Բաց նամակ ՀՀ Կրթության և գիտության նախարարին

Բաց նամակ ՀՀ Կրթության և գիտության նախարարին
11-րդ հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է տարակուսանք առաջացնել: Հուլիսի սկզբին  նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան պաշտոնում վերականգնվելու հայցով: Դպրոցում շարունակում են աշխատել մարդիկ, որոնք ըստ աշակերտների ցուցմունքների մասնակից են եղել աշակերտների նկատմամբ տարաբնույթ բռնություններին կամ տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն հանցավոր անտարբերություն են ցուցաբերել: Լևոն Ավագյանի գործը վարող Երեւան քաղաքի դատախազության քննիչ Կարեն Բատիկյանի խոսքերից բխում է, որ դպրոցի տնօրենի այժմյա պաշտոնակատար Լիլիթ Բերբերյանը նույպես մասնակցել է փաստերի կոծկման գործին:



«Դայակներն ու դաստիարակն իմացել են, բայց չեն պաշտպանել» «Հրապարակ» օրաթերթ, 1 հունիսի 2010



Աշխատանքային անձնակազմի որոշ անդամներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, որոնք տարօրինակ են հնչում կատարված ծանր հանցագործությունների ֆոնի վրա: Դրանից ելնելով՝ խիստ մտահոգություն է առաջացնում դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Իրավիճակը շտկելու համար, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝



  • Ծառայողական քննություն անցկացնել դպրոցում տեղի ունեցած բռնոէէւթյունների վերաբերյալ


  • Ուսումնասիրություն կատարել անձնակազմի մասնագիտական կարողությունների և ունակությունների վերաբերյալ


  • Կատարել քննություն դպրոցում ընտանեկան և բարեկամական կապերի արդյունքում շահերի բախման խնդիրների շուրջ և կատարել համապատասխան կադրային փոփոխություններ




Արտակ Կիրակոսյան

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ



Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտե



Վերոնիկա Մելիքյան

Ընդեմ իրավական կամայականության հիմնադրամ



Մարիամ Սուխուդյան

ՀՀ քաղաքացի



Սոֆիկ Մինասյան

ՀՀ քաղաքացի



Աիդա Գևորգյան

ՀՀ քաղաքացի



Գուրամ Մաթիաշվիլի

ՀՀ քաղաքացի





Հավելում Մարիամ Սուխուդյանի կողմից

«
Միաժամանակ հայտնում ենք Ձեզ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Մ. Ենգիբարյանի կողմից ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցի կապակցությամբ տրամադրել համապատասխան իրավաբանական աջակցություն, այդ թվում դպրոցում սաների նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգությունների, բռնությունների վերաբերյալ գրավոր ապացույցներ, որոնցով հիմնավորվում է Մ.Ենգիբարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում դպրոցում սաների նկատմամբ արատավոր երևույթների շարունակական կատարումը և ուսուցչական անձնակազմի, մասնավորապես տնօրենի, հանցավոր անտարբերությունը նշված երևույթներին»։