Ասֆալտապատ երազանք ունենալու երազանքը` երազանք

Ասֆալտապատ երազանք ունենալու երազանքը` երազանք
Շիրակի մարզի Գյումրի-Ջրառատ ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը մեկնարկել էր օգոստոսի 20-ից: Ճանապարհի ասֆալտապատումը գյուղացիների ամենահրատապ լուծման կարիք ունեցող հարցերից էր: Սակայն անձրեւները սկսվել են, ճանապարհն ասֆալտապատ տեսնելու երազանքը հօդս է ցնդել. «Եթե որոշված էր, որ պիտի ճանապարհն ասֆալտապատեն, ինչի՞ համար սպասեցին մինչեւ աշնան գլուխ՝ նոր սկսեցին, չէին հասկանո՞ւմ, որ անձրեւները կխանգարեն: Եթե բարով-խերով գործը վերջացնեն, չնայած էլ չենք հավատում, ո՞վ է տեսել հոկտեմբեր-նոյեմբերին ասֆալտ էնեն, հաստատ որակի հետ կապված խնդիրներ կունենա»,- ասում են գյուղացիները:



Ճանապարհը ասֆալտապատման  պատճառով արդեն երկար ժամանակ է, ինչ փակ է,  Ջրառատ, Բասեն, Հովիտ եւ Կառնուտ գյուղերի  բնակիչները զրկված են Գյումրի հասնելու հնարավորությունից: Ամենավատթար վիճակում հայտնվել են ուսանողները: «Առավոտ ժամը 8-ին մի տրանսպորտ կա, որը  մեզ տանում է Գյումրի, բայց ճանապարհի պատճառով  մշտապես դասից ուշանում ենք: Սակայն, եթե հասնելը մի կերպ հասնում ենք, հետ գալը մեծ պրոբլեմ է, ավտոբուս ընդհանրապես չի գործում, տաքսիները 4 հազար դրամ են ուզում: Էն էլ անձրեւները սկսվել են, տաքսիներն էլ են հրաժարվում գյուղ գնալ: Շատերս էլ դասի չենք գնում կամ ստիպված սպասում ենք մինչեւ ժամը 7-ը, որ նույն ավտոբուսով հետ գանք»,- ասում են բասենցի ուսանողները:



Բացի հիմնական, գլխավոր ճանապարհից, Բասենի եւ Ջրառատի բնակիչները երկար տարիներ օգտվել են  համեմատաբար ավելի երկար` փոքր-ինչ բարվոք ճանապարհից, որն անցնում է այդ համայնքների  հողատարածքների մոտով, Նոր Ախուրյանի միջով հասնում է Գյումրի, սակայն անձրեւների պատճառով այդ ճանապարհն էլ արդեն  երթեւեկելի չէ: Այսպիսով, բնակիչները հայտնվել են կրախի առջեւ:



Ըստ պատասխանատուների՝ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ավարտի վերջնաժամկետ նշված է մինչեւ դեկտեմբերի 15-ը, բայց աշխատանքները կավարտեն նոյեմբերի կեսերին: Սակայն անձրեւի ու ցուրտ եղանակի պայմաններում արված ասֆալտի որակին բնակիչները կասկածում են:



Ի դեպ, ԱԺ փոխխոսնակի պաշտոնին տիրացած եւ այդ գյուղերի երեխաների մեծ մասի քավոր Սամվել Բալասանյանի խոստացած Հովիտի մոտ 1 կմ-անոց հատվածը այդպես էլ չի ասֆալտապատվելու:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ