Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները սրվում են

Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները սրվում են
Աշխարհի ադրբեջանցիների կոմիտեն պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել Բաքվում Իրանի դեսպանատան շենքի դիմաց: Այս մասին կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Բաքվի քաղաքապետարանին` թույլտվություն ստանալու նպատակով: Աշխարհի ադրբեջանցիների կոմիտեի տարածած հայտարարության համաձայն` ակցիայի նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունների դեմ դժգոհություն արտահայտելն է:



Ադրբեջանցիները հարեւան երկրին մեղադրում են իրենց պետության ներքին հարցերին միջամտելու եւ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու մեջ: Ադրբեջանցիները նաեւ դժգոհում են հակաադրբեջանական տեղեկատվություն տարածող իրանական «Սախար-2» հեռուստաընկերությունից: Հիշեցնենք, որ Ադրբեջանը արտաքին գործերի նախարարությունը փորձեր է անում իրենց երկրի տարածքում դադարեցնել հեռուստաալիքի հեռարձակումը:



Նախարարության մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովն ասել է, որ իրենք տեղյակ են խնդրին եւ ստուգումներ են սկսել համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները բավականին լարված են: Թե′ ադրբեջանական, թե′ իրանական լրատվամիջոցները ակտիվորեն տեղեկատվական պատերազմ են վարում միմյանց դեմ:



Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւան Իրանում բնակվող ադրբեջանցիներին կոչ է արել ընդվզել այդ երկրում տարվող հակաադրբեջանական քաղաքականության դեմ: «Իրանի շատ պաշտոնական անձինք միջամտում են Ադրբեջանի ներքին հարցերին, հակաադրբեջանական հայտարարություններով են հանդես գալիս, ավելի են աջակցում Հայաստանին: Ես դիմում եմ իմ հայրենակիցներին. Ադրբեջանում են ապրում ձեր եղբայրներն ու քույրերը, թույլ մի տվեք Իրանի այս կամ այն պաշտոնական անձանց հակաադրբեջանական գործունեությունը, պայքարեք: Իրանում բնակվող ոչ մի ադրբեջանցի չպետք է համագործակցի հայերի հետ»,- հայտարարել է պատգամավորը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ոչ պաշտոնական տվյալներով Իրանում բնակվում է մոտ 30 միլիոն ադրբեջանցի: