Հենց լուծվի մեր շենքի հարցը, իմ միասիան ավարտված եմ համարելու

Հենց լուծվի մեր շենքի հարցը, իմ միասիան ավարտված եմ համարելու
Մնջախաղի թատրոնը մարտի 3-ից սկսեց նոր խաղաշրջան,  բայց դարձյալ առանց նոր շենքի: Շուրջ ութ տարի է՝  թատրոնը  չունի սեփական շենք: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում պատմեց իրենց անցած ճանապարհը:



«2003-ից դուրս եկանք նախկին թատերական ինստիտուտի ուսումնական բեմից, այն այժմ գեղարվեստի ակադեմիայի շենքն է: Մինչեւ 2005-ը դեգերել ենք տարբեր բեմերում՝ տիկնիկային թատրոն, պարարվեստի ուսումնարան, այնուհետեւ տեղավորվեցինք Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ եւ առայսօր աշխատում ենք: Ութ տարվա ընթացքում թատրոնի աշխատանքները չեն  դադարել: Միայն 2004-ին ավելի քիչ ներկայացումներ էինք տալիս, որովհետեւ տեղ չունեինք խաղալու: 2005-ից ամեն տարի ունեցել ենք նոր ներկայացում: Սա ապացուցում է, որ թատրոնը քարերը չեն, այլ՝ հոգին, կոլեկտիվը: Մեզ շենք է պետք՝ ավելի շատ ժանրը զարգացնելու համար»,- ասում է տնօրենը:



Տարիներ շարունակ թատրոնն ունեցել է տարբեր շենքեր տեղափոխվելու առաջարկներ, սակայն միշտ ինչ-որ բան խանգարել է գործն ավարտին հասցնելուն: «2005-ին մեզ առաջարկեցին «Փոսի թատրոնի» շենքը: Դա այն ժամանակն էր, երբ թատրոնն ուներ կայուն խաղացանկ, եթե մեզնով փակվեր այն, կդառնայինք թատերական աշխարհի աչքի փուշը: Անցյալ տարի եղավ մի պահ, երբ թվում էր, թե հարցի լուծումն օրերի խնդիր էր. Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկությամբ մեզ շենք պիտի տային Հյուսիսային պողոտայում, բայց ներդրումներն ինչ-որ պատճառներով դադարեցվեցին, եւ գործը կանգնեց: Այժմ ավելի ռեալ հնարավորություն է  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նկարչական ցեխի տարածքը, որը հիմա օգտագործման ենթակա չէ: Այժմ կրթության նախարարությունը Պատանի հանդիսատեսի թատրոնում փորձասենյակ եւ բեմ վարձակալելու համար, բացի տարեկան 28 մլն դրամ պետական հատկացումից, հավելյալ գումար է հատկացնում մնջախաղի թատրոնին:



Սա այն թատրոնը չէ, որ գլուխ պրծացնելու հարց լինի: Իմ ակնկալած քառակուսի մետրերի կրկնակին կարող էինք ունենալ, օրինակ, Չարբախում, բայց հայկական ազգային թատրոնի հազվագյուտ այս տեսակը պետք է կենտրոնում լինի: Հենց լուծվի մեր շենքի հարցը, իմ միսիան ավարտված եմ համարելու ու դուրս գամ աշխատանքից»,- կատակում է նա:



Թատրոնում աշխատում է տասներկու դերասան, կից գործում է նաեւ ստուդիա, իսկ վարչական աշխատակիցներն իրենց գործն անում են տներում: Չնայած շենքային դժվար պայմաններին՝  թատրոնն այս տարվա աշնանը նույնպես նախատեսում է ունենալ նոր ներկայացում՝  «Պիեռոյի երազը», որի բեմադրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:



Նարե ՍԱՀԱԿՅԱՆ