Անցում պլանայինին

Անցում պլանայինին
Այ քեզ բան, սովետական պլանային տնտեսության վերադարձն արդեն միանգամայն շոշափելի է դառնում եւ ամենակարեւորը՝ իրականացվում է ազատ շուկայի կողմնակիցների՝ լիբերալների ձեռքերով: Երեկ կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել՝ գնաճը զսպել ոստիկանական մեթոդներով: Մինչ այժմ պարբերաբար լուրեր էինք ստանում, որ գների բարձրացումը եւ ըստ այդմ՝ սոցիալական բողոքը կանխելու համար պարբերաբար նախագահական են հրավիրվում ինչ-որ օլիգարխներ, որոնց հանձնարարում են գները չբարձրացնել: Ոմանք ուրախանում էին, թե՝ լավ է, այդ եղանակով չափավորում են այդ ագահների ախորժակը: Բայց տնտեսագետներն ու ազատ տնտեսական հարաբերությունների ջատագովները սարսափում էին այդ քայլերից: Հիմա, փաստորեն, կառավարությունը որոշել է դեն նետել կեղծ-եվրոպացու դիմակն ու վերադառնալ տոտալիտար պլանավորման համակարգին: Երեկ կառավարության նիստում հրապարակվել է ապրանքների ցանկ, որի մեջ են մտնում տավարի միսը, հավը, ձուկը, կաթը, կարագը, պանիրը, ձուն, կարտոֆիլը, սոխը, գազարը, թեյը, հացը, ցորենը, ալյուրը, շաքարը, մարգարինը, աղը, բրինձը, հնդկաձավարը եւ արեւածաղկի ձեթը, որոնց գները պետք է սահմանափակվեն: Թե ինչու հենց այս ապրանքները, ոչ ոք չի կարող բացատրել: Այնպես, ինչպես չեն կարող բացատրել, թե ինչու են այս քայլին դիմում՝ փոխանակ մենաշնորհները վերացնեն եւ ներկրումն ու արտադրությունը խթանեն: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս քայլերը մատնում են մեր տնտեսության ողբալի վիճակի մասին, ինչը համառորեն թաքցնում են՝ ձեւ անելով, թե ամեն ինչ լավ է: Հենց միայն վարչապետի՝ օրեր առաջ եթեր հեռարձակված շռնդալից ասուլիսը իրական պատկերը կոծկելու նպատակով էր արվել: Մինչդեռ իրական քայլերը խոսում են բոլորովին այլ պատկերի մասին: