Ֆրանսիայի պատգամավորները` ի պաշտպանություն Արցախի

Ֆրանսիայի պատգամավորները` ի պաշտպանություն Արցախի
Արցախի ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ Ֆրանսիայի պառլամենտի պատգամավորների շրջանում «Հանուն Ղարաբաղի խաղաղության» վերտառությամբ ստորագրահավաք է անցկացվում։ 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի պառլամենտում տեղի ունեցավ ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված այդ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը, որի շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն են։



Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստորագրահավաքը ձեռնարկվել է դեռեւս 2010-ի տարեկեսից, երբ հունիսի 18-ին Մարտակերտից արեւելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողության արդյունքում հայկական կողմը տվել է 4 զոհ, 4 վիրավոր, ադրբեջանականը՝ 1 զոհ։



Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ հայտարարության տեքստի տակ դրված են Ֆրանսիայի պառլամենտի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները, եւ որ գործընթացը դեռեւս շարունակվում է: Ասուլիսին ելույթ ունեցան ֆրանսիական պառլամենտի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պատգամավորներ Ռընե Ռուքեն, Ժաք Ռըմիլիեն, Գի Տեսսիեն, նորերս պատգամավոր դարձած Մարի Էլեն Թորավալը, այլ պատգամավորներ:



Որոշվել է հայտարարության տեքստը եւ այն ստորագրած պատգամավորների ցուցակներն ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ՝ ի գիտություն, ինչպես նաեւ այն տարածել ֆրանսիական լրատվամիջոցների շրջանում:



Հաղորդագրության մեջ ասված է, որ ֆրանսիացի 145 պատգամավորները, որոնց մեծ մասը ներկայացված են նաեւ ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում եւ այլ եվրոպական ներկայացուցչական մարմիններում, այս ակցիայով հստակորեն դատապարտել են Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու գործողությունները եւ պաշտպան կանգնել սեփական կառավարության դիրքորոշմանը՝ քաղաքական երկխոսության միջոցով ԼՂ հիմնահարցին խաղաղ լուծում գտնելու վերաբերյալ:



«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, վերջին վերապրողները մի ժողովրդի, որոնց գոյությունն իրենց պապենական հողերի վրա նվազել է շագրենի կաշվի պես՝ 1915 թ. ցեղասպանությունից ի վեր, դատապարտված լինի ապրելու մշտատեւ ռազմական ճնշման ներքո»,- ասված է Ֆրանսիայի խորհրդարանականների վերոհիշյալ հայտարարության մեջ։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ