Google-ը օգնության է հասնում եգիպտացի ժողովրդին

Google-ը օգնության է հասնում եգիպտացի ժողովրդին
Google-ը Եգիպտոսի բնակիչներին հնարավորություն է տվել օգտվել Twitter-ից առանց ինտերնետ կապին միանալու։ Հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել հեռախոսահամարը և ուղարկել ձայնային հաղորդագրություն, որն ավտոմատ կերպով կուղարկվի Twitter։ Ավելի վաղ հայտնում էին, որ Եգիպտոսի վերջին ինտերնետ-պրովայդերն այլևս չի աշխատում, և երկիրը մնացել է առանց ինտերնետ կապի։



Մինչ այդ, ինչպես հայտնում է BBCն, Կահիրեում աստիճանաբար սահմանափակում են նաեւ լրատվամիջոցների գործունեությունը: Օդանավակայանում պաշտոնական անձիք երկիր մուտք գործող օտարերկրյա լրագրողներից բռնագրավում են ռադիոհաղորդման սարքավորումները։



Արդեն յոթերորդ օրն է, ինչ Եգիպտոսում շարունակվում են մասսայական բողոքի ցույցերը՝ պահանջելով նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։ Երեքշաբթի օրը ցուցարարները պատրաստվում են Կահիրեում անցկացնել «միլիոնի երթ», որին միանալու համար Ալեքսանդրիայում՝ երկաթգծի կայարանում, հազարավոր մարդիկ են հավաքվել։ Անժամկետ գործադուլի կոչեր անող ցուցարարներին զորքը հավաստիացրել է, որ նրանց դեմ ուժ չի կիրառվելու։