Հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է

Հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է
Հայ բլոգերներին եւ բլոգոսֆերայում թափառել սիրողներին հայտնի է Գիլանցի բլոգը, որն ամենաընթերցվողներից է հայկական ԿՄ-ում (livejournal)։ Գեւորգ Գիլանցը բանաստեղծական կեղծանուն է, որ հայտնի է գրի հետ կապ ունեցող մարդկանց։ Իսկ առօրյա կյանքում, որտեղ բանաստեղծն իր օրվա հացն է վաստակում համակարգիչներ հավաքել-վերանորոգելով ու գրքեր ձեւավորելով, նա Ռուդիկ Գեւորգյանն է։ Ստացվում է, որ Ռուդիկը երկու անուն ունի, բայց դա ավելորդ ճոխություն չի թվում, քանի որ նա նաեւ երկու կյանք է վարում։



Բանաստեղծական կեղծանունը Ռուդիկը օդից չի վերցրել, Լոռվա Մարգահովիտ գյուղում Գիլանցը նրանց տոհմի մականունն է։ Նրա բանաստեղծություններում էլ շատ է հանդիպում գայլի կերպարը՝ որպես ցեղի ինքնության, արմատների ու բնության հետ կապի նշան։ Գիլանցը անկախության շրջանի այն միակ գրողն է, ով սովետական գրողական ավանդույթով ուսում է ստացել Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտում։ Նա երկու գրքի հեղինակ է, որոնցից մեկը հենց Մոսկվայում է տպագրվել՝ ռուսերեն թարգմանություններով։ Գիլանցը նաեւ Ռուսաստանի գրողների միության անդամ է, Ռուսաստանում տեղի ունեցող գրական իրադարձությունների մասնակիցը։ Եվ միաժամանակ «մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» բողոքի ակցիայի նախաձեռնողներից է։ Այս հակասությունից էլ սկսեցինք մեր զրույցը։



- Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում թափ առան հակառուսական տրամադրությունները։ Այդ շրջանում հրատապ ու ցավոտ խնդիր էր մշակութային անկախության ձեռքբերումը, բայց դու այնուհանդերձ գնացիր Մոսկվա՝ ուսանելու, շարունակելով սովետական ավանդույթը։



- Հայաստանում թափ առան ոչ թե հակառուսական, այլ հակակայսրական տրամադրությունները։ Ցանկացած կայսրություն դիտվում է որպես ժողովուրդների բանտ։ Իսկ ազատության ձգտողի համար կապ չունի, թե ով է բանտապահը։ Տվյալ դեպքում կայսրության կենտրոնը Մոսկվան էր... Իրականում ԽՍՀՄ տարիներին մենք ստեղծել էինք բավական շոշափելի մշակութային անկախություն, շռայլորեն օգտվում էինք մեծ երկրի գրականության ու գրական մեծ դաշտի ընձեռած հնարավորություններից։



Խորհրդային տարիներին մեր ունեցած մշակութային անկախության չափը զգացի Մոսկվայում. բոլոր նախկին հանրապետությունների գրականության եւ ընդհանրապես մշակույթների հանդեպ քամահրական, մեծապետական վերաբերմունք կար, բացի մերինից, բայց սա իներցիայի արդյունք էր, որն արդեն մարում է։ Մեր երկրի այժմյան կիսանկախ վիճակը օբյեկտիվ պատճառներ ունի. թեեւ ծանր գոյամարտով հաստատեցինք անկախ ապրելու մեր կամքը, բայց հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է։ Առանց այստեղ հաղթելու լիարժեք անկախություն չենք ունենա... Սա այլ, ավելի ծավալուն թեմա է։ Ինչ վերաբերում է Գորկու անվան գրական ինստիտուտին, հիմա էլ այն իր տեսակով եզակի է, ինչպես եւ ՎԳԻԿԸ։



- Բայց արդյո՞ք գրական կրթությունը պետք է գրողին։ Շատերը կարծում են, որ գրել չեն սովորեցնում։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ...



- Ալմաստն էլ, ածուխն էլ միեւնույն քիմիական տարրից են բաղկացած՝ ածխածնից, բայց ալամաստը հղկվում, ադամանդ է դառնում, իսկ ածուխն ինչքան ուզում ես հղկիր՝ միայն վառելու համար է պիտանի... Դրանք միեւնույն քիմիական տարրն են, բայց նրանց գոյացման միջավայրերն են տարբեր։ Այսինքն՝ գրողին ոչ թե պիտի գրել սովորեցնել, այլ պիտի կրթել, ինքնադրսեւորման ու ինքնազարգացման համապատասխան միջավայր ստեղծել, գրական պրոցես ապահովել... Այն, որ մեզանում ուղղակի չկա։



Կա դրա խաբկանքը, իմիտացիան։ Խորհրդային ժամանակներում այս գործառույթը Մոսկվայի ուսերին էր, մենք էլ, անկախանալով, դեն նետեցինք այն, ինչ պիտի պահպանեինք, ու պահեցինք անպետքը` կուռ ու միակ գրական միությունը, որը ես կհամեմատեի բորբոքված կույր աղիքի հետ։ Ի դեպ, այդ կուռ կառույցից Ռուսաստանում հրաժարվեցին, բազմազանություն մտցրին։ Գրականությունը դրանից միայն շահեց...



- Դու ներսից գիտես եւ ռուսական, եւ հայկական գրական միջավայրերը։ Ինչպե՞ս կհամեմատես դրանք։



- Տարբերությունը շատ մեծ է, ոնց որ լուն ու ուղտը։ Բայց ես չափերն ի նկատի չունեմ, այլ որակը։ Այնտեղ մինչեւ գրական տեքստը չկարդան, չիմանան՝ ինչ արժես, հասարակ մի երաշխավորագիր չեն տա, թեկուզ մոտիկ ընկերդ լինի։ Իսկ այստեղ, երբ ՀԳՄ անդամ չդարձա, Լեւոն Անանյանն ուսերն էր թոթվում, թե՝ ի՞նչ անեմ, դեմքդ չեն տեսել, չեն ճանաչում։ Ասում եմ՝ դեմքս ի՞նչ կապ ունի, գործերը պիտի կարդային, պիտի գրական մամուլից իմանային։ Ի՞նչ անեմ, ասում է, չեն կարդում։



- Ինչի՞դ էր պետք ՀԳՄ ընդունվելը, մանավադ որ Ռուսաստանի գրողների միության անդամ ես։



- Առաջին գիրքս տպել է ՀԳՄ-ն, Գրականության ինստիտուտ գործուղել է ՀԳՄ-ն, բազմաթիվ նամակներ ու միջնորդություններ է գրել, անգամ ուսման վարձով է օգնել։ Մի տեսակ պարտավորվածություն էի զգում։ Գալուցս հետո հարցրին, թե ինչ կառաջարկեմ, ծրագիր ներկայացրի՝ մանրամասն, նախահաշվով։ ՀԳՄ-ն այդ ժամանակ փող ուներ, մարաթոնի գումարները դեռ տեղում էին, բայց ուղարկեցին տարբեր միջազգային հիմադրամներ՝ փող «կպցնելու»... Բանն այն է, որ ծրագրում բացակայում էին ՀԳՄ ղեկավարության անունները։  Կարծում էի, որ իրենք բազմազբաղ են, ժամանակ չեն ունենա... (ծիծաղում է)։



- Այսօր Լեւոն Անանյանը հրապարակավ հայտարարում է, որ ՀԳՄ անդամ կարող է դառնալ ցանկացած ոք՝ անկախ տաղանդի առկայությունից։ Հիմա դիմելուց հետո ավելի դժվար է չընդունվել։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ քեզ չընդունեցին։



- Չգիտեմ, երեւի դրսում ունեցած ամուր կապերս վախեցրին։ Կամ հասկացել էին, որ այնքան էլ հլու եւ անվնաս չեմ։ Ինձնից պիտի այնպես ազատվեին, որ ես խոսելու տեղ չունենայի, որ կարողանային ասել՝ չընդունեցինք, վիրավորվել է։  Բայց դա չի, որ ինձ զայրացնում է։ Մոսկվայում եղածս ժամանակ հսկայական ջանքերի գնով կարողացա Գրական ինստիտուտում տարեկան մեկ հայ ուսանողի ուսումնառության քվոտա պոկել՝ ինձնից հետո եկողների համար, իսկ մերոնք սովորելու ուղարկեցին ոչ թե շնորհքով մեկի, այլ նրան, ում ուզում էին այնտեղ տեսնել։ Այդպես այդ ծրագիրը «ջրվեց»։ Ահա որն է մեր ու ռուսների տարբերությունը։



- Լավ, արի ադմինիստրատիվ հարցերը թողնենք ու համեմատենք գրական միջավայրերը, առկա խնդիրները՝ ընդհանուր գծերով։



- Ռուսաստանն ուներ եւ պահեց իր հզոր գրական դպրոցը, ավանդույթները։ Հիմա այնտեղ զարթոնք է։ Մեզ մոտ պատկերը տխուր է. գրական քննադատությունն իսպառ վերացած է, միայն բաժակաճառային տեսակն է գոյատեւում։ Որակյալ քննադատությունը ոչ ոքի պետք չէ՝ չի վճարվում, գրախոսվողների կողմից էլ ընկալվում է որպես անձնական թշնամանքի դրսեւորում։ Մեր գրական դաշտը մեկուսացած, մերձգրական ճահիճ է։ Մի կողմից լպիրշություն է, մյուս կողմից՝ գորշություն...



Մի թեւում ջահելներ են, որ թյուրիմացաբար կարծում են, թե հանգավոր, չափածո բանաստեղծության հաջորդ, ավելի բարձր փուլը վերլիբրն է, իսկ մյուս թեւում պարտադիր պայման են հայհոյանքն ու պղծությունը։ Այս «դպրոցների» հիմնադիրները հասցրել են բուծել երիտասարդ էպիգոնների մի բանակ, որտեղ ավագների վատ պատճենների քանակությունից սիրտդ խառնում է, ասես երկու-երեք դիմակի դիմակահանդես ես եկել, ուր դեմք ունեցողների մուտքն արգելված է։



- Դու կրթություն ես ստացել Մոսկվայում, բայց օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ բողոքի ակցիայի առաջին կազմակերպիչներից ես ու քաղաքացիական նախաձեռնության ակտիվ անդամ։ Չե՞ս ուզում, որ հայ երիտասարդներն ունենան Մոսկվայում սովորելու նույն հնարավորությունը, ինչ դու։



- Կարելի է կարծել, թե ես ռուսական կրթություն ունեմ։ Լեզուներ  իմանալու եւ դրսում սովորելու համար կարիք չկա օտարալեզու դպրոց գնալ։ Դա պիտի հայալեզու հանրակրթությունն ապահովի։ Եթե նախարարը չի կարողանում ապահովել լավորակ հանրակրթություն, ապա թող նախարարին փոխեն, վարչապետին փոխեն, ոչ թե մի նախարարի կամ վարչապետի տեղակ հազարավոր տաղանդավոր երեխաների լեզուն ու ինքնությունը փոխեն... Էսպես որ շարունակվի՝ էլ մեզ մորթելու կարիք էլ չի լինի, մեր կառավարությունը հայրենազրկման քաղաքականության մեջ արդեն պակաս չի առաջադիմել, քան մեր անցյալից հայտնի թշնամիները...



- Քանի որ դու բլոգեր ես, ուզում եմ խոսենք ինտերնետի՝ գրականությանը տված օգուտից ու վնասից։ Ըստ քեզ՝ ո՞րն է դրանցից ավելի շատ։



- Նույն հաջողությամբ կարող ես հարցնել, թե ինքնահոսի գյուտը գրականությանն օգո՞ւտ տվեց, թե՞ վնաս... Մենք ցանցի տված հնարավորությունների չնչին մասն ենք օգտագործում։ Մերոնց համար ինտերնետն ու «ադնակլասնիկը» դեռեւս միեւնույն բանն են... Եթե ընթացիկ գրական պրոցեսի հիմնական մասը ցանցում կազմակերպվեր, ինչպես ամբողջ աշխարհում է, ապա բավական թուղթ կխնայվեր, խոտան գրքերը կպակասեին, ու գիրքը կամաց-կամաց էլի լավ նվերների շարքին կդասվեր։



Չկա ռուսական մի «հաստ ամսագիր», որի խմբագիրը  կամ համապատասխան աշխատողը բլոգ չունենա, այնտեղ գրականությունը բլոգներից անցնում է գրական ամսագրեր, ամսագրերից` բլոգներ, նրանք անգամ հատուկ ցանցային գրականության մրցանակներ ունեն։ Իհարկե, ամեն ինչ միանշանակ չէ, բայց մեր դեպքում նույնիսկ հայերեն նյութերի ցանցային հագեցվածության խնդիրը լուծված չէ։ Չարենց կամ Թումանյան կարդալու համար պիտի «Գուգլի որոնում» տաս, հետն էլ` գտածդ նյութերի անաղարտությունը դեռեւս հարցականի տակ է։