Սոցապնախարարը կաշառքը «քոքից» կտրեց

Սոցապնախարարը կաշառքը «քոքից» կտրեց
Պարզվում է՝ մեր երկրում մի բան հաջողվել է ազատականացնել. դա կենսաթոշակների վճարման ծառայությունն է: Սակայն, ինչպես ցանկացած փոփոխություն, այնպես էլ սա արդարացիորեն ուղեկցվեց բունտով ու դժգոհությամբ, ինչը բնական է, քանի որ գործի անցնելուց առաջ հետեւանքները ծանրութեթեւ չեն արվում: 2010 թվականի նոյեմբերին որոշում կայացվեց կենսաթոշակների վճարման նոր կարգի մասին, որով պետք է բարելավվեր այդ ծառայությունը, նվազում էին կոռուպցիոն ռիսկերը, այսինքն՝ այն 200-ական դրամները, որոնք անօրինական պահում էին կենսաթոշակ ստացողներից, այլեւս չպետք է պահվեին:



Այդ նպատակով նախ մտցվեց անկանխիկ վճարումների համակարգը, ապա կենսաթոշակների վճարման իրավունքը հանձնվեց «Հայփոստ» ընկերությանը: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ «Հայփոստը» եւս ընդունակ չէ պատշաճ կազմակերպել այդ աշխատանքը, ու բազմաթիվ թոշակառուներ տոնական օրերն անցկացրին հերթերի մեջ, ստիպված եղան նյարդայնանալ ու դրամ կորցնել:



Դժգոհության ալիք բարձրացավ, ինչից հատկապես նեղսրտել է մեր վարչապետը: Երեկ կառավարության նիստի ժամանակ նա հորդորեց գործընկերներին օպերատիվ արձագանքել բնակչության խնդիրներին, որպեսզի «դրանք չշահարկվեն, ու իրենց անհարկի չքննադատեն»: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը երկար-բարակ հավաստիացրեց, որ շուտով ինչպես այս խնդիրն է լուծվելու, այնպես էլ սոցիալական ապահովության պետական ծառայության «վճարումների ծառայության» աշխատակիցների խնդիրները:



Հիշեցնենք, որ սոցիալական ապահովության համապատասխան բաժնի լուծարումից հետո մոտ 300 աշխատակիցներ գործազուրկ էին դարձել եւ այս կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության մոտ՝ պահանջելով աշխատանք ու իրենց վերջնահաշվարկը: Երեկ այս առնչությամբ վարչապետին պարզաբանումներ ներկայացնելուց հետո  նախարար Գրիգորյանը հանդիպեց բողոքողներին՝ անձամբ տեղեկացնելու, որ շուտով նրանց գործի են տեղավորելու:



Երբ Արթուր Գրիգորյանը շենքից դուրս եկավ, Վազգեն Խաչիկյանի նախկին աշխատակիցները հավաքվեցին նրա շուրջ ու շունչները պահած՝ սկսեցին կլանել յուրաքանչյուր բառը: Նշենք, որ «Հայփոստը», որին վստահվել էր թոշակների բաշխման գործը, սկզբում խոստացել էր այս աշխատակիցներին ընդունել աշխատանքի, սակայն հետո հայտարարել էր, թե 30 հոգու է ընդունելու:



Բայց հիմա նրա հույսին էլ մնացող  չկա, քանի որ Գրիգորյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան «Հայփոստում»: Բացի այդ, այսուհետ կենսաթոշակները վճարվելու են բանկերի ու վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով: Ըստ նախարարի՝  վճարահաշվարկային կազմակերպությունները հետաքրքրված են պրոֆեսիոնալ թոշակ բաժանողներով եւ առաջիկայում մրցույթ են հայտարարելու, ինչին կարող են մասնակցել նրանք:



Գրիգորյանի  մեկնաբանությամբ՝ դեռ մի բան էլ գործատուն պետք է շահագրգռված լինի այս կադրերին ընդունելու հարցում, քանի որ նրանցից է կախված, թե որքան մարդ կնախընտրի իրենցից թոշակ ստանալ, իսկ դա կարող է լրացուցիչ գումար բերել տվյալ վճարահաշվարկային կազմակերպությանը, ինչպես նաեւ բոնուսներ կգումարվեն աշխատավարձին:



Սա նշանակում  է, որ եթե մինչ օրս միայն «Հայփոստին» էր իրավունք տրված կանխիկ վճարումներ անել, ապա այսուհետ այլ կազմակերպություններ եւս նման իրավունք կստանան: Եվ այն չարաբաստիկ 200 դրամների հարցը. «Այսուհետ ձեզանից էդ 200 դրամները չենք ուզելու, որովհետեւ մեզանից էլ վերեւը չեն ուզում, եւ էդ պատճառով համ թոշակառուն ձեզանից գոհ կմնա, համ դուք ձեր աշխատանքից»:



Այսպես բացատրեց նախարարը, ասել կուզի՝ մինչ օրս այդ 200 դրամները վերեւից ուզել են, եւ Վազգեն Խաչիկյանն ինքնագլուխ չէր տնօրինում դրանք: Հավաքվածների բողոքը, այս լսելուց հետո, վայրկյանների ընթացքում վերածվեց երախտագիտության: Աշխատանք ունենալու հեռանկարն այնպես էր անկեղծացրել նրանց, որ մեկը մելամաղձոտ մենախոսեց, թե՝ «հիմա հանգիստ խղճով, պարզ ճակատով կնայենք թոշակառուի աչքերի մեջ»:



Մյուսն էլ կողքից սաստեց, թե՝ «լավ, էդ մասին էլ մի ասա, պետք չի հիշել, արդեն անցավ»: Իհարկե, ոչինչ այդքան հեշտությամբ չի անցնում անցյալի գիրկը, մանավանդ եթե տարիներով արմատացած ավանդույթի մասին է խոսքը, երբ յուրաքանչյուր թոշակառու իմացել է, որ 200 դրամ վճարողին թողնելը իր սուրբ պարտականությունն է: