Պետք է գա մի մարդ, ով գիտի կինոն ներսից

Պետք է գա մի մարդ, ով գիտի կինոն ներսից

Հարցազրույց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի հետ



- Պարոն Ստեփանյան, մոտ մեկ ամսից նախատեսված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագումարը, որտեղ պետք է ընտրվի նոր նախագահ։ Թեկնածուների պակաս կարծես թե չկա։



- Ես մոտավորապես գիտեմ, թե ովքեր են թեկնածուները։ Կարծում եմ՝ եղածների մեջ ամենաարժանին Հարություն Խաչատրյանն է։ Մարդ, որ ունի հեղինակություն եւ գործով է փաստել իր կարողությունները, ունի լայն կապեր։ Ի վերջո, պետք է գա մի մարդ, ով գիտի կինոն ներսից։ Դա շատ կարեւոր է։ Իհարկե, Ռուբեն Գեւորգյանցն իր տեղում շատ մեծ աշխատանք է կատարել, եւ, կարծում եմ, դեռ երկար ենք նրան հիշելու, բայց չեմ կարծում, որ Հարություն Խաչատրյանը նվազ կարեւոր գործեր կատարի, ավելին՝ եթե կարողացավ իր շուրջը հավաքել լավ թիմ, որը կհետեւի այն բոլոր ծրագրերին, որը միասնաբար կստեղծվի, մեր միությունը կարող է լուրջ աշխատանք կատարել, որովհետեւ կինոն այսօր շատ կարեւոր է։ Ի վերջո, մենք երբեք վերջին դիրքերում չենք եղել կինեմատոգրաֆում, ինչո՞ւ էլ ավելի չբարձրանանք ու էլ ավելի մեծ առաջընթաց չարձանագրենք։



- Որպես այդպիսին՝ վերջին տարիներին Կինեմատոգրաֆիստների միությունն ինչպե՞ս եւ ինչո՞վ է աջակցել կինոգործիչներին, ոչ սոցիալական իմաստով։



- Հարցն այն է, թե ինչը կամ որն է Կինեմատոգրաֆիստների միության նպատակը։ Ես անգամ խոսակցություն եմ ունեցել Ռուբեն Գեւորգյանցի հետ, եւ մենք ունեինք մի ծրագիր, շատ հետաքրքրական մանկական մի ֆիլմի, աշխատում էինք դրա վրա, բայց երեւի վերջին ամիսների հիվանդությունը նրան չթողեց այն իրագործել։ Եվ կար մի սցենար, որն ինքն էր գրում եւ ուզում էր նկարահանել, ընդ որում՝ ես էլ ունեի այնտեղ դերակատարում։ Այսինքն՝ առիթներ ունեցել ենք շփվելու, զրուցելու տարբեր հարցերի շուրջ։ Նոր ղեկավարությունը պետք է սատարի նաեւ լուրջ կինեմատոգրաֆի ստեղծմանը։ Կարծում եմ՝ տնտեսական հարցերով էլ կարող է օգտակար լինել, գաղափարական առումով էլ, եւ եթե նորից Հարություն Խաչատրյանի մասին խոսեմ, ապա «Ոսկե ծիրանն» էլ կարող է մի նոր լիցք եւ թափ ստանալ։ Չնայած չէի ասի, որ Ռուբեն Գեւորգյանցը չէր սատարում այդ փառատոնին, բայց այս դեպքում կարելի է ասել՝ քո երեխան կմեծանա ու կդառնա պատանի, երիտասարդ, գուցեեւ՝ ավելի զորեղ, եւ կստեղծվեն նոր ծրագրեր, կգան նոր մարդիկ։ Համենայնդեպս, ես շատ կուզեմ, որ կինոն լինի ոչ միայն պրոդյուսերական, որովհետեւ շատ հաճախ պրոդյուսերական կինոն եւ ընդհանրապես պրոդյուսերական արվեստը սահմանափակվում են միայն նյութական շահ հետապնդելու հարցերով, որից անպայման տուժում է արվեստը։



- Միության նախագահի պաշտոնում շրջանառվում է նաեւ Ռուբեն Գեւորգյանցի որդու՝ Վահե Գեւորգյանցի անունը։



- Ես ոչինչ չունեմ այդ տղայի դեմ, բայց թե՛ տարիքային առումով, թե՛ կյանքի փորձի՝ կինոմիություն ղեկավարելը հեշտ բան չէ։ Միությունը դա մարդիկ են, այդ մարդկանց հետ շփումը, նրանց հասկանալը։ Ես չեմ հիշում մի դեպք, որ Գեւորգյանցն ինձ կամ որեւէ մեկին չլսեր, չփորձեր հասկանալ, պարտադիր չէ, որ բոլոր հարցերում օգնության ձեռք մեկներ, բայց կլսեր, կհասկանար խնդիրը, կքննարկեր՝ ընդհուպ մինչեւ վեճի կարող էր հասնել։ Միություն ղեկավարելը նախեւառաջ այդ մարդկանց, կինոաշխարհի մարդկանց հոգսերը, մտքերը հասկանալն է, ձեռք մեկնելը, սա շատ կարեւոր է։ Հրաշալի տղա է, լավ ֆիլմեր ունի, այսինքն՝ առարկություն նրա մարդ տեսակի հանդեպ ես չունեմ, բայց սա այն դեպքն է, որ տարիքը, կյանքի փորձառությունը շատ կարեւոր նշանակություն ունեն։ Արդեն 7 տարի է՝ միության անդամ եմ, եւ բոլոր այն միջոցառումներին, որ Գեւորգյանցը դիմել է, փորձել եմ իմ ներդրումն ունենալ, բայց, ցավոք, կարծես ավելին անելու հնարավորություն այլեւս չկար, եւ դրա մասին էլ իր հետ խոսել ենք։ Գուցե նորընտիր ղեկավարությունն ինչ-որ քայլերի դիմի, ձեռնարկի նոր միջոցառումներ, ծրագրեր։



- Վերջին ամիսներին կինոյի ոլորտում տարբեր փոփոխություններ նախանշվեցին, ձեւավորվեց ֆիլմարտադրության հանձնակատարի ինստիտուտ, Գեւորգ Գեւորգյանն ազատվեց Ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից։ Ինչպե՞ս եք նայում այդ փոփոխություններին։



-Ես նայում եմ արդյունքներին, հիմա հանձնակատար է կոչվելու, թե իրագործող, ինձ համար հետաքրքիր չէ։ Գեւորգ Գեւորգյանն ի պաշտոնե քիչ գործ չարեց, համենայնդեպս, ինչքան մենք հանդիպել ենք՝ հազարումի հարցերով, ինքը միշտ պատրաստակամ էր։ Չգիտեմ՝ ում է մերժել, ում՝ ոչ, բայց, համենայնդեպս, Գեւորգ Գեւորգյանը կինոյին պիտանի մարդ է, եւ պետք չէ նրան միանգամից մոռանալ ու նրանից հրաժարվել։ Իսկ ինչ հիմա ստեղծվեց, պետք է կարողանալ օգնել եւ գոնե չխանգարել, այլ բան է, թե արդյունքն ինչ կլինի։ Արդյունքն արդեն ամենաորոշիչ գնահատականն է, մնացած խոսակցությունները մնում են զուտ խոսակցություններ, երբեմն բամբասանքի մակարդակի վրա։ Ինչ վերաբերում է Արսեն Բաղդասարյանին, ապա ոչինչ չեմ կարող ասել, ո՛չ ծանոթ եմ նրան, ո՛չ աշխատել եմ հետը։ Կաշխատի, կտա արդյունք, ըստ այդմ էլ մենք կտանք իր աշխատանքի գնահատականը։



- Բոլորն են փաստում, որ կինոն հարուստ երկրի մշակույթ է, եւ պետության կողմից հատկացվող գումարները միշտ բավարար չեն եղել։



- Եվ դա ճիշտ է, կինոն ոչ թե հարուստ երկրի արվեստ է, այլ կինոն, ինչպես ցանկացած ապրանք, պետք է ունենա իր շուկան։ Եթե մեր կինոն զարգացում ապրեց Սովետական Միության օրոք, պատճառն այն էր, որ կինոն արտադրվում էր հսկայական, բազմամիլիոնանոց երկրի համար, բոլոր հետսովետական շրջանի երկրները չունեն դա ու չեն էլ կարող ունենալ, որովհետեւ սահմանափակված են իրենց շուկայով։ Եթե մենք կարողանանք ստեղծել այն ֆիլմերը, որ պահանջարկ կունենան նաեւ դրսում, անմիջապես կարձանագրենք վերելք, բայց մեզ մոտ շատ տեղայնացված է այդ հարցը՝ հարեւանիս պրոբլեմները, բայց հարեւանիս պրոբլեմները համաշխարհային մակարդակի թեմա չեն։ Ամերիկան, եվրոպական մի շարք երկրներ, հիմա արդեն՝ նաեւ Պարսկաստանը, հզոր երկրներ են, որովհետեւ, ամեն ինչից բացի, ունեն նաեւ շուկա։ Իսկ դա շատ կարեւոր է, որպեսզի ապրանքդ կարողանաս նաեւ վաճառել։



- Շատ կինոգործիչներ հույսեր են կապում «Կինոյի մասին» օրենքի հետ, որը տարիներ շարունակ չէր ընդունվում, եւ հիմա փորձ է արվում ի վերջո այն ունենալ։ Դուք որքանո՞վ եք մասնակից այդ օրենքի մշակմանը եւ ռեալ ի՞նչ հույսեր եք կապում։



- Ես որեւէ ձեւով մասնակից չեմ, քանի որ ինձ չեն դիմել։ Կինոյում իմ աշխատանքը կինոդերասանի աշխատանք է, եւ շատ ավելի կարեւոր են կինոբեմադրիչները, կինոպրոդյուսերները, մարդիկ, ովքեր ստեղծում են կինոն։ Իսկ օրենքը միշտ այն չափանիշն է, որտեղ եւ որի սահմաններում յուրաքանչյուր մարդ պետք է գործի, եւ գոնե տալիս է այն ուժը, թիկունքը, որ ես գործում եմ օրենքի շրջանակներում։ Օրենքը պետք է ոչ միայն պարտադրի, այլ նաեւ պաշտպանի։ Եթե դա ի նպաստ կինոյի է՝ կողմ եմ, իսկ եթե մի օրենք է, որ գրվել է, քանի որ անհրաժեշտ է, ուրեմն պետք չէ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ