Խաչիկյանի վերջին «վերաքննիչ բողոքը»

Խաչիկյանի վերջին «վերաքննիչ բողոքը»
Հայաստանաբնակների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված՝ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումներից մեկն էր նաեւ «աշխատանքային ապահովագրական ստաժ» հաշվելու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 47 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանափակումների վերացումը, այսինքն՝ այսուհետեւ այդ սահմանափակումներից ավելի քաղաքացու ունեցած աշխատանքային ապահովագրական ստաժները դատական կարգով հաստատվում են՝ ինչքան էլ որ լինի, որը հանգեցնում է կենսաթոշակի ավելացմանը: Սակայն ժողովրդի սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր:



Օգտվելով օրենքի ընձեռած այդ հնարավորությունից՝ չնայած ուշացումով, 2010թ. հունիսից նախապատրաստել էի համապատասխան նյութեր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ դրանից հետո դժվարին տարիներին իմ ունեցած աշխատանքային ապահովագրական ստաժը դատական կարգով հաստատելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ, հաշվի առնելով օրենքի պահանջը, 2010թ. հոկտեմբերի 15-ին հաստատել է 3 տարվա՝ կոլտնտեսությունում աշխատած տարիների ստաժս:



Սակայն դատարանի այդ որոշումը հաճելի չէր Սոցիալական պետական ծառայության Վանաձոր քաղաքի տարածքային բաժնի աշխատակիցներին, եւ նրանք, փոխանակ դատարանի կողմից հաստատված փաստը   գրանցելու եւ դրանից ծագած իրավունքները ձեւակերպելու, ձեռնամուխ եղան վերաքննիչ բողոք կազմակերպելու գործընթացին: Դատական վճռի կատարումը 2 ամիս ձգձգելուց հետո՝ 2010թ. դեկտեմբերի 12-ին, նրանք «վերջին շնչում հասցրեցին 9 էջից բաղկացած «վերաքննիչ բողոք» ներկայացնել վերաքննիչ դատարան (բողոքը ստորագրել է Վազգեն Խաչիկյանը):



Մեզ՝ թոշակառուներիս հայտնի է, որ բոլոր օրինական հիմքերի առկայության պայմաններում անգամ սոցապում աշխատանքային ապահովագրական ստաժներ չեն հաշվում (1-15 տարի): Ստաժ չհաշվելու տարբեր մեխանիզմ է մշակված (երեւի ֆոնդին հատկացված միջոցներից չարաշահման եւ յուրացման ռեզերվ ստեղծելու համար): Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքից քաղաքացիներիս հայտնի է, որ Խաչիկյանին չարաշահումների եւ յուրացումների պատճառով ազատել են իր ղեկավարած ծառայության պետի պարտականություններից:



Բայց մեզ առայժմ հայտնի չէ՝ Վերահսկիչ պալատի ստուգողները ստուգման ընթացքում արդյոք չէի՞ն բացահայտել չարաշահման եւ յուրացման ռեզերվ ստեղծելու հետ կապված  հարցերի պատասխանները, եւ արդյոք Խաչիկյանը մենա՞կ է այդ «չարաշահումներում եւ յուրացումներում», թե՞ ունի գործընկերներ Երեւանում եւ մարզերում: Վերահսկիչ պալատի ընդգրկվելը հանրապետությունում կոռուպցիոն կլանային համակարգի դեմ մղվող պայքարի գործընթացներում մեզ՝ քաղաքացիներիս, հույս է ներշնչում, որ այն կհաղթահարվի:



Սակայն Խաչիկյանի «վերջին շնչում» գրած «վերաքննիչ բողոքը» (որտեղ չկան վերաքննման ենթակա հարցեր) ցույց է տալիս, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտում կլանային կոռուպցիան խոր եւ ուժեղ արմատներ ունի: Թվում է, թե այժմ անելիքներ ունի նաեւ դատաիրավական համակարգը, առանց որի Վերահսկիչ պալատի ստուգումները կհավասարվեն զրոյի:



Ռաֆիկ ՍԱՀԱՐՅԱՆ

կենսաթոշակառու, Վանաձոր