Խնայենք իրար

Խնայենք իրար
Ճիշտ է, մեր բանակի մասին դիտողություններ կան, բայց այսօր դրա օրը չէ: Հայոց բանակն ի վիճակի է դառնալու մեր կյանքի, մեր իրականության, բոլոր բնագավառներում հաղթանակների թագն ու պսակը: Արդեն երկու տասնամյակ է, ինչ հայոց բանակի գոյության շնորհիվ մեր կանայք գիշերները կարող են հանգիստ քնել իրենց խեղճացած ամուսինների կողքին (խեղճացել են, բա... մեծ մասը չի աշխատում, չէ՞):



Ճիշտ է, մենք հաղթանակած բանակ ունենք, բայց այսօր հասարակական ընկալումը բանակի վերաբերյալ ուրիշ է: Եվ դա պատճառ է վատ հսկողության, դրվածքի: Զգոն չեն: Ես մանկատանն եմ մեծացել եւ... բանակն էլ կարծես մեծ, հսկա մանկատուն է: Ինչպես կնքում են երեխաներին եկեղեցում՝ սրբազան ավազանի մեջ, ու դարձնում քրիստոնյա, այնպես էլ բանակն այն կազմավորված հայրենասիրության սուրբ ավազանն է, որտեղ պատանիները պիտի գնան եւ դառնան տղամարդ: Այլ հարց է, որ բանակի ներքին կյանքը մեզ չի գոհացնում: Զարհուրելի՝ իր համբավին չսազող երեւույթներ (սպանություններ, ինքնասպանություններ) էին, որ վերջին շրջանում տեղի ունեցան:



Հերոսներ են էդ մայրերը, որ կարողանում են դիմանալ, բայց հավատացեք՝ էդ պետականորեն չի արվում, դրանք խուժան, չգիտեմ ինչ  մարդիկ են: Եվ չպետք է ուրանալ այն, որ չափից շատ ուշադիր զինվորականներ էլ ունենք: Ի վերջո, ընտանիքում էլ են, չէ՞, անախորժ բաներ լինում: Եվ հետո, բանակում բոլորը չեն, չէ՞, զոդված... զուլալված մարդիկ էլ կան: Այո, թերություններ կան, որ պետք է շտկվեն, ուշադիր լինեն: Օրինակ, մանկատանն էլ զոռբաներ կային, որ երեխաների ճաշն էին առնում-ուտում:



Հիմա բանակում ոչ թե հրամանատարները պետք է աքլորանան, ինչքան իրենց ուժը պատի, իրենց պագոններից ելնելով վարվեն զինվորի հետ, այլ ինչքան մարդկային լինեն, այնքան զինվորը խոնարհ կլինի: Գյոթեն ասում է. «ինչքան կռանաս, այնքան հեշտ է հեծնելը», եւ դրա կողքին պետք է հասկանալ ոչ միայն հեծնելը, այլեւ հնազանդվելը: Զինվորը կսիրի մարդկային հրամանատարին եւ այդ սիրուց դրդված՝ ամեն ինչի կարող է գնալ: Շահեք զինվորի սիրտը, սիրեք նրանց ձեր երեխաների նման: Զինվորի հետ խոսեք հանգիստ, զրուցեք հոր պես, հասկացեք եղբոր նման: Չէ՞ որ հայ մայրն իր ափերի մեջ է մեծացնում արու զավակին, ով կարող է իսկույն չընտելանալ զինվորական ռեժիմին:



Այսուհանդերձ, չի կարելի բանակին քննադատել եւ ինչ ասես շպրտել, վերջին հաշվով բանակը մեր սրբությունն է, բանակը մեր ուժն է, մեր պահապանը, մեր մայրն է, մեր հայրը: Անկախ ամեն ինչից՝ բանակը մեր տերն ու տիրականն է, մեր հողի  եւ մեր հոգու պահապանը: Խնայենք իրար:



ՄԵՏԱՔՍԵ

բանաստեղծուհի