Սարիգյուղն ընտրությունների է գնում

Սարիգյուղն ընտրությունների է գնում
Մենք գրել էինք, որ հունվարի 30-ին Տավուշի մարզի  Սարիգյուղ եւ Լուսահովիտ համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սարիգյուղում գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանի հետ մրցակցելու է անկուսակցական Գագիկ Մադաթյանը: Վերջինս նախկինում գյուղապետ աշխատած Գերասիմ Մադաթյանի որդին է:  Նախընտրական քարոզարշավի ընթացքում գործող գյուղապետը որպես խաղաքարտ օգտագործում է կատարած աշխատանքները, նոր թեկնածուն` չարվածներն ու խնդիրները:



Սարիգյուղի ամենամեծ խնդիրը ջրի պակասն է: Գյուղացիներն ամեն օր դույլերով ջուր են կրում գյուղի մեկ-երկու աղբյուրից: Մի քանի օր առաջ երկու թեկնածուները միաժամանակ հանդիպել են ընտրողների հետ: Գյուղացիներն առանձնապես նոր բան չեն լսել: Իսկ Գագիկ Մադաթյանը մասնավորապես ասել է, որ լավ չի տիրապետում համայնքի բյուջեին, բայց եթե 1,5 տարում չլուծի ջրի եւ գյուղական ճանապարհների հարցը` ինքնակամ կլքի պաշտոնը: Ահա այսպես, առանց թշնամանքի ու մեծ լարվածության, նախընտրական գունավոր խոստումներ ստանալով` 1350 բնակիչ ունեցող Սարիգյուղի 950 ընտրողները գնում են դեպի գյուղապետական ընտրություններ:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ