Ավանը Հանրապետականի բոստանն է

Ավանը Հանրապետականի բոստանն է
Շուրջս կատարվող դեպքերը խոսում են այն մասին, որ Հանրապետական կուսակցության լկտիությունը անցել է թույլատրելի բոլոր սահմանները: Չընդարձակվելով նրա գործունեության մեջ՝ ընդհանրապես, ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել սույն կուսակցության եղերագործությանը՝ այս անգամ բնության նկատմամբ: ՀՀԿ-ն բազուկները երկարել ու ծառ ու ծաղիկ, բաղ ու բախչեքն է կացնում: Անցած տարվա մայիսին Հանրապետականի պարագլուխները Ավան համայնքի թաղապետարանի ստահակների աջակցությամբ ժամանեցին Նարեկացի 43 շենքին հարակից ընկույզի եւ ծիրանի այգիներ, արմատախիլ արեցին 30 տարեկան ծիրանենիները եւ տեղում սկսեցին կառուցել իրենց շտաբ-«հասարակաց տունը»:



Իհարկե, ժողովուրդը չհամակերպվեց այդ անօրինությանը, կազմակերպեց ստորագրահավաք, որը կանխելու նպատակով գործի անցան ոչ միայն Հանրապետականի դրածոները, այլեւ ոստիկանության աշխատակիցները՝ ահաբեկելով ժողովրդին: Բնակիչներին ահաբեկելը հաջողվեց, որովհետեւ մարդիկ վախենում են իրենց ու սեփական ընտանիքի անվտանգության համար: Հանրապետականի մանկլավիկներից մեկը, եթե հիշողությունս չի դավաճանում՝ Ավանի թաղապետարանի գյուղատնտեսը, հարցազրույց էր տվել ու ասել. «Այս ի՜նչ անհասկացող ժողովուրդ են, որ ծառի էտելն ու արմատախիլ անելը չեն հասկանում»:



Եթե այս «մասնագետը» չի էլ տարբերում էտելն ու արմատախիլ անելը, ինչպես կարող է համապատասխանել զբաղեցրած պաշտոնին: Այս տարվա գարնանը կրկին մեզ «հյուր» եկան թաղապետարանի թափթփուկները եւ սկսեցին քանդել իրենց «հասարակաց տան» դիմացի այգին, որովհետեւ դրա տերերը ոչ Հանրապետականից էին, ոչ էլ կոալիցիոն մի ուրիշ կուսակցությունից: Ի դեպ, ավերված այգիներից մեկը ժամանակին պատկանում էր Սամսոն պապին, եւ այն որպես օրինակելի այգի՝ բազմիցս ցուցադրել են հայկական հեռուստատեսությամբ:



Կրկին վերադառնանք այգիների բռնազավթմանը: Մի ուրիշ «մոնղոլ-թաթար»՝ Պարույր Եփրիկյանը, հայտնի սցենարով կրկնապատկեց իր այգին եւ այնտեղ կառուցեց խորդանոց, որպեսզի սեփականաշնորհի ամբողջ տարածքը: Իսկ մյուս ՀՀԿ-ականին՝ Մայիսին, թույլատրեցին մրգի ու բանջարեղենի վաճառքի կետ բացել: Այնինչ այգիներից զրկված նախկին երկու տերերին նույնիսկ թույլ չտվեցին, որ գոնե աշնան բերքը հավաքեն: Ինչպես ասում են, հանրապետական եղիր՝ թեկուզ «պոլի փետ», ուրեմն տեր ես, հակառակ դեպքում ապրելու եւ ունենալու իրավունք չունես, դեռ ստեղծածիցդ էլ կզրկվես: Հենց այս արատավոր քաղաքականության պատճառով են հարյուր հազարավոր մարդիկ լքում հայրենիքը՝ արտերկրում աշխատելու եւ այլեւս ետ չնայելու վճռականությամբ:



Բերեմ մի օրինակ եւս. մոտ մեկ ամիս առաջ Ավանում բացվեց սպորտային համալիր, եւ այնտեղ աշխատանքի անցավ 170 մարդ միմիայն Հանրապետական կուսակցությունից: Ոչ հանրապետականներն այնտեղ թափանցելու իրավունք չունեն: Մեր նախագահի ու նրա կուսակցության դիրքորոշումն այսպիսին է՝ ավարառու օլիգարխների միջոցով թալանել ժողովրդին այնքան, որ նրանք հանապազօրյա հացից բացի ուրիշ ոչ մի բանի մասին  մտածելու ժամանակ չունենան, կախման մեջ ընկնեն օլիգարխներից՝ իրենց իսկ գրպաններից գողացածի մի չնչին մասը բարեգործության անվան տակ իրենց վերադարձնելու հույսով:



Վերջում ուզում եմ ասել, որ երկրորդ եւ ներկայիս նախագահը էստաֆետը մեկը մյուսին փոխանցելով՝ վարում են ազգադավ քաղաքականություն եւ կատարում այնպիսի բնաջինջ քաղաքականություն, որպիսին չէր եղել 15 թվականին: Մենք անընդհատ թուրքերից ենք պահանջում ցեղասպանության պատասխան, իսկ ինչո՞ւ չենք մեր ներսի թշնամուն պատասխանատվության ենթարկում այսօրվա ցեղասպանության համար:



Մայիս ՄԵԼՈՅԱՆ

Ավան համայնքի բնակիչ