Կլինի՞ ձրի Ձմեռ պապ

Կլինի՞ ձրի Ձմեռ պապ
Հետաքրքիր ժողովուրդ ենք հայերս, մեզ ոչ ֆինանսատնտեսական ճգնաժամն է ճնշում, ոչ նախատոնական թանկացումները, ոչ էլ փող չլինելը: Մեկ է` հայի հնարամտությունը ցանկացած պարագայում ելք գտնում է: Չնայած մեր քաղաքացիներից շատերը առանձնահատուկ ոգեւորությամբ չեն սպասում Ամանորին՝ «ավելորդ ծախս» համարելով այն, ինչը պարզեցինք նրանց հետ հարցում անելիս, այդուամենայնիվ քիչ չեն նաեւ հայ ընտանիքները, որոնք ամենատարբեր ճանապարհներով փող են հայթայթում, ավելին` վարկով փող են վերցնում Ամանորի ճոխ սեղան բացելու համար: Իսկ զավակների համար ամանորյա սյուրպրիզ անելը յուրաքանչյուր հայկական ընտանիք իր պարտքն է համարում: Դրա շնորհիվ էլ պարապ չեն մնում այս օրերին ամենաշահավետ «բիզնեսով» զբաղվող՝ «Ձմեռ պապի» այցելություններ կազմակերպող ընկերությունները:



Նոր տարուն դեռ կես ամսից էլ ավելի ժամանակ կա, բայց մանկական խնջույքներ կազմակերպող ընկերություններն արդեն վաղուց պատվերներ են ստացել Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ամանորյա այցելությունների համար: Երեխային  15-20 րոպե հաճույք պատճառելու համար մեր քաղաքացիները պատրաստ են վճարել 5-30 հազար դրամ:  «Բումբունիկ» մանկական հանդիսություններ կազմակերպող ՍՊԸ-ում, իրենց հավաստմամբ, Ձմեռ պապի ծառայության գները վերջին տարիներին անփոփոխ են մնացել, Ձմեռ պապի ու Ձյունանուշի համատեղ այցելությունը 20 հազար դրամ է:



Ընկերությունում այս տարվա պատվերների քանակից չեն դժգոհում, սակայն ասում են, որ դրանք նվազել են: «Բումբունիկի» Ձմեռ պապն ու Ձյունանուշն իրենց հետ նվեր չեն բերի, այն կպատրաստեն ծնողները, որը չի մտնում այդ 20 հազարի մեջ, բացառությամբ Ամանորի գիշերվա այցելությունների, երբ իրենց կողմից տարվա խորհրդանիշ-հուշանվեր կտան: Ոլորտում 7-ամյա փորձ ունեցող «Ակունք» ընկերության տնօրեն Սյուզաննա Գաբրիելյանի փոխանցմամբ, իրենց մոտ պատվերները քչացել են, բայց իրենք չեն պատրաստվում «ծառայության գներն իջեցնելով հաճախորդներ ավելացնել»:



Իսկ «Ակունքում» Ձմեռ պապի ծառայության գներն ամեն տարվա նման անփոփոխ են, բայց տարբեր՝ 5-30 հազար դրամ: «Դա կախված է՝ մանկապարտեզ են այցելում, թե տուն, քանի երեխա են լինելու, պրոֆեսիոնալ դերասան է Ձմեռ պապիի դերում, թե սովորական ուսանող, պատվերը 31-ի գիշերն է, թե նախորդ օրերին»,-պարզաբանում է ընկերության տնօրենը: Իրենց մոտ Ձմեռ պապ են աշխատում Տիկնիկայինի եւ Դրամատիկ թատրոնի հայտնի դերասաններ,-նշում է նա, դերասանների ցանկությամբ չհրապարակելով անուններ:



Բիզնեսը՝ բիզնես, բայց լավ է, երբ երեխաների համար է ինչ-որ բան արվում: Սակայն բազմաթիվ քաղաքացիներ, որոնց համար Ձմեռ պապը թանկ «հաճույք է», որոնց  երեխաներին  Ձմեռ պապն «այցելում է միայն երազներում», ցանկանում են, որ գոնե մայրաքաղաքի ամանորյա միջոցառումներին լինեն «ձրի» Ձմեռ պապեր, որոնց հետ լուսանկարվելու համար չեն վճարի, ինչպես նախորդ տարիներին: «Չնայած դեռ ճշտված չէ ամանորյա տոնակատարությունների ժամանակացույցը,  բայց այդ միջոցառումների ժամանակ լինելու են Ձմեռ պապեր, որոնց հետ անվճար կարող են լուսանկարվել»,-մեզ փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ