Մուբարաքը ցրել է կառավարությունը

Մուբարաքը ցրել է կառավարությունը
Երեկ երեկոյան Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ ցրել է կառավարությունը. նրա այդ որոշումը կապված է վերջին օրերին չդադարող բողոքի ցույցերի հետ։ Մուբարաքի ուղերձը հեռարձակել են երկրի խոշորագույն հեռուստաալիքները։



Մոտ 30 տարի իշխանության ղեկին կանգնած նախագահը խոստացել է կազմավորել նոր կառավարություն արդեն իսկ շաբաթ օրը։ Նա նշել է, որ անկարգությունները պարզապես երկիրը ապակայունացնելու փորձ են, և նաև հայտարարել, որ բարեփոխումներ է իրականացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում։ Սակայն Մուբարաքն իր ելույթում չի անդրադարձել իր հրաժարականի հարցին, մինչդեռ ցուցարարների պահանջը հենց դա է։ Reuters գործակալությունը հայտնում է, որ զինվորականներն իրենց վերահսկողության տակ են պահում Տահրիր հրապարակը, որտեղ ցուցարարների հիմական մասն է։



Վերջին տվյալներով, Սուեց քաղաքում անկարգությունների հետևանքով մահացել են 13 մարդ, տուժել են 75–ը։ Ամբողջ երկրի տարածքում վիրավորների թիվը հասնում է 1030–ի։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ձերբակալվել են մոտ հազար ցուցարարներ։