Նիկոյանը` պոլիտեխնիկի քավոր

Նիկոյանը` պոլիտեխնիկի քավոր
Երեկ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում խորհրդի նախագահի ընտրություն էր. ավելի ճիշտ՝ վերընտրություն: Ընտրվում էր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, ով արդեն շուրջ մեկ տարի ղեկավարում է բուհի խորհուրդը: Նորմալ, սովետական նիստ էր. ամեն ինչ հիշեցնում էր սովետական նոմենկլատուրային բնորոշ պատկերը՝ ծափեր, գովեստի խոսքեր ու ակնկալիքներ ուղղված միակ թեկնածուին, կիսադատարկ դահլիճ եւ այլն:



Թե ինչ կարող է տալ Սամվել Նիկոյանը ճարտարագիտական համալսարանին, որի ներկա իրավիճակը փոխելու համար թերեւս ավելի առաջադեմ ու խարիզմատիկ ղեկավար է պետք, դժվար է կռահել, բայց դա թերեւս կարեւոր չէ ներկա իշխանության համար: Կարեւորն այն է, որ ԵՊՃՀ-ն ղեկավարում է հանրապետական յուրայինը, թեկուզ պրոգրեսի հետ մի քիչ էլ չասոցացվող:



Իսկ եթե մի օր էլ Սամվել Նիկոյանի վերելքի ուղին օրինակ դառնա պոլիտեխնիկցիների համար, ապա  Պոլիտեխնիկի ապագան հաստատ «մշուշոտ է»: Պարոն Նիկոյանը ավելի շատ նոմենկլատուրային գործիչ է, ով «մարտի 1»-ի հանձնաժողովը այնպես ղեկավարեց ու այնպիսի զեկույց գրեց, որ չնայած հասարակության, մեղմ ասած, քննադատությանը, ապահովեց իր սրընթաց վերելքը դեպի ԱԺ փոխնախագահի պաշտոն: Իսկ ահա 2010-ին պարոն Նիկոյանին վստահվեց նաեւ ԵՊՃՀ խորհրդի նախագահի պաշտոնը: «Մարտի 1-ի» հանձնաժողովը ղեկավարած Սամվել Նիկոյնաի պաշտոնները այսքանով կսահմանափակվե՞ն, թե՞ այնուամենայնիվ կավելանան, կերեւա ապագայում:



Իսկ պոլիտեխնիկում խնդիրները քիչ չեն. ուսանողների թիվը նվազում է՝ մասնագիտությունների առումով անկումներ կան, մի շարք մասնագիտություններ «մահանում են» դիմորդներ չկան: Դիմումների հիմնական մասը՝ 51.8 տոկոսը բաժին է ընկնում կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժնին, ինչպես նաեւ  ռադիոտեխնիկա ու կապ եւ էներգետիկակա:  Մնացած ֆակուլտետների դիմորդները տարեցտարի նվազում են: Հատկապես քիչ են դիմում մեքենաշինական, ընդերքաբանության, քիմիական ֆակուլտետներ: Բուհի ասպիրանտուրայում ընդամենը 1 վճարովի տեղի դիմում է եղել:



Այն, որ պետական բուհերը դարձել են վերահսկողության ոլորտ կամ լծակ այս կամ այն կուսակցության՝ մեծամասամբ ՀՀԿ-ի համար, արդեն օրինաչափություն է, թեեւ ՀՀ օրենքն արգելում է բուհերում քաղաքական գործունեությունը, ինչպես նաեւ կրթական հաստատությունները քաղաքական նպատակներով օգտագործելը: Գաղտնիք չէ, որ պետական բուհերը դարձել են տարբեր պաշտոնյաների երրորդական աշխատատեղը ու նրանք այս կամ այն պետական բուհի խորհուրդներում տեղավորվելոով՝ իրենց համար նոր լծակներ են ապահովում:



Ուշագրավ է, որ ԵՊՃՀ խորհրդի կազմում ընտրվել են մի շարք հանրապետականներ՝ սկսած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավոր Գագիկ Մինասյանը, էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ԿԲ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը, էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Խորհրդի կազմում են նաեւ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, ինչպես նաեւ քաղաքաշինության ԲՀԿ -ական նախարար Վարդան Վարդանյանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեցինք, թե հանրապետականների թիվը խորհրդի կազմում նշանակո՞ւմ է, որ ԵՊՃՀ-ն ամբողջությամբ հանրապետականանում է:



«Ես չգիտեմ, թե ինչ մեթոդաբանությամբ եք հաշվել: Ես կարող եմ ընդամենն ասել, որ որեւէ քաղաքական նկատառում որեւէ խորհուրդ կազմելիս չենք ունեցել, այդ թվում՝ պոլիտեխնիկի»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Աշոտյանը: Իր նախընտրական ելույթում Սամվել Նիկոյանը խոստացավ շատ քննարկումներ կազմակերպել, որ «այս հզոր բուհը» վերադառնա իր նախկին ստատուսին ու դառնա մրցունակ:



«Եթե ընտրեք, միասին մենք սիրով եւս կաշխատենք»,- դահլիճին դիմեց միակ թեկնածուն: Նրանից հետո ելույթ ունեցավ մի դասախոս՝ կոչ անելով սատարել Նիկոյանի թեկնածությունը: Ուսխորհրդի նախագահ, մագիստրատուրայի ուսանող Կարապետ Թոռչյանը եւս ձայն խնդրեց ու կոչ արեց ընտրել պարոն Նիկոյանին, թեեւ այսպես թե այնպես պարզ էր, որ Նիկոյանն էր ընտրվելու: Ուսխորհրդի նախագահը, սակայն, մեկի տեղը երկու անգամ կրակոտ ելույթ ունեցավ ի պաշտպանություն Սամվել Նիկոյանի, դրվատանքի խոսքեր ասաց ու մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց նրան:



Թերեւս ներկա երիտասարդներին ոգեւորել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի օրինակը, ով դեռ բժշկական համալսարանի ուսխորհրդում եղած ժամանակ ուղիղ ճանապարհ հռչակեց ուսխորհրդում ակտիվությունն ու իշխող կուսակցությանն անդամագրվելը եւ արդյունքում՝ այժմ ԿԳ նախարար է, ինչպես նաեւ՝ բժշկանական համալսարանի խորհրդի նախագահ:



ԵՊՃՀ նախկին ռեկտոր, ներկա դասախոս Յուրա Սարգսյանը ձայն խնդրեց, ու հարց ուղղեց Նիկոյանին, թե ինչպե՞ս է պատրաստվում ղեկավարել բուհի խորհուրդը: Ասել է թե, ԵՊՃՀ-ում պարոն Նիկոյանի արածը այնքան էլ տեսանելի չի եղել դասախոսների համար: Յուրի Սարգսյանն առաջարկեց հանձնաժողովներ ստեղծել, որ հանձնաժողովների մշտական աշխատանքի միջոցով ավելի արդունավետ ղեկավարել բուհը: Ի դեպ՝ մեր հարուփորձից պարզվեց, որ պարոն Նիկոյանին որոշ դասախոսներ մի քանի ամիս առաջ են տեսել բուհում: Ընդհանրապես կարելի է նկատել, որ բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում քաղաքական գործիչները՝ սկսած Սերժ Սարգսյանից, որն էլ ԵՊՀ խորհրդի նախագահն է, որեւէ գործունեություն չեն ծավալում: Թե ինչու են զբաղեցնում այդ պաշտոնը՝ եթե քաղաքական նպատակներ չեն հետապնդում, հայտնի չէ:



Ինչեւէ՝ պարոն Նիկոյանը ընտրվեց միաձայն ու ծափերով: Նրան շտապեց շնորհավորել ԿԳ նախարարը: