Մուրաբա՞ն միայն Մոսկվայի համար

Մուրաբա՞ն միայն  Մոսկվայի համար
Օրերս հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում  կայացած «Պրոդէքսպո 2011» միջազգային ցուցահանդեսում հայաստանյան  «Աշտարակ կաթ» ընկերությունը միանգամից 2 ապրանքային կատեգորիաների համար դարձել է  «Լավագույն արտադրանք 2011»-ի դափնեկիր՝ երկու անվանակարգերում, եւ պարգեւատրվել ոսկե մեդալով:



«Պրոդէքսպո»-ում ոսկե մրցանակի են արժանացել «Աշտարակ կաթի» «Լոռի» պանիրը եւ «Легенды Армении» ապրանքանիշի ջեմերն ու մուրաբաները: Այն, որ «Աշտարակ կաթ»-ի «Լոռի» պանիրները բավականին հայտնի են հայաստանյան սպառողներին եւ, ինչպես երեւում է՝ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, թերեւս դժվար չէր պատկերացնել: Բայց զարմանալի է, որ նույնիսկ Հայաստանի սպառողների համար է անհայտ, որ «Աշտարակ կաթ»-ում արտադրվում են նաեւ մեդալակիր ջեմեր ու մուրաբաներ. գոնե հայաստանյան վաճառակետերում, նույնիսկ հայտնի սուպերմարկետներում այդ արտադրատեսակները դժվար է հանդիպել: Ինչպես մեզ պարզաբանեց «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը` իրենց ընկերության կողմից արտադրվող ջեմերն ու մուրաբաները գրեթե ամբողջությամբ արտահանվում են հիմնականում ռուսաստանյան շուկա` ճնշող մեծամասնությամբ վաճառվում են Մոսկվայում: Միեւնույն ժամանակ ընկերության տնօրենը նաեւ հայտնեց, որ իրենց արտադրած մուրաբաները եւ ջեմերն օգտագործվում են նաեւ հայաստանյան շուկայում  սպառվող «Աշտարակ կաթ»-ի յոգուրտներում եւ պաղպաղակներում: Մի խոսքով՝ տարօրինակ իրավիճակ է: Որակյալ մուրաբաներն ու ջեմերը, ինչպես միշտ, միայն ռուսներին, իսկ հայաստանցիներին մնում է այդ ամենը համտեսել միայն յոգուրտի մեջ: