Եթե «Կարոտի» անունը «Գազար» լիներ, արամուսցիները կհովանավորեին

Եթե «Կարոտի» անունը «Գազար» լիներ, արամուսցիները կհովանավորեին
Ավարտվեց 3-րդ «Կարոտ» փառատոնը, որի անվանումը, ինչպես ասուլիսի ժամանակ բացահայտել էր Ժերար Դեպարդիեն, ֆրանսերեն գազար է նշանակում (այ թե օրիգինալ փառատոն կլիներ, եթե անվանումն իսկապես «Գազար» լիներ, թե չէ՝ «Կարոտ»…):  Շատ բան այս տարվա փառատոնում նորություն էր: Առաջին անգամ էր փառատոնը անցկացվում Հայաստանում, առաջին անգամ Հայաստան եկավ Ժերար Դեպարդիեն, առաջին անգամ «Կարոտ» փառատոնի շրջանակներում հետմահու մրցանակներ շնորհվեցին մեր ազգի մեծերին:



Երեկ «Նովոստի» մամուլի ակումբում ասուլիս տվեցին եւ սրա մասին մեզ հայտնեցին ԱԺ մշակութային կապերը համակարգող Արմինե Անտիկյանը, մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ «Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի», «Կարոտ» փառատոնի նախագահ Մեծո Իգիթյանը, որն ասուլիսի ընթացքում ռուսերեն էր խոսում: Պարոն Իգիթյանը հետմահու մրցանակներ շնորհելու հաշվով ասաց, որ կարող են հանգիստ լինել, դեռ երկար են հետմահու մրցանակներ տալու՝ մեր ազգի մեջ մեծերը շատ են:



Փառատոնի հետագա անելիքների հաշվով ասաց, որ նպատակ կա մի փոքր այլ ձեւաչափով «Կարոտ» փառատոնն անցկացնել նաեւ Սիբիրում, իսկ թե որտեղ կանցկացվի հաջորդ` գլխավոր «Կարոտ» փառատոնը՝  պարզ կլինի մեկ ամիս անց: Նա նշեց, որ հնարավոր է փառատոնը երկու մասով անցկացվի. մեկը` Հայաստանում, մյուսը` Մոսկվայում: «Կարոտի» նախագահը խոստովանեց, որ նման անվանումով փառատոնն ավելի հարմար է անցկացնել սփյուռքում, որովհետեւ փառատոնի նպատակը եղել է հայրենիքից դուրս գտնվող հայերին ներկայացնել մեր լավագույն խմբերն ու համույթները, ծանոթացնել հայկական մշակույթին: Փառատոնը Հայաստան է եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով եւ անցկացվել  է  նրա հովանավորությամբ:



Փոքր է եղել հայկական բիզնեսի մասնակցության չափը այս տարվա փառատոնի հովանավորության գործում: Ընդամենը երկու ընկերություն են հովանավորել փառատոնը՝ «Յունիբանկը» եւ «Արմավիան»: Ի դեպ, այդ երկու ընկերություններն էլ սերտ կապեր ունեն ռուսական բիզնեսի ու ռուսական շուկայի հետ եւ նախորդ երկու փառատոնների ժամանակ էլ են հովանավորների թվում եղել: Փառատոնի նախագահը չասաց այն բիզնեսմենների անունները, ովքեր ժլատ են եղել եւ չեն բացել իրենց «սեյֆերը» «Կարոտի» համար, բայց հույս հայտնեց, որ հաջորդ փառատոնի ժամանակ կհովանավորեն: Պարոն Իգիթյանն ասաց, որ աշխատել են պետբյուջեի փողերից շատ չօգտվել, եւ պետության օգնությունը հիմնականում վարչարարական բնույթ է կրել:



Տիկին Հարությունյանն իր հերթին «արդարացրեց» հայաստանաբնակ բիզնեսմենների «ժլատությունը» նրանով, որ ժամանակը քիչ է եղել, իսկ բիզնեսմենները լավ ծանոթ չեն եղել փառատոնին, այլապես փող կտային: Մնում է միայն զարմանալ՝ միթե մեր բիզնեսմենների  շրջանում այդքան ցածր է Հովիկ Աբրահամյանի վարկը, որ նրա բարձր հովանու ներքո անցկացվող «Կարոտ» փառատոնի համար նրանք փող չեն գտել: Կամ` էդ ինչ մի մեծ փող էր պետք փառատոն անցկացնելու համար, որ մեր շռայլ ԱԺ նախագահն իր գրպանից չի տվել ու պետբյուջեի հույսին է թողել:



ՀԳ - Եթե «Կարոտի» անունը «Գազար» լիներ, փառատոնի հովանավորների թվում կարող էին լինել նաեւ Արամուսի գյուղապետը եւ հարուստ արամուսցիները: Մեծո Իգիթյանը կարող է լրջորեն մտածել փառատոնը անվանափոխելու մասին: Գոնե Հայաստանում անցկացվելիք մասը, թե չէ այստեղ կարոտախտով տառապող բիզնեսմեններ այնքան էլ շատ չեն, իսկ գազարը ով չգիտի, որ օգտակար բանջարեղեն է: