ԶԼՄ-ներն անազատ են քաղաքական եւ տնտեսական պայմանների բերումով

ԶԼՄ-ներն անազատ են քաղաքական եւ տնտեսական պայմանների բերումով
«Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որին մասնակցում են քաղաքացիական հասարակության վաթսունից ավելի կազմակերպություններ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ «ԶԼՄ-ները Հայաստանում, 2010-ի անդրադարձները եւ 2011-ի միտումները» թեմայով կոնֆերանս էր հրավիրել:



Եվ այսպես, ինչպես 2010-ին արդեն արձանագրվել էր,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից ՝ Հայաստանում ԶԼՄ-ները գտնվում են մասնակի ազատից անազատի վերածվելու եզրագծին: Փաստորեն, ըստ փորձագետների, եթե ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրությունը բավական բարենպաստ է՝ բացառությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, ապա  թերի է օրենքներում ամրագրված նորմերի ու իրավունքների կիրառման մասով:



«Այսինքն՝ օրենքի առջեւ պետք է հավասար լինեն բոլորը, եւ եթե լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտվում են, ապա մեղավորները պետք է պատիժ կրեն, ինչը մենք հաճախ չենք տեսնում, գրեթե չենք տեսնում»,-նշեց Խոսքի ազատության կոմիտեի տնօրեն Աշոտ Մելիքյանը: Եթե իրավական դաշտում ԶԼՄ-ների գործունեությունը կարելի է գնահատել մասնակի ազատ, ապա լրատվամիջոցների տնտեսական եւ քաղաքական միջավայրերի պայմանները դա թույլ չեն տալիս:



Սակայն տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրվեց, որ, ի տարբերություն հեռուստատեսությունների, տպագիր մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծությունը գոնե արտացոլված է: «Հեռարձակման ոլորտն իսկապես կառավարելի է, եւ կարծես դիրիժորական փայտիկով կարող են ինչ-որ թեմաներ լուսաբանվել, ինչ-որ թեմաներ՝ ոչ»,-ասաց Մելիքյանը, վկայակոչելով իշխանական եւ ընդդիմադիր գործիչների լուսաբանման խտրականությունը:



««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն իմ պատկերացմամբ միակն է, որի շուրջ երբեք իշխանությունների հետ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել, նրանք համարել են, որ հեռուստատեսությունն իրենց իշխելու ոլորտն է»,-նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Նրա խոսքով՝ հեռուստաընկերություններն իշխանության համար պրոպագանդայի եւ փիառ-ի միակ միջոցն են՝ հատկապես մարզերում: «Պետք է մտցնել պարզ լիցենզավորման համակարգ, համաձայն որի՝ յուրաքանչյուր անձ կարող է դիմել ՀՌԱՀ-ին ու պարզ ընթացակարգով լիցենզիա ստանալ, դրանից հետո նոր ընտրել հեռարձակման ձեւը՝ կաբելային, ինտերնետ, մասնավոր շահագործման կապուղի եւ այլն»:



Հատկապես կարգավորող մարմինների ընտրության եւ պետական կապուղիներով մրցույթին մասնակցելու ժամանակ, ըստ Հարությունյանի, հանրային լսումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: «Այսօր ՀՀ-ում 1 տոկոսից պակաս մարդ գիտի, թե իրեն ինչ է սպասվում 2012-ին: Եթե չեք հավատում՝ պատվիրեք սոցհարցում Ահարոն Ադիբեկյանին»: Մասնագետների համոզմամբ՝ սխալ է նաեւ «ՀՌԱՀ-ի կապվածությունը գործադիր մարմինների հետ»: Իսկ 2010-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները 2009-ի համեմատությամբ քիչ, բայց նվազել են, մինչդեռ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն ավելացել են:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ