Իրանցի անասնագողերն ու ԱԱԾ օպերատիվ աշխատանքը

Իրանցի անասնագողերն ու ԱԱԾ օպերատիվ աշխատանքը
Իրանի հետ սահմանակից Սյունիքի Նռնաձոր՝ նախկին Նյուվադի գյուղից այս տարվա հունվարին 14 կով է կորել: Գյուղացիների համոզմամբ՝ անասունները գողացել են Իրանի կողմից սահմանը հատած անասնագողերը ու տարել Իրան: Նռնաձորը սահմանակից է ազատագրված տարածքներին, որոնք էլ իրենց հերթին սահմանակից են Իրանին: Այդ հատվածում սահմանը հսկում է ՀՀ ԱԱԾ 2-րդ բանակային կորպուսը:



Կորած կովերից 6-ին սահմանապահները գտել են Արաքսի ափին, մացառուտների մեջ՝ պարսկական պարաններով կապած, ու վերադարձրել: 8 կովերի ճակատագիրն անհայտ է: Մեզ զանգահարած նռնաձորցիների խոսքերով՝ անասունների կորուստը նշանակալի է գյուղի համար: «Միշտ մեր կողմը հետ է վերադարձրել: Մենք դիմում ենք սահմանապահներին, ասում են՝ օպերատիվ աշխատանք ենք տանում անասուններին հետ վերադարձնելու համար, բայց մենք օպերատիվ աշխատանք չենք տեսնում: Իսկ էդ կովերի կորուստը լուրջ վնաս է գյուղացուն»,- ասացին գյուղացիները: