Հիմա մեզ ո՞վ պիտի կլպի` «Ֆլե՞շը», թե՞ ռուսները...

Հիմա մեզ ո՞վ պիտի կլպի` «Ֆլե՞շը», թե՞ ռուսները...
Օրերս իրանական «Fars» գործակալությունը հետաքրքիր մի տեղեկատվություն տարածեց այն մասին, թե հստակեցվել են Իրան-Հայաստան, իսկ ավելի կոնկրետ` Թավրիզ-Երասխ նավթախողովակի կառուցման մանրամասները, եւ որ այն շահագործման կհանձնվի  2014 թվականին:



Ավելին, Իրանի նավթի փոխնախարար եւ նավթի վերամշակման ու իրացման ազգային ընկերության` NIORDC-ի տնօրեն Ալիռեզա Զեյքամին նույն աղբյուրին փոխանցել է, թե հիշյալ խողովակով Իրանն օրական Հայաստան կարտահանի  շուրջ 750 հազար լիտր բենզին, նույնքան էլ դիզվառելիք: Այլ աղբյուրներից էլ տեղեկանում ենք, որ 365 կմ երկարությամբ եւ  20.32 սմ տրամագծով  8 դյույմանոց այս խողովակաշարով Իրանը փորձում է էներգիայի մատակարարման նոր խմբաքանակով ավելացնել իր «էներգետիկ ներկայությունը» Կովկասում, իսկ Հայաստանն իր հերթին լուծում է շատ կարեւոր` վառելքի պահանջարկի այլընտրանքային բավարարման խնդիրը, ինչը նշանակում է, որ գործարքը կարելի է եւ պետք է փոխշահավետ դիտարկվի: Եվ չնայած Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե առայժմ ոչինչ ասել չեն կարող արտահանվող բենզինի եւ դիզվառելիքի գնի մասին, ակնհայտ է, որ սա իսկապես կարեւոր քայլ կարող է լինել մանավանդ Վրաստանի հետ Ռուսաստանի շարունակվող խնդիրների համատեքստում: Չխոսենք արդեն այն մասին, որ իրանցի նախարարն իսկապես ճիշտ է. տարեկան 200 հազար տոննա բենզինի եւ 210 հազար տոննա դիզվառելիքի ներկրումը կարող է ամբողջությամբ հագեցնել մեր շուկան, քանի որ  դրանց տարեկան սպառումը Հայաստանում համապատասխանաբար կազմում է 185-190 հազար եւ 120 հազար տոննա:



Հիմա: Մնում է հասկանալ, թե ինչ միջոցներով է կառուցվելու առնվազն 160-180 մլն ԱՄՆ դոլար արժեցող եւ միջազգային չափանիշներով`  10-30 տարվա «կյանքի ապահովագրմամբ»  այս խողովակաշարը: Եթե վստահելու լինենք մեր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի նախորդ հայտարարություններին` ֆինանսավորման ուղիղ կեսը իրանական կողմն իր վրա է վերցնելու` ուղիղ ներդրման եղանակով, իսկ մյուս կեսի կառուցման համար էլ հայկական կողմին վարկ է տրամադրելու, ինչը վերադարձվելու է խողովակաշարի գործարկումից հետո ստացված շահութաբաժիններից: Առաջին հայացքից սա բավական գայթակղիչ առաջարկ է:



Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռեւս հստակեցված չեն ներկրվելիք բենզինի եւ դիզվառելիքի իրական արժեքն ու շահույթի վերադարձվելիության չափը, եթե նաեւ ուշադրություն դարձնենք մեկ այլ առիթով նույն իրանական կողմի այն հայտարարություններին, թե իրենք հազիվ են կարողանում ապահովել երկրի ներքին պահանջարկը եւ ի վիճակի չեն լինի առայժմ ավելացնել արտահանվող բենզինի եւ դիզվառելիքի քանակները, կարող է պատահել, որ մենք հերթական անգամ մեր կառավարության մեծ բլեֆի հետ գործ ունենանք, ըստ որի` ինչ էլ որ լինի, միեւնույն է, Թավրիզ-Երասխ նախագծի իրականացման արդյունքում մենք եվրոպական գներից առնվազն 15-20%-ով կամ 3-4 անգամ էժան նավթամթերք ենք ներկրելու: Հարց է ծագում` որտեղի՞ց եւ ի՞նչ մեթոդներով է մեր էներգետիկայի նախարարը տիրապետում այս տեղեկատվությանը, ինչն իրանական կողմը չի հաստատում:



Եվ հետո՝ մենք շատ լուրջ կասկածներ ունենք առ այն, որ՝ ճիշտ Իրան-Հայաստան գազամուղի նմանությամբ կամ այս մեկն էլ կտրվի ռուսներին, որոնք վարկի ողջ ծանրությունը «ռազմավարական դաշնակցի» վրա կթողնեն, անշուշտ, հայտնի պատճառներով նաեւ «ՕԳԳ-ն թաղելով հողի տակ»: Կամ` մեկ այլ խեղկատակություն մեջտեղ կգա, ինչն այս պահին հարցի առնչությամբ մեզ հետ զրուցած առանձին մարդիկ առավել հավանական են համարում: Բանն այն է, որ չնայած իրանական կողմը պետությանն է վարկավորելու, այսինքն` կառավարությունն է հոգալու նախագծի ծախսերը, սակայն խողովակաշարով ներկրված նավթամթերքի մեծածախ իրացումը կատարելու են... մրցույթի միջոցով ընտրված մասնավոր ընկերությունները: Հիմա որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդ մրցույթում հատկապես շուկայում գերիշխող դիրք գրավող եւ սերժսարգսյանական օլիգարխ Ֆլեշի Բարսեղը չի հաղթելու: Կասկածողներ չկան նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ պարզվի, որ Ֆլեշի անունն առհասարակ չկա մեջտեղում. ի՞նչ մի դժվար բան է մեկ-երկու օրում նոր եւ բոլորովին այլ անվամբ ընկերություն հիմնելը:



Ծիծաղելին, սակայն, այն է, որ մեզ հետ զրուցած փորձագետները նախընտրում են նույնիսկ Ֆլեշի, բայց ոչ երբեք ռուսական տարբերակը: Ինչո՞ւ. որովհետեւ հենց նրա՛նց պատճառով է, որ Իրան-Հայաստան գազամուղը «թաղվեց խոր փոսում»` վերացնելով ոչ միայն գազի ներքին պահանջարկի այլընտրանքային ապահովման, այլեւ գոնե որոշ չափով տարանցիկ երկիր դառնալու մեր միակ հնարավորությունը:



Արդյունքում` այսօր Վրաստանի տարածքով ձգվող «Հյուսիս-հարավ» գազամուղի վրացական հատվածի բաժնետոմսերը վրացիները վաճառում են Լոնդոնի ֆոնդային բորսայում, որտեղ, շատ հնարավոր է, հենց ադրբեջանցիները  դրանք գնեն, իսկ մեր նախագահը, վարչապետն ու նախարարն այնքա՜ն հանգիստ են, այնպե՜ս անխռով, ասես Հայաստանի տարածքում նավթի ու գազի անսպառ պաշարներ են հայտնաբերել: Տպավորություն է ստեղծվում, որ եթե ոչ հանցագործ, գոնե անմեղսունակների հետ գործ ունես...



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ