Ով վաճառի` ով զրպարտի

Ով վաճառի` ով զրպարտի
«Հրապարակի» հունվարի 25-ի համարում «Ձիու միսը տավարի մսի տեղ են իրացրել» վերնագրով հոդվածում հղում էինք արել ոստիկանության պաշտոնական տեղեկատվությանը, որտեղ ասվում էր. «Հունվարի 21-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ 38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010թ. նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում  մեկ կիլոգրամը 1500-2000 դրամով վաճառել տարբեր անձանց:



Պարզվել է նաեւ, որ Արմեն Ն.-ն մի քանի անգամ ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին... կատարվում է հետաքննություն»: Մեր հոդվածը խիստ զայրացրել է «Վանաձորի շուկա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Շահինյանին, եւ նա, մեր գրածը հերքելու նպատակով, երեկ ասուլիս էր հրավիրել եւ մեզ մեղադրում էր իրեն «զրպարտելու» մեջ:



Նա պնդում էր, որ իրենց շուկայում ձիու միս չի վաճառվել եւ, հետեւաբար, չի էլ առգրավվել: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանությունը նման տեղեկատվություն տարածել, նա միայն հիշեցրեց հաղորդագրության վերջին նախադասությունը՝ «կատարվում է հետաքննություն»: Մենք էլ մեր հերթին ենք հարկ համարում հիշեցնել «պարզվել է նաեւ, որ...» միտքը: Ըստ շուկայի տնօրենի, այս ամենի մասին ինքն իմացել է մամուլից, իսկ ավելի կոնկրետ՝ «Հրապարակից»:



Սակայն, եթե այդքան «զրպարտված» է իրեն զգում, ինչո՞ւ չի փորձել պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից: Փոխարենը «Վանաձոր շուկա» ՍՊԸ տնօրենը խոսել է իր մոտ աշխատող բոլոր մսավաճառների հետ, եւ բոլորն էլ պնդել են, թե իրենք ձիու միս չեն վաճառել: Ոստիկանության Վանաձորի բաժնից տեղեկացանք, որ գործն ուղարկվել է Լոռու մարզային քննչական բաժին: Քննիչ Սասուն Մխիթարյանը խոստացավ, որ առաջիկա օրերին կտրամադրի իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվությունը: