Աղջիկը մի գիշերվա մեջ կին է դառնում, տղեն 2 տարում` տղամարդ

Աղջիկը մի գիշերվա մեջ կին է դառնում, տղեն 2 տարում` տղամարդ
Երեկ հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձն էր: Պաշտոնական Երեւանը նշում էր՝ շնորհավորանքներ, տոնական համերգ, հանդիսավոր նիստ, ծաղկեպսակ Եռաբլուրում: Մենք որոշեցինք շրջել քաղաքում ու մեր 19-ամյա բանակի մասին զրուցել հասարակ քաղաքացիների հետ: Ինչ կարծիքի են նրանք մեր բանակի մասին, ինչ է բանակն իրենց համար, ինչից է սկսվում բանակն իրենց կարծիքով:



Արթուր, գրավաճառ, 54 տ. - Բանակում ամենակարեւորը զինվորի դուխն ա, ոգին, եթե ոգին չեղավ, բանակն էլ չի լինի: Բանակը սկսվում է բարոյական վերաբերմունքից, սպայական կազմից: Կուզեի, որ բանակը լիներ կամավոր, ինչպես շատ երկրներում, բայց մեր երկիրը դրան դեռ պատրաստ չէ, որովհետեւ բոլորի ծնողներն էլ վախենում են, ու պարզ է, թե ինչու՝ վերջին շրջանում էլ ինչ ասես տեղի չունեցավ բանակում: Իսկ ամենալավ պայմանները պետք է ստեղծվեն բանակի համար:



Կարեն, էներգետիկ, 27 տ. - Բանակը սկսվում է հայրենասիրությունից, բանակը մեր պետականության հիմքն է: Հաստատ կարամ ասեմ, որ ես ու իմ նման շատ տղերք առանց աչք թարթելու պատրաստ ենք մեր կյանքը տալ մեր հայրենիքի համար ու հաստատ տարածաշրջանում էլ ամենապինդ բանակը մենք ունենք:



Սուրեն, նախկին սպա, տնտեսագետ, 29 տ.- Բանակը առաջին հերթին կարգապահությունից է սկսվում, հետո նոր ազգային արժեքների կիրառումից՝ հայրենասիրություն, ազգային մենթալիտետ: Ունենք միջին մակարդակի բանակ, որը, կարծում եմ՝ նորմալ է զարգացող երկրների համար: Բանակում միշտ էլ դեպքեր լինում են, բայց մեղադրել դրանում միայն բանակի ղեկավարությանը՝ սխալ կլինի, որովհետեւ բանակը հիմնականում համալրվում է դպրոցը նոր ավարտած երեխաներով, իսկ այսօրվա սպաները դեռ պատրաստ չեն այդ երեխեքին ղեկավարելու:



Հրանտ, ասպիրանտ, 23 տ. - Դեռ չեմ ծառայել, բայց եթե գումար ունենայի, անկեղծ ասում եմ՝ չէի գնա: Պատճա՞ռը՝ նաեւ բանակում տեղի ունեցող վերջին դեպքերը, հետո, ըստ իս, դա 2 տարի անիմաստ վատնած ժամանակ է, այդ ընթացքում ահագին բան սովորում ես, բայց ահագին էլ հետ ես ընկնում:



Արմեն, թուրքագետ, 24 տ. - Բանակը սկսվում է զինվորից, ամեն ինչն էլ զինվորն է անում, չէի ասի, որ շատ մարտունակ բանակ ունենք, բայց մարտունակ է: Բանակում ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետեւ լրիվ նոր մի կյանք է սկսվում: Ծառայել եմ ու, ինչու չէ՝ կուզեի 2-րդ անգամ էլ ծառայել:



Վաչե, երկրաբան, 70 տ.- Բանակը միանշանակ սկսվում է զինվորից: Բանակը մեր հզորությունն է, այն պետությունը, որը չունի բանակ, հզոր չի: Արու զավակը պետք է ծառայի բանակում, բանակն է տղամարդուն տղամարդ սարքում: Այսօր լավ, կազմակերպված բանակ ունենք:



Սամվել Կոխրիկյան, Արցախյան շարժման ազատամարտիկ (ներկա պահին լոտո վաճառող) - Բանակը սկսվում է ազգային ինքնագիտակցությունից, բայց, ցավոք, մինչեւ այսօր այդ հասկացողությունը մենք չունենք, որովհետեւ դա մեզ տրվեց միանգամից: Ինչպես որ մեր հասարակությունն է, այնպես էլ բանակն է, եթե այս հասարակության մեջ այսքան սար ու ձորի տարբերություն կա, հնարավոր չէ, որ բանակում նույն պատկերը չլինի, որովհետեւ էդ նույն բանակում մեծահարուստի լակոտ էլ կա, հասարակ մարդու երեխա էլ, դա մեր հասարակության հայելին է: Բանակում կատարվող դեպքերը բոլորիս մեղքն են, կարգ ու կանոն էդ դեպքում չի էլ կարող լինել, այնինչ անկախ երկրի բանակը պետք է լիներ լրիվ ուրիշ ձեւով:



Վիգեն, 23 տ., կինոօպերատոր - Ծառայելուց հետո ես հասկանում, թե ինչ կարեւորություն ու նշանակություն ունի բանակը: Հենց մեկը այն, որ քո հայրենիքը պաշտպանելով՝ նաեւ քո տունն ես պաշտպանում: Հայրենիքով է սկսվում բանակը ու դրանով էլ շարունակվում: Նորմալ բանակ ունենք ու կարեւորը՝ հասկացող զինվորներ, որ հասկանում են ինչի համար են ծառայում: Հետո. բանակում դու մտածելու ժամանակ ունես, թե քո կյանքը ոնց ես ուզում դասավորել: Բանակում ամեն միջադեպ հրամանատարից է գալիս, եթե հրամանատարը լավը եղավ, զինվորները միշտ կհարգեն նրան ու կսիրեն:



Հրաչ, սպորտսմեն, 30 տ. - Բանակը պետության հիմքն է, տղու համար բանակը կարեւոր դեր է խաղում, որովհետեւ էդտեղ ես դառնում ինքնուրույն: Եթե աղջիկը մի գիշերվա մեջ է կին դառնում, տղեն 2 տարվա մեջ է տղամարդ դառնում, ընենց որ, բանակը կարեւոր բան է: Փառք Աստծո, լավ բանակ ունենք, մանավանդ, որ մեր գեների մեջ կա այդ մարտունակությունը: 100 տոկոսանոց բանակ չկա, ինչ գիտենք Ռուսաստանի բանակում ինչեր են կատարվում: Պետք չի թերագնահատել մեր բանակը, եթե հաշվի առնենք, որ ընդամենը 19 տարեկան է: