Մահապատիժը՝ միջազգային սկանդալների պատճառ

Մահապատիժը՝ միջազգային սկանդալների պատճառ
Նախորդ շաբաթ Նիդեռլանդների կառավարությունը սառեցրել է պաշտոնական Թեհրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները: Պատճառը Նիդեռլանդների եւ Իրանի քաղաքացիություն ունեցող Զահրի Բահրամին մահապատժի ենթարկելն է եղել: Վերջինս մեղավոր էր ճանաչվել թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ:



Մահապատիժն Իրանում սովորաբար իրականացվում է հրապարակայնորեն, որպեսզի քաղաքացիները դաս քաղեն ուրիշների սխալներից: Զահրի Բահրամին կախաղան էին բարձրացրել, ինչն էլ լցրել էր Նիդեռլանդների կառավարության համբերության բաժակը: «Ես խորապես ապշած եմ բարբարոսային ռեժիմի գործողություններից»,- հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը:Կանադայի հետ եւս Իրանի հարաբերությունները կարող են սառեցվել, քանի որ իր մահապատժի կատարմանը սպասող Սաիդ Մալեկպուրի դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել կանադական հասարակությունում:



Կանադացի լրագրողները հայրենի կառավարությանը կոչ են անում քայլեր ձեռնարկել իրենց քաղաքացու կյանքը փրկելու ուղղությամբ: Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին երկու ամսվա ընթացքում մահապատժի է ենթարկվել 118 մարդ, միեւնույն ժամանակ տասնյակ քաղաքացիներ կալանավայրերում սպասում են իրենց պատժի կատարման օրվան: Նշենք, որ Իրանը բնակչության թվին բաժին հասնող մահապատիժների մեծ քանակությամբ աշխարհում առաջին պետություններից է: