Հերթական ինքնասպանությունը բանակում

Հերթական ինքնասպանությունը բանակում
Երեկ առավոտյան հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում: Վայքի զորամասում  պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանը, նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել: Մենք փորձեցինք պաշտպանության նախարարությունից կատարվածի արթիվ որեւէ պարզաբանում ստանալ: ՊՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը մեզ փոխանցեց. «Առավոտյան 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում»:



Արթուրը մոտ 2 տարի զորամասում աշխատում էր որպես պահեստապետ, եւ դեպքն էլ տեղի է ունեցել հենց պահեստում: Թե ինչն է պատճառ դարձել զինծառայողի նման քայլի համար, կամ ինչպես է զենքը հայտնվել Արթուրի ձեռքում, Աղեկյանը ոչինչ չասաց: «Այլ մանրամասներ հայտնի չեն»,- ասաց նա: Սակայն, մեր տեղեկություններով, Արթուրն ինքնասպան է եղել պահակազորի անդամներից մեկի զենքով: Նա խնդրել է պահակազորի անդամին, որ օգնի ինչ-որ արկղ տեղափոխել: Վերջինս էլ համաձայնել է, զենքը հենել է պատին, որ օգնի Արթուրին:



Արթուրն էլ արագ վերցրել է զենքն ու միանգամից կրակ բացել իր վրա, ինչից հետո տեղում մահացել է: Ինչպես նաեւ շրջանառվում է, որ Արթուրն ընտանիքում լուրջ խնդիրներ է ունեցել, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ նման քայլի: Արթուրը Վայքի քաղաքացի էր, ապրում էր Վայքում, ամուսնացած էր, ուներ մեկ զավակ: Սակայն երեկոյան էլ լուրեր էին շրջում, թե Արթուրն ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են՝ կրծքավանդակի հատվածում 4 հրազենային վնասվածք հասցնելով: Հիշեցնենք, որ այս ամենը նախնական տեղեկատվություն է, եւ դեպքի կապակցությամբ այլ պաշտոնական մանրամասներ ստանալ մեզ չհաջողվեց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: