Բաց նամակ Հայաստանի բոլոր գրողներին եւ ոչ միայն

Բաց նամակ Հայաստանի բոլոր գրողներին եւ ոչ միայն
Սիրելի գրողներ, տեր կանգնեք ձեր միության նախագահին: Երեւի այսքանով կարելի էր ավարտել այս կոչ-նամակը, բայց իրականությունը չափից ավելի տխուր է եւ պարտավորեցնում է մի քանի բան ասել ու հնարավորինս օգնել ձեզ, որ տեր կանգնեք: Այս օրերին դարձյալ աղմուկ է Լեւոն Անանյանի շուրջ: Ավելի ճիշտ` Լեւոն Անանյանը խիստ զայրացել է, որ 2010 թվականն ամփոփող իր գործողություններից հերոսական Արցախում էլ այնքան տպավորված չեն, ինչպես ինքը կցանկանար:



Իսկ ինքը, հավանաբար, կցանկանար, որ թերթ ու մի քիչ էլ գիրք կարդացող արցախցիները յուրացնեին անանյանական աշխատաոճն ու տարածեին բազմաչարչար Արցախում: Այդպես չեղավ, ի՞նչ կարող ես անել: Ազատատենչ արցախցին չկարողացավ ըմբռնել մամուլի բերանը 37 թվի մեթոդներով փակելու մերօրյա նախաձեռնությունը, որն իր ողջ հմայքով արտահայտվեց Հայաստանում` «Կեղանք» եւ «Գեղանք» մրցանակների համադրության փորձով: Եվ տեղի ունեցավ ամենաանսպասելին` Արցախը միջամտեց ՀՀ ներքին գործերին, այսինքն Հայաստանի գրողների միության նախագահի արկածներին վերջ դնելու մի փորձ կատարեց:



Ո՞նց թե, մտածեց Անանյանն ու 2011թ. հունվարի 25-ին թռավ «Ազգ» օրաթերթի երեսին, որտեղ 14.01.2011-ին հանդես էր եկել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ իր տեսակետն արտահայտել Անանյանի մրցանակների վերաբերյալ: Նա իր ««Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» հոդվածում մասնավորապես նկատել էր. «Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»:



Արցախցի պատգամավորի այս եւ մի շարք այլ մեկնաբանություններ այնքան են զայրացրել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որ վերջինս քիչ է մնացել պատերազմ հայտարարի ԼՂՀ Ազգային ժողովին: Քիչ է մնացել` ուրեմն լա՞վ ենք պրծել: Մի շտապեք մխիթարվել, քանզի այս աղմուկից շվարած «Ազգ» օրաթերթը (չգիտեմ` դատվելո՞ւց, թե՞ կեղանքավորվելուց խուսափելու նպատակով) տպագրել է Անանյանի պատասխան հոդվածը, որի վրա` չգիտես լաս, թե խնդաս:



Երբ ես, տակավին միամիտ մի պատանի, բազմափորձ Անանյանին խորհուրդ էի տալիս գրին գրով պատասխանել, մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ ՀԳՄ նախագահը նաեւ այսպիսի գիր գրելու «շնորհք» ունի: Ես հիմա նոր եմ հասկանում, որ Անանյանին խայտառակ խորհուրդ եմ տվել, եւ որ գրելը նրան հակացուցված է թե Աստծո եւ թե մարդկության բոլոր օրենքներով:



Եվ վերեւում ընդգծածս կոչի մասին, աղաչում եմ, չմոռանաք:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ