն հարցին, որ դպրոցներում արդեն սկսվել է դրամահավաքությունը, եւ ծնողներն ահազանգում են այդ մասին, Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ավելի շատ ծնողները դժգոհում են ոչ թե դրամահավաքի փաստերից, այլ նրանից, թե կոնկրետ ուր են նպատակաուղղվում այդ գումարները։ Նա օրինակ բերեց Բլեյանի դպրոցը, որտեղ ծնողը կանգնած է դպրոցի կողքին, քանի որ տեսնում է, թե ուր են ուղղվում այդ գումարները։ «Այնպես պետք է անենք, որ վերականգնեն վստահությունը դպրոցի հանդեպ եւ ուսուցչի հեղինակությունը բարձրացնենք»,- ասաց Մկրտչյանն ու արդեն քննարկման ժամանակ նշեց, որ դպրոցների խորհուրդներն այսօր իրենց աշխատաոճով չեն բավարարում այն պահանջներին, որոնք դրված են իրենց առաջ, եւ դրա համար կուզենար իմանալ, թե դպրոցի կառավարման ինչ մոդել կցանկանային տեսնել իրենք՝ տնօրենները, եւ ինչպես անել, որ դպրոցները կենտրոնանան իրենց հիմնական առաքելության վրա։



Նոյեմբերին ԱԺ-ում կներկայացվի նաեւ Կրթության զարգացման ծրագիրը, իսկ 2018-20թթ․-ն կրթության ոլորտում կլինի կոնկրետ փոփոխությունների շրջան, որը, ըստ նախարարի, ենթադրում է 3 հարթություն՝ կրթության որակ, կրթության կազմակերպում եւ կրթության կադրային ռեսուրսների ազատական բարելավում։ Նա մասնավորապես նկատեց, որ կրթության հումանիտարիզացումը մեծ վտանգ է ստեղծում կրթության զարգացման համար, միայն 2016թ․ տվյալներով՝ բարձրագույն կրթության բակալավրիատի 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններն են, եւ եթե հաշվի առնենք, որ այն 30 տոկոսի մի զգալի հատվածն էլ տանում է IT ոլորտը, ապա բնական գիտությունների ճակատագիրն ուղղակի վտանգված է։



«Մեր դպրոցների մի ստվար մաս ունի փոքր թվով աշակերտների խնդիր։ Մոտենամ այդ օպտիմիզացիայի խնդրին, որը, որպես այդպիսին, չկա։ Խնդիրը հետեւյալն է՝ ֆինանսավորման հարց եւ որակի հարց։ Եթե, ասենք, փոքր դպրոցում մեկ աշակերտի վրա ծախսվող գումարը գալիս-կանգնում է 3-4 մլն. դրամ, դա դեռ դժբախություն չէ եւ կարելի է ընդունել, բայց որ այդքան գումար ծախսվում է, եւ արդյունքում որակ չենք տալիս, ու այդ ծախսը չի արդարացնում, արդեն պետք է լուրջ մտածենք։ Ունենք խնդիր հանրակրթության ոլորտում։ Մեր երկրի վիճակն այնպիսին է, որ գյուղական վայրերում դեռ երկար ժամանակ պետք է ունենանք փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներ, բայց ունենք քաղաքներում մի վիճակ, երբ 2 կմ շառավղով տեղադրված են 1-2 գերբեռնված եւ 2-3 թերբեռնված դպրոցներ։ Երեւան քաղաքի համար 30-40 ավագ դպրոցը՝ կողք կողքի տեղաբաշխված, իսկապես բարդ խնդիր է, գյուղական դպրոցների դեպքում շատ դժվար է, Համաշխարհային բանկի ստանդարտների համաձայն, օպտիմիզացիայի ենթակա չէ որեւէ դպրոց, որի 5 կմ-անոց շառավղում այլ կրթական հաստատություն չկա։ Մի բան հստակ է, որ կրթական հաստատությունների շենքերը պետք է ծառայեն կրթական նպատակներին»,- ասաց ԿԳ նախարարն ու, անդրադառնալով Իսահակյանի եւ Զոհրապի անվան դպրոցների միաձուլման թեմային, նշեց, որ կպահպանեն 2 գրողների անուններն էլ, ուղղակի Զոհրապի անունով մեկ այլ դպրոց կկոչեն։ «Պերճ Զեյթունցյանը մահից առաջ ինձ մեսիջ էր ուղարկել, որ 2-րդ անգամ Զոհրապին չգնդակահարեք»։



Նա նշեց, որ մեր ժողովուրդը սիրում է, որ իր երեխան ստանա բարձրագույն կրթություն, մինչդեռ աշխարհում շատ տարածված է քոլեջների գաղափարը, երբ տալիս ես բակալավրիատի կրթություն, բայց այն շատ նեղ է ու կոնկրետ ուղղվածության. «Մենք պետք է ավագ դպրոցում մեր վերաբերմունքը փոխենք երեխաների նկատմամբ, որովհետեւ 18 տարեկաններին վերաբերվել որպես երեխայի, դուռը փակել, որ դասից չփախնի, գոռաս վրան կամ ուրիշ բան՝ չի ստացվի։ Գիտելիքը հանրակրթական դպրոցը պետք է տա ու վերջացնի, ավագ դպրոցը պետք է սովորեցնի երեխային ժամանակակից կյանքում իր գոյությունը պահպանել, ինքը պետք է կարողանա ազատ ընտրել, մենք էլ իրեն պետք է կողմնորոշենք, եթե չի կողմնորոշվում իր ապագայի հարցում»։



Լեւոն Մկրտչյանը ճնշումների մի շղթա նկարագրեց կրթական ոլորտում։ «Տնօրենները ճնշված են, գյուղում նրանց ճնշում են գյուղապետերը, տնօրենն էլ իր հերթին ճնշում է ուսուցչին, ուսուցիչն էլ ճնշում է աշակերտին ու ծնողին, արդյունքում ստանում ենք շատ վատ վիճակ»,- ասում է Մկրտչյանն ու առաջ քաշում ուսուցիչների որակի բարձրացման եւ նրանց սոցիալական խնդրի լուծման հարցը. «Ազատ ուսուցիչները պետք է ձեւավորեն ազատ տնօրեններ, բայց դրա համար դուք պետք է զբաղվեք ձեր հիմնական հարցերով՝ կրթությամբ, այսինքն՝ ազատության վիճակ պետք է ստեղծվի եւ ձեր ստեղծագործական մոտեցումը խրախուսվի»։ Նա օրինակ բերեց, թե, պատկերացրեք, ուսուցիչը շատ լավ է աշխատում, բայց նշանակված է մի տնօրեն, ով չգիտես ում աղջիկն է... Այստեղ արդեն դահլիճից հակադարձեցին նախարարին․ «Դուք էլ մի նշանակեք»։



«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ իր հերթին նախարարին առաջարկեց, որ լինի դաստիարակության մասին օրենք, որովհետեւ կարծում է, որ մարդը կարող է շատ լավ մասնագետ լինել, բայց քաղաքացի դաստիարակելու հարցում թերանալ։ Սակայն Մկրտչյանը նշեց, որ չի կարծում, թե օրենքը դեղատոմս է, ու եթե գրվեց դաստիարակության մասին օրենք, բոլորը պիտի սկսեն դաստիարակվել. «Դաստիարակությունը գալիս է ընտանիքով, ընդհանուր մթնոլորտով, իմ կարծիքով՝ մենք ավելի կարիք ունենք դաստիարակությունը մտցնել մեր կյանքի բոլոր ոլորտներ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ