Դատավորը` տղայական ռազբորկայի հեղինակ ու մասնակից

Դատավորը` տղայական ռազբորկայի հեղինակ ու մասնակից
2010 թվականի նոյեմբերի 8-ին  Լոռու մարզի վարչական դատարանի Ստեփանավանի նստավայրի 28-ամյա նորաթուխ դատավոր Արման Թովմասյանի եւ իր 4 «ախրաննիկների»՝ կարգադրիչների կողմից ծեծի ենթարկված եւ ներկայումս կալանավորված Աշոտ Հարությունյանը հունվարի 17-ից հացադուլ է հայտարարել: Մեր թերթն արդեն անդրադարձել է այդ միջադեպին:



Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ նույն օրը՝ նոյեմբերի 8-ին, ուշ երեկոյան Աշոտ Հարությունյանն իր ծանոթի հետ մտել էր խանութ եւ այնտեղ հանդիպել Լոռու մարզի դատարանի Ստեփանավանի դատավոր Արման Թովմասյանին։ Անհասկանալի պատճառով (Աշոտի հայրը պատմել է, որ դատավորը երկար նայել է իր տղային, եւ Աշոտը դատավորին հարցրել է, թե ծանո՞թ են իրենք) դատավորը վրդովվել է եւ առաջարկել Աշոտին մեքենան նստել եւ քշել իր հետեւից:



Վիճաբանությունը շարունակվել է դատարանի բակում, որտեղ 4 հոգի, դատավորն էլ նրանց հետ, ծեծել էին Աշոտին, հարվածել, գցել գետնին ու ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել: Եվ եթե չլիներ այս գործով միակ վկայի՝ Նունե Պառավյանի միջամտությունը, թե՝ եթե չդադարեցնեն, ոստիկանություն կկանչի, ծեծուջարդը երկար կշարունակվեր: Այս ամենից հետո ամենահետաքրքիրն այն է, որ հաջորդ օրը, առավոտ վաղ ոստիկանները ներխուժում են Աշոտի բնակարան եւ ձերբակալում նրան:



Աշոտին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել։ «Հիմա Աշոտին մեղադրանք են առաջադրում, որ նա ավելի շատ կարգադրիչների գործունեությանն է խոչընդոտել: Սակայն, համաձայն օրենսդրության, կարգադրիչներն իրավունք չունեն  դատարանի շենքի տարածքից դուրս պաշտպանեն դատավորին: Իրենք դատավորին կարող են պաշտպանել միայն դատական նիստի ժամանակ, իսկ գիշերը ժամը 12-ին դատավորը հանդես չի գալիս որպես դատարան, եւ կարգադրիչներն իրավունք չունեին նրան պաշտպանել»,-ասաց Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:



Փաստաբանը վստահ է, որ Աշոտին ներկայացված մեղադրանքը բոլորովին անհիմն է, քանի որ կա գործով վկա, ով մանրամասն ցուցմունք է տվել մի քանի անգամ, պատմել եղելությունը, բայց, չգիտես ինչու, այդ ցուցմունքը ոչ ոք բանի տեղ չի դնում: Փորձագետի եզրակացությունը նույնպես փաստում է, որ Աշոտի վրա կան բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ սալջարդեր, կապտուկներ, ամբողջությամբ պատառոտված ու ցեխոտված է եղել հագուստը, սակայն այս փաստերը նույնպես հաշվի չեն առնվում:



«Կարգադրիչներն ասում են, որ իրենք մատով չեն կպել Աշոտին, բայց ոչ ոք չի պատասխանում մեր հարցին, թե այդ դեպքում նրա վրայի վնասվածքները որտեղի՞ց առաջացան: Ստացվում է, որ, ըստ էության, նրանք սուտ ցուցմունք են տալիս»,-ասաց Հայրապետյանը: Բացի այդ, Աշոտի հայրը ձայնագրել է կարգադրիչներից մեկի խոսակցությունը, ով ասում է, որ շեֆն է ուշ ժամի զանգել-կանչել իրեն, ինքը մեղք չունի, ինքը չի ծեծել եւ այլն: Համաձայն օրենքի, այս գործը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը: Աշոտի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն Հատուկ քննչական ծառայությունը գործը չի քննում:



«Հատուկ քննչական ծառայությունը դիմում է գրում դատախազին, հարցնում է՝ ինչ անի, գործն ի՞նքը քննի, թե՞ չէ: Գլխավոր դատախազն էլ ասում է՝ թող այս գործը քննի ոստիկանության քննիչը: Ստացվում է, որ գլխավոր դատախազն անուղղակի ուղղություն է տալիս եւ համարում է, որ դատավորի կողմից իրավախախտում չի եղել: Իսկ եթե դատավորի կողմից իրավախախտում չի եղել, նշանակում է, որ գործը պետք է ոստիկանության քննիչը քննի, բայց միայն գործի քննությունը կպարզի, թե ով է մեղավոր»,-ասաց Տիգրան Հայրապետյանն ու հավելեց. «Դատական քննությունը գնում է փակ աչքերի ու փակ ականջների սկզբունքով: Իրենք ինչ ցանկանում են՝ տեսնում են, ինչ չեն ցանկանում՝ չեն տեսնում»:



Նրա կարծիքով՝ գործն այսպիսի ընթացք է ստանում, քանի որ այս գործն առնչվում է դատավորի հետ, որն իր կապերն օգտագործում է եւ ազդում գործի նախաքննության վրա: Արդեն 10 օր է, ինչ Աշոտը հացադուլի մեջ է: Փաստաբանը հորդորել է հետ կանգնել այդ քայլից, սակայն Աշոտն ասել է, որ գնալու է մինչեւ վերջ, քանի որ իր դեմ կիրառվել է անօրինական որոշում՝ իրեն մեղադրում են մի բանում, որն ինքը չի արել: Բացի այդ, ծեծել են իրեն, բայց տուժող են ճանաչել կարգադրիչներին: Այս գործը, փաստորեն, բացահայտում է մեր արդարադատության համակարգի իրական դեմքը: