Կարապետ Ռուբինյան. ՀԱԿ-ը պետք է անցնի ավելի ակտիվ ռեժիմի

Կարապետ Ռուբինյան. ՀԱԿ-ը պետք է անցնի ավելի ակտիվ ռեժիմի
Ես ընդդիմության վերջին հանրահավաքը դրական եմ համարում: Այնտեղ հնչեցին բազմաթիվ սկզբունքային եւ կարեւոր հարցեր: Եղան կտրուկ, խիստ քննադատություններ եւ խոսվեց կոնկրետ անելիքի մասին: Չնայած շատերը պնդում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ընդամենը նախորդի վերլուծությունն էր, սակայն եթե ուշադիր կարդան նախորդ ելույթի վերլուծությունը, ապա կնկատեն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի որոշ դրույթներ կրկնեց, որոշ դրույթներ բաց թողեց: Սակայն երկուսն էլ կարեւոր էին՝ եւ կրկնած հատվածը, եւ բաց թողածը:



Հիմա պետք է հանրահավաքում հնչած անելիքները կյանքի կոչել եւ դա անելու եռանդից էլ կերեւա՝ կա՞ արդյոք անկեղծորեն պայքարը վերսկսելու մտադրություն, թե՞ ուղղակի խնդիր էր դրված ակտիվությունը պահպանելու: Երկու հակադիր կարծիքներ կան: Մեկն այն է, որ իսկապես այլեւս նահանջի տեղ չկար, եւ որպեսզի էլեկտորատը չկորցնեն, ընտրվեց հանրահավաքներով ակտիվանալու տարբերակը մինչեւ 2012 թվականը, մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները: Այսպես մտածում են հոռետեսները: Իսկ լավատեսները, որոնց թվին ինձ եմ դասում, կարծում են, որ, այնուամենայնիվ, շանս կա պայքարը վերսկսելու, եւ կարծում եմ, որ ճիշտը դա կլինի՝ ամբողջ թափով պայքարը վերսկսելու՝ առանց հերթական ընտրություններին նայելու:



Որովհետեւ, եթե հերթը հասնի ընտրություններին, ապա որեւէ լավ բան երկրի համար պետք չէ սպասել: Իսկ արտահերթ ընտրությունների գնալը նույնպես ընդդիմության ձեռքին է: Պայքարի միջոցով հնարավոր է փոխել իրավիճակը: Պայքարի միջոցով կարելի է պարտադրել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Դա ընդդիմության ձեռքին է: Ժողովուրդը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ երբ իրական պայքար է տեսնում, ապա շատ շուտ համախմբվում է: Երբ շանս է տեսնում այս ավազակախմբից ձերբազատվելու, շատ շուտ գալիս եւ կանգնում է հրապարակ:



Դրա համար ՀԱԿ-ը պետք է վերանայի իր քաղաքականությունը, իր ներքին կառուցվածքը, ներքին ժողովրդավարության, ազատականության լծակները գործի դնի, անցնի մեկ այլ, ավելի ակտիվ ռեժիմի, աշխատանքի եւ սկսի նորից կիրառել քաղաքացիական անհնազանդության զինանոցը, որը, չգիտես ինչու, հայտարարվել էր որպես մերժելի, հեղափոխական ուժի: Հիմա, եթե մենք այս ամենի արտահայտությունը մոտակա ժամանակները տեսնենք, ապա կհամոզվենք, որ իսկապես անկեղծ պայքար է գնում իշխանափոխության եւ երկրում օրինականությունը վերականգնելու համար:



Եթե այս ամենը չլինի, ապա իսկապես կարելի է համաձայնել հոռետեսների հետ: Նախանշանները պետք է շատ արագ երեւան, որ հնարավոր լինի եզրակացություն անել՝ սա իրական պայքար է, թե ձեւ է: Ցանկացած իրական պայքար վաղ թե ուշ բերելու է եւ հասցնելու է մի սահմանի, որտեղ այս հանցագործ իշխանությունները էլի կկանգնեն երկընտրանքի առջեւ՝ կրակե՞լ, թե՞ հեռանալ: Եվ երաշխիք տալ, որ չի կրկնվի մարտի 1-ը՝ դժվար է: Պայքարը պետք է կազմակերպել՝ այդ վտանգը հաշվի առնելով եւ փորձելով մաքսիմալ վնասազերծել, մաքսիմալ թուլացնել այս իշխանություններին, որպեսզի նման քայլերի չգնան:



Բայց միայն հանրահավաքներով, իհարկե, հնարավոր չէ թուլացնել իշխանություններին, կան շատ ուրիշ քայլեր, որոնք պետք է կիրառեն: Ընդհանուր առմամբ, պետք է նպատակ դնել այս իշխանությունների ոտքի տակ հողն այրել, հասցնել այն աստիճանի, որ նրանց համար այլընտրանք չլինի, քան հրաժարական տալը:



Կարապետ ՌՈւԲԻՆՅԱՆ