Ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց պայմանավորվածության հանգամանքը

Ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց պայմանավորվածության հանգամանքը
Մարտի 17-ի հանրահավաքից հետո նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը մի փոքր զարմացած էր, որ ընդդիմությանը հաջողվեց առանց բախումների մտնել Ազատության հրապարակ:



«Արդյո՞ք ՀԱԿ ղեկավարության եւ իշխանության միջեւ նախապես պայմանավորվածության պատճառով թույլ տվեցին անարգել մտնել հրապարակ» հարցին ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց, թե ինքը ներգրավված չէ ՀԱԿ-ի՝ որոշում կայացնողների շարքերում, հանրահավաքներին մասնակցում է որպես շարքային ընդդիմադիր, հետեւաբար՝ չի կարող հաստատել կամ հերքել պայմանավորվածության փաստը: Արզումանյանը «դավադրությունների տեսությունից» աշխատում է զերծ մնալ, սակայն կարծում է, որ կարող էր իշխանություն-ընդդիմություն պայմանավորվածության տպավորություն ստեղծվել: «Մեր ոստիկանությունը, որ իրենց մշտապես լկտի են պահել՝ հայտնի է իր լկտի հրամանատարներով, որոնք կանանց են հայհոյում, ապտակում, թքում վրաները՝ նույնիսկ չամաչելով իրենց գեներալի համազգեստից, այդ նույն ոստիկանները շատ սիրալիր էին երեկ»,-պարզաբանեց Արզումանյանը՝ նկատելով. «Այո, տարօրինակ է, բայց նաեւ՝ ողջունելի...»:



Տոնայնության փոփոխություն էլ է նկատվում՝ ըստ Արզումանյանի. «Առավոտյան սուրճ խմելիս լսում էի «Ազատություն» ռադիոկայան, եւ վերջում, որ ներկայացրեցին, նոր իմացա, որ Գալուստ Սահակյանն էր. ինձ թվաց ՀԱԿ-ից էր խոսողը» (հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն ընդդիմության ակտիվությունը դրական էր գնահատել՝ մեկնաբանելով նախօրեի հանրահավաքը): «Հանրահավաքի մասնակից հոծ բազմության ակնկալիքներն այլ էին, տրամադրվածությունն էլ՝ վճռական, Տեր-Պետրոսյանը, նրանց տուն ուղարկելով, հուսախաբ չարե՞ց արդյոք ժողովրդին» հարցին նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Կարելի է ժողովրդի մեկ հատվածին մի քանի անգամ խաբել, բայց ողջ ժողովրդին մշտապես խաբել՝ անհնար է: Չի ծնվել նման մարդ որեւէ երկրում, եւ համարում եմ, որ Հայաստանում էլ չի ծնվել»:



Արզումանյանի խոսքով՝ ընդդիմության գործելաոճը «նոր ֆորմատ է»: «Ինչպես ասում են առաջնորդները, սա արդեն քաղաքացիական ֆորում է, ժամանակ տանք, որ ձեւավորվի»,-նշեց նա: «Ամբոխները՝ հասարակությունը, բնական է՝ պետք է ցանկանա, որ օր առաջ փոփոխություն լինի: Էդ մարդիկ տառապում են, էդ մարդկանց կյանքը կյանք չի, համատարած է դժգոհությունը: Այսինքն պարզ է, որ մարդիկ ուզում են գնալ-ջարդել-վերցնել, բայց ընդդիմության ղեկավարությունն էլ պետք է խոհեմ լինի, որ հասկանա՝ դա առաջ կտանի՞ Հայաստանը, թե՞ ոչ»,-ասաց Արզումանյանը՝ երկմտելով. «Գուցեեւ այդպե՞ս է պետք... Նորից եմ ասում՝ ես շարքային մասնակիցներից եմ, որ պահի տակ...»:



ՀԱԿ ներկայացուցիչն այդուամենայնիվ կարծում է, որ Ազատության հրապարակ մտնելը մեծ հաշվով արդարացրեց ընդդիմադիր դաշտի սպասելիքները, որոնք, ըստ նրա, բավական շատ էին: Մինչդեռ Արզումանյանը չցանկացավ մեկնաբանել՝ ճի՞շտ էր արդյոք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը, որ չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին: Լրագրողների համառ հարցադրումների շնորհիվ միայն ասաց,  որ գուցե առաջին նախագահն այդպես է նպատակահարմար գտել, խորհուրդ տվեց հարցի պատասխանն ստանալ անձամբ հասցեատիրոջից: Ինքը՝ Արզումանյանը, ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի արտահայտման «խիզախ ձեւը» եւ այցելել է նրան: