Պատմություն անդրաշխարհից

Պատմություն անդրաշխարհից
Պատերազմ էր, իսկ ես երիտասարդ էի: Երազում էի հայտնվել մարտի դաշտում, լինել անվախ ու քաջ զինվոր: Երազում էի ավտոմատն ուսս գցած, ինձ նայող մարդկանց հիացական հայացքների ներքո, անհոգ թեթեւությամբ հատել հրապարակն ու բարձրանալ ռազմաճակատ մեկնող բեռնատարի թափք: Բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեի:



Պետք է իրականացնեի ծնողներիս երազանքը` կրթություն ստանայի, պետք է օգնեի փոքր քույրերիս ու եղբայրներիս, պետք է զորավիգ լինեի հիվանդ հորս: Շատ բան պետք է անեի, բայց պատերազմ էր, վտանգված էր հայրենիքը, եւ իմ առաջին ու կարեւորագույն գործը հայրենիքը պաշտպանելն էր:



Տանը ոչինչ չասացի: Բոլորից թաքուն գնացի ու զինվորագրվեցի: Բախտս բերեց՝ հայտնվեցի մի լավ ու կազմակերպված ջոկատում: Մեր ջոկատի հրամանատարը խիստ, բայց արդարամիտ, ժամանակին զինվորական լավ կրթություն ստացած,  մարտական փառավոր ուղի անցած մի գնդապետ էր: Հենց սկզբից նա հայտարարեց, որ պատրաստվում է մեզանից իսկական զինվորներ պատրաստել:



Ներքին մի անասելի հպարտությամբ ու խանդավառությամբ էի ուսս գցում ինձ հաշվեկցված ավտոմատը: Մի քանի ամսից ուսուցումն ավարտվեց:  Սկսվեց իսկական պատերազմը: Մեր հրամանատարը մեզ լավ էր պատրաստել: Կռվում էինք  ոգեւորված ու անվախ: Թշնամին նահանջում էր, մենք առաջ էինք անցնում թշնամու ավերած գյուղերով՝ տների բակերում ու այգիներում ընկած բնակիչների ու նրանց զոհված զինվորների դիակները մեր հետեւից եկող սանիտարական ջոկատներին թողնելով: Ոգեւորված էինք բոլորս ու հաղթանակի նկատմամբ անսասան հավատով լցված: Պատրաստվում էինք վերջին մի զարկով վերջնականապես ծնկի բերել թշնամուն, բայց մեր հաղթական արշավի ամենասրընթաց պահին զինադադար հայտարարվեց:



Մի երկու ամսից զորացրվեցի: Տուն վերադարձա եւ սարսափով իմացա, որ հայրս արդեն չկա: Լացը սեղմում էր կոկորդս, արցունքները խեղդում էին: Գոնե տանը լինեի, գոնե վերջին հրաժեշտը տայի: Հարեւաններն ինձ մխիթարում էին, բացատրելով, որ իմ մեղքը չէ, որ պատերազմ էր, որ բացակայությունս բացատրելի ու հարգելի է: Ես էլ էի դա հասկանում, ինքս էլ էի ինձ այդ բացատրությամբ մխիթարում, բայց մի անհասկանալի ու անբացատրելի տխրություն ու մեղքի զգացում ինձ հանգիստ չէր տալիս:  Ինչ որ է… ապրել էր հարկավոր:



Առաջին հերթին որոշեցի սովորել: Քննության ժամանակ ընդունող հանձնաժողովի անդամը պատերազմի մասնակցի վկայականս ու մարտի դաշտում ստացած շքանշաններիս հավաստագրերն ուշադիր ուսումնասիրելուց հետո մի քանի հարց տվեց եւ իմ կցկտուր պատասխանները լսելուց հետո ասաց, որ իրենց բուհ ընդունվում են ոչ թե մարտական սխրանքների, այլ գիտելիքների հաշվին, եւ խորհուրդ տվեց սովորելու գաղափարից հրաժարվել:



Սկսեցի աշխատանք փնտրել: Վստահ էի, որ շատերն ինձ, իմ անցած մարտական ուղուն ծանոթանալով, կաջակցեն: Բայց մեծ էր հիասթափությունս, երբ ամենուր լսում էի նույն` մի քանի օրից ինձ զանգելու խոստումը: Սպասում էի խոստացված զանգերին, նորից էի գնում, սակայն ոչինչ չէր ստացվում: Մարտական ընկերներիցս իմացա, որ նրանցից շատերն են իմ վիճակում: Այցելեցինք մեր հրամանատարին: Նա մեզ բացատրեց, որ նորմալ աշխատանք գտնելու հույս չփայփայենք, որ մեզ որեւէ մեկը չի աջակցելու, եւ առաջարկեց իր ծանոթներից մեկի շուկայում բեռնակիր աշխատել:



Մտածելուց եւ այլ ելք չգտնելուց հետո հինգ զինակից ընկերներով ստիպված համաձայնեցինք այդ առաջարկին: Երեք տարի ամեն օր վաղ առավոտ գնում էի շուկա, երեկոյան ուշ վերադառնում: Դառնացած ու վիրավորված էի: Մի երեկո անսպասելի զանգահարեց  հրամանատարս:  Զինադադարն ինչպես անակնկալ հայտարարվել էր, այդպես անակնկալ էլ ավարտվել: Նորից պատերազմ էր: Պատերազմի լուրից մեջս կուտակված ողջ վիրավորանքն ու դառնությունը ինչ-որ հրաշքով ցնդեց: Կարծես վերջին մի քանի տարիները չէին եղել:



Մեկ շաբաթից առաջին գծում էի: Այս անգամ թշնամին պատերազմին ավելի պատրաստ էր: Նրանք ամեն գնով ցանկանում էին հետ վերցնել կորցրածը, իսկ մենք վճռական էինք` ոչ միայն չտալ, այլեւ առաջ շարժվել: Ստացվում էր: Դանդաղ, մեծ զոհերի գնով, բայց առաջ էինք շարժվում: Զոհերի համար ափսոսանքի ոչ մի զգացում եւ իմ, եւ իմ ընկերների, եւ մեր հրամանատարի մեջ չկար:



Յուրաքանչյուր կաթիլ արյուն, ցանկացած քանակության զոհ արդարացված էինք համարում: Մարտերից մեկի ժամանակ կատարվեց այն, ինչից ապահովագրված չէ մարտի դաշտում գտնվող եւ ոչ մի զինվոր: Սկզբում ես ոչինչ չզգացի ու չհասկացա: Ինչ-որ բան այրեց ճակատս, ես ձեռքս տարա դեպի այրոցը, ու ամեն ինչ ընկղմվեց խավարի մեջ: Աներեւակայելի խավար, ինչպիսին պատկերացնել անգամ հնարավոր չէ:



Ինչքան տեւեց խավարը, ասել չեմ կարող, բայց ինչ-որ պահից այն սկսեց դանդաղորեն ցրվել, ու խավարի ցրմանը համընթաց գլխումս սկսեցին մտքեր արթնանալ: Դժվարությամբ էի կարողանում մտքերս հավաքել: Որտե՞ղ եմ, ո՞վ եմ, ի՞նչ եմ անում այստեղ՝ չէի հասկանում: Վերջապես շուրջբոլորս լուսավորվեց: Գիտակցությունս արդեն ամբողջությամբ վերականգնվել էր: Ամեն ինչ պարզ էր` մարտադաշտում եմ:



Կրակոցներ չէին լսվում: Երեւի մարտն ավարտվել էր: Ավտոմատս չկար: Սկսեցի փնտրել այն եւ փնտրտուքի մեջ, ով զարմանք, ինձանից քիչ հեռու տեսա ինքս ինձ` թփերի տակ, մեջքի վրա պառկած: Մի անասելի սարսափ պատեց ինձ: Սարսափից աչքերս ամուր փակեցի: Չէի հասկանում ինչ է կատարվում: Խորը շունչ քաշեցի ու նորից հայացքս ուղղեցի թփերին: Ոչ մի փոփոխություն, ինձանից քիչ հեռու ես էի պառկած:



Ակնապիշ ու սարսափած նայում էի  մարմնիս: Ճակատիցս արյուն էր հոսել ու լերդացել էր կանաչ խոտերի վրա: Բաց աչքերս դեպի երկինք էին նայում: «Մահացել եմ». չգիտեմ՝ ե՞ս հասկացա, թե՞ անհայտ մեկը հուշեց: «Վերջ, էլ չեմ սափրվելու»,- անցավ մտքովս: Ամենավաղ շրջանից, հենց սկսեցի սափրվել, այդ պրոցեսն ինձ համար դարձավ ատելի: Բայց ամեն Աստծո լուսաբաց ստիպված եմ եղել սափրվել եւ ամեն սափրվելուց մտածել, թե երբ եմ ազատվելու այդ տառապանքից: Զավեշտալի է, բայց սա էր մահվանս հանգամանքը հասկանալուց հետո իմ մեջ ծագած առաջին հստակ միտքը:



Մարմինս ընկած էր մասուրի ծաղկած թփերի տակ, մայիսյան փարթամ ու հյութեղ խոտերի մեջ, այնպես, որ ոչ մի կողմից չէր երեւում: Դեռ մարտից առաջ էի նկատել թաքնվելու համար հարմար այս տեղը: Այս դիրքից ամեն ինչ երեւում էր, իսկ ինձ ոչ ոք տեսնել չէր կարող: Այդպես էլ կա: Ես տեսնում էի, թե ինչպես են մարտից հետո մարտական ընկերներս ձայնում ու փնտրում ինձ, բայց գտնել չեն կարողանում:



Իմ գերազանց թաքստոցում ինձ միայն հակառակորդի դիպուկահարը մի ակնթարթ տեսնել կարողացավ, ձգանին դրած մատը թեթեւ ու վարժ շարժումով սեղմեց եւ մեկընդմիշտ ինձ մոռացավ: Սկսեց այլ թիրախ փնտրել: Ճիշտ այնպես, ինչպես ես եմ մոռացել այն բոլորին, ովքեր որպես թիրախ հայտնվել են իմ տեսադաշտում: Որեւէ կերպ մերոնց տեղս ցույց տալ չէի կարողանում: Ստիպված սկսեցի լուռ հետեւել դեպքերի ընթացքին: Սկսում էր մթնել: Վիրավորներին արդեն տարել էին: Այժմ բեռնատարով զոհերին տանելու հերթն էր:



Բոլորին հավաքեցին ու գնացին, միայն իմ մարմինը մնաց մարտադաշտում` թփերի տակ ընկած: Անսահման ու աներեւակայելի լռություն էր: Չգիտես որտեղից սկսեցին՝ սկզբում անհասկանալի, իսկ հետո պարզ ու հասկանալի մտքեր արթնանալ մեջս: Կյանքիցս մեծ ու փոքր, մոռացված ու չմոռացված դրվագներ սկսեցի հիշել եւ, որ ամենազարմանալին է` գնահատել: Նախկինում երբեք քննադատաբար չեմ նայել իմ գործողություններին:



Այն, ինչ արել եմ, ճիշտ եմ համարել: Միշտ կարծել եմ, որ եղել եմ այնտեղ, որտեղ պետք է լինեի, եւ արել եմ այն, ինչ պետք է անեի: Բայց հիմա կյանքիս ընթացքում հստակ ու միանշանակ պատասխանված հարցերը, չգիտես ինչու, նոր պատասխաններ էին պահանջում:



…Հայրս,-ինձ պատմել են,- մահից առաջ ջուր է ուզել, եւ նրան գդալով ջուր են տվել: Ջուր տվողը ուրիշն է եղել, ես չեմ եղել: Ես ընդհանրապես այնտեղ չեմ եղել: Ես հորս մահից առաջ ջուր չեմ տվել: Չեմ էլ լսել, թե ինչպես է նա, հազիվ շշնջալով, ջուր ուզել: Չեմ էլ իմացել, որ նա մահացել է: Հորս մահվան օրը որտե՞ղ եմ եղել ես եւ ի՞նչ եմ արել` չգիտեմ: Բայց այդ օրը, եթե հորս կողքին լինեի, կհիշեի ամենայն մանրամասնությամբ, րոպե առ րոպե, թե ինչպես նա հոգոց հանեց, ինչպես ջուր ուզեց, ինչպես ես նրան ջուր տվեցի, ինչպես մահացավ եւ ազատվեց տանջող ցավերից: Բայց այս ամենին ես հաղորդակից չեմ եղել, այս ամենը չեմ տեսել:



- Պատերազմ էր, եւ ես մեկնել էի հայրենիքը պաշտպանելու: Դա անհրաժեշտ ու կարեւոր էր,- չգիտես ինչու, արտաբերեցի բարձրաձայն:



- Չկա ավելի կարեւոր գործ, քան սեփական հորը մահից առաջ գդալով ջուր տալը: Այս դեպքում հայրենիքը մի կաթիլ ջուր անգամ չարժի, - անհայտությունից եկող մի ահարկու ձայն հնչում էր աներեւակայելի հեռուներում իմ մեջ, ինձանից դուրս եւ շուրջբոլորս:



- Պատերազմ էր, սիրում էի իմ ժողովրդին ու ծառայում էի նրան, - արդարացման թույլ փորձ արեցի ես:



- Պատերազմի ժամանակ ամենակարեւոր գործը խաղաղության հաստատմանը ծառայելն է, այլ ոչ պատերազմելը: Հեշտ է մի ամբողջ ժողովուրդ սիրելը: Շատ ավելի դժվար է սիրել մեկ առանձին վերցրած մարդուն,- նորից արձագանքեց ահարկու ձայնը աներեւակայելի հեռուներում, իմ մեջ, ինձանից դուրս եւ շուրջբոլորս:



Սարսափով հասկացա, որ ասելիք չունեմ, հասկացա, որ այն, ինչ համարել եմ ճիշտ, այն, ինչ արժեւորել եմ, այստեղ, որտեղ գտնվում եմ այժմ, բացարձակապես արժեք չունեն եւ կարող են իմ դեմ օգտագործվել: Խեղճ որբին թեկուզ մեկ անգամ տրված մի կտոր սեւ հացը կամ թշնամի վիրավոր զինվորի վերքը կապելն ու նրան կրակի տակից դուրս բերելն այստեղ շատ ավելի մեծ արժեք ունեն, քան հայրենիքը եւ դրա հետ կապված բոլոր զոհաբերությունները միասին վերցրած:



…Հիշեցի, թե ինչպես մենք, առանց վայրկյան իսկ տատանվելու, որպես ամենահետին դավաճանի` գնդակահարեցինք մեր հայրենակցին, ով պատերազմի ամենաթեժ պահին իր տանը, խղճահարությունից դրդված, թշնամու վիրավոր զինվոր էր թաքցրել: Նա վախեցած անընդհատ կրկնում ու կրկնում էր, որ զինվորը վիրավոր է ու այլեւս վտանգ չի ներկայացնում: Բայց մենք գնդակահարեցինք եւ նրան, եւ վիրավորին ու անհոգ հեռացանք:



…Ահա արդեն երեք օր է՝ կանգնած եմ գարնանային ջերմացնող արեւից արդեն քայքայվել սկսող դիակիս մոտ: Այնտեղ` ինձանից աջ, մի հսկա  թունել է հայտնվել, որի վերջում մի աներեւակայելի փայլով լույս է երեւում: Ինձ ոչ ոք չի ասել, բայց ես արդեն գիտեմ, որ մտնելու եմ այդ թունելը, որ անպատկերացնելի արագությամբ սլանալու եմ անվերջանալի թվացող այդ թունելով, որ հասնելու եմ աներեւակայելի այդ լույսին:



Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, ի՞նչ հրաշքով, բայց սկսում եմ հասկանալ, որ այնտեղ պետք է արդարանամ: Ո՞ւմ առաջ, գուցե ինքս ի՞մ: Ես արդեն գիտեմ, որ ստել այնտեղ չեմ կարող, որ երկմտել չեմ կարող, որ չեմ կարող հարցերից ու գնահատականներից խուսափել: Ինչպե՞ս եմ արդարանալու: Ես կյանքում սրիկա ու ստահակ չեմ եղել, բայց եւ չեմ կարողանում հիշել, թե ինչ եմ տվել այլոց եւ ում եմ օգնական ու հենարան եղել:



Ի՞նչ եմ ասելու: Ասելու եմ, որ զինվորագրվել եմ հայրենիքի՞ս: Բայց ի՞նչ է հայրենիքը: Ասելու եմ, որ հանուն այդ հայրենիքի ինձ նման երիտասարդ զինվորնե՞ր եմ սպանել ու հպարտացել եմ իմ այդ կարողությամբ: Ի՞նչ եմ ասելու: Ասելու եմ, որ գյուղե՞ր եմ հրետակոծել: Որ խաթարել եմ հանգիստ քնած մանկան քո՞ւնը:



…Երեկոյան, երբ սկսում էին վառվել լույսերը լուսամուտներում, եւ երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում էին տանը, երբ դպրոցահասակ երեխաները դասերն էին սերտում, երբ փոքրիկներին մայրիկները սկսում էին հեքիաթ պատմել, որ նրանք երջանիկ քուն մտնեն, երբ տարեցները միացնում էին հեռուստացույցը՝ իրենց սիրած սերիալները դիտելու համար, երբ ընտանիքի հայրը, դրսի հոգսերից հոգնած՝ ջերմ, ընտանեկան միջավայրում հանգստի էր պատրաստվում, ահա հենց այդ պահին մենք սկսում էինք հրետակոծել գյուղը:



Զինվորական գործը ուսուցանում է, որ հրետակոծման համար այդ ժամն ամենահարմարն է: Այդ ժամի հրետակոծումը անհաղթահարելի սարսափ է մտցնում թշնամու մեջ: 15-20 րոպե անընդհատ տեւող ռմբահարումից կենդանի մնացած, սարսափից խելակորույս մարդիկ մեկ ակնթարթում մարդուց վերածվում են փախստականի եւ հոծ զանգվածով, մեր թողած միակ նահանջի ճանապարհով շարժվում են դեպի իրենց երկրի խորքը, անհաղթահարելի ու անլուծելի խնդիրներ առաջացնելով հակառակորդի համար:



Իսկ մենք՝ գոհ զինվորական գործում ցուցաբերած մեր հմտությամբ, մտնում էինք նրանց լքված տները, դիրքավորվում էինք նրանց այգիներում ու դաշտերում՝ հաջորդ գյուղը հրետակոծելու եւ անպայման գրավելու մտադրությամբ: …Քայքայվող մարմինս թողած՝ ես սլանում եմ թունելով:



Շուրջս անթափանց խավար է, իսկ թունելի վերջում` այդ աներեւակայելի փայլով փայլող լույսը: Այնպիսի տպավորություն է, թե այդ լույսը միշտ էլ ինձ հետ է եղել, ուղղակի ես չեմ իմացել այդ մասին ու չեմ ճանաչել այն: Այնքան ջերմություն, այնքան գորովանք, այնքան սեր կա այդ լույսի մեջ: Ի՞նչ կասվի ինձ այնտեղ, ես դեռ չգիտեմ: Ի՞նչ կասեմ ես եւ ունենալո՞ւ եմ արդյոք ասելիք, դա էլ չգիտեմ: Կներվե՞մ, կարդարացվե՞մ, ի՞նչ կլինի ինձ հետ` չգիտեմ:  Ես ինքնամոռաց սլանում եմ դեպի այդ լույսը եւ դեռ ոչինչ չգիտեմ…



Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ