Մոշ ու մոռով տնտեսություն են զարգացնելու

Մոշ ու մոռով տնտեսություն են զարգացնելու
2011 թվականին Տավուշի մարզում շարունակվելու է օրգանիկ այգիների հիմնումը: ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող օրգանիկ այգիների (մոշ, մոռ, հաղարջ) հիմնման ծրագիրը մարզում մեկնարկել է 2009 թվականից: Այն իրականացնում է «Թամարա ֆրուտ» ընկերությունը: Ըստ ծրագրի` 8-10 տարի ժամկետով եռակողմ պայմանագիր է կնքվում գյուղատնտեսության նախարարության, «Թամարա ֆրուտի» եւ ֆերմերի միջեւ: Մեկ ֆերմերին բաժին ընկնող տարածությունը պետք է լինի 3 հա-ից ոչ պակաս:



«Թամարա ֆրուտը» նախապես տրամադրում է տնկանյութը, հենասյուները, մետաղյա լարերը, պարարտանյութը, կատարում է նաեւ դրա ցրումը: Երկրորդ տարում ստացվում է բերքի նմուշը, իսկ երրորդ տարվանից արդեն այգին բերքատու է դառնում: Միջին բերքատվությունը 1 հեկտարից պետք է կազմի 12-17 տոննա: «Թամարա ֆրուտ» ընկերությունը բերքն այգուց տեղափոխելու է` դիմացը վճարելով տվյալ պահին գործող շուկայական գներին համապատասխան գին:



2009 թվականին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում հիմնվել է 3 հա այգի, Ազատամուտում` 2 հա: 2010 թվականին 3-ական հա այգիներ են գցվել Լուսահովիտ, Չինարի, Գանձաքար համայնքներում: 2011 թվականի համար հայտ են ներկայացրել Չինարի (9 հա), Այգեձոր (6 հա), Նորաշեն (5 հա), Բերդ (3 հա), Աչաջուր (3 հա), Սեւքար (3 հա) համայնքներում: